Արցախում անօթևան մնացած անձանց համար նախատեսվում է կառուցել 6500 բնակարան ու բնակելի տուն

Հոկտեմբերի 12-ին Արցախի Ազգային ժողովում քննարկել են «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Քննարկմանը ներկա են ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը և պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:

Նախագիծը ներկայացրել է բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Նա տեղեկացրել է, որ շահառուների հաշվառման համար լիազոր մարմինը ունենալու է կայքէջ, դիմում-հարցաթերթիկները նաև էլեկտրոնային եղանակով են ընդունվելու: Դիմումների առաջնահերթությունը որոշելիս որպես հիմք ընդունվելու է կարիքը, ոչ թե դիմումը ներկայացնելու ժամկետը:

Նախատեսվում է կառուցել ու ձեռք բերել 6500 բնակարան ու բնակելի տուն:

Առաջնային շուկայում բնակարանի քառակուսի մետրի գինը չպետք է գերազանցի 360 հազար դրամը, երկրորդային շուկայում՝ Ստեփանակերտում 240 հազարը /ընդ որում ՝չպետք է գերազանցի 26 մլն դրամը/,բնակելի տների պարագայում՝ 200 հազարը /չպետք է գերազանցի 36մլն դրամը/, շրջկենտրոններում բազմաբնակարանները՝ 120 հազարը, բնակելին՝ 100 հազարը:

Շրջկենտրոններում բնակելի տների գինը չպետք է գերազանցի 15 մլն դրամը, գյուղական բնակավայրերում՝ 10 մլն դրամը: Նորոգման և գնման գինը պետք է ցածր լինի նորակառույցի ինքնարժեքից:

Բնակարանները տրամադրվելու են 10 տարի շահագործման պայմանով, մեկ շնչին հատկացվելու է 16 քառ/մ – 22 քառ./մ: Պետությունը մինչև 2 մլն դրամի սահմաններում կահավորելու ու կենցաղային տեխնիկայով ապահովելու է բնակարանները:

Բնակարանների անհատույց տրամադրման պայմանագիրը լուծարվելու է, եթե շահառուն 3 ամիս անընդմեջ չբնակվի բնակարանում:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թ. հուլիսը:

Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողին: Անհրաժեշտ պարզաբանումներով հանդես են եկել նաև պետնախարար Արտակ Բեգլարյանն ու պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:

Հոկտեմբերի 6-ից որոշման նախագիծը խորհրդարանում է: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հիշեցրել է, որ մինչև վաղը խորհրդանանականները առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն:

12 Հոկտեմբեր, 2021 20:46
Վեր