Ցանկացած ծրագիր, որն իր գաղափարախոսությամբ կհատվի կրթության հետ, միանշանակ ողջունելի է․ Արամ Փոլադյանը՝ Հայաստանում ադրբեջաներենի առաջին մասնագիտացված կենտրոնի մասին

Մեկ ամիս է, ինչ Հայաստանում գործում է ադրբեջաներենի ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնը (ALC)։ Zarkerak.am-ը հետաքրքվեց, թե ինչպես է ընթանում կրթական պրոցեսն այս հաստատությունում։

«Կենտրոնը հիմնելու միտքը վաղուց կար, սակայն աշխատանքները սկսվեցին մարտ-ապրիլ ամիսներին։ Ես և համահիմնադիր Աշոտ Մովսիսյանը մարտ ամսից սկսած արել ենք ամեն բան, որպեսզի կենտրոնի բացման աշխատանքները արագանան, քանի որ   գիտակցում էինք դրա կարևորությունը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  կազմակերպության հիմնադիր տնօրեն Արամ Փոլադյանը։

Հիմնադրի խոսքով՝ կենտրոնի հիմնական նպատակը մեր պետության մեջ ադրբեջաներեն լեզվի ուսուցման բացը լրացնելն է։   

«Ադրբեջաներենի մասնագիտացված առաջին կենտրոնը,վստահ եմ, միանշանակ կդառնա անվտանգային ոլորտի զարգացման գրավականներից մեկը։ Պետք է ասեմ նաև, որ հիմա ադրբեջաներենի մասնագետների կարիք   մեր պետությունում իրապես շատ կա», - նկատեց Փոլադյանը։

Փոլադյանի տեղեկացմամբ՝ կենտրոնում դասերը սկսվել են սեպտեմբեր կեսին։ 7 ամիս անց առաջին փուլը կավարտվի։  

«Դասերի երկրորդ խմբաքանակը սկսվել է մոտավորապես 10 օր առաջ։ Այս պահին ունենք գործող մի քանի խումբ», - հավելեց նա։

Նա շեշտեց այն հանգամանքը, որ հասարակության գիտակից  հատվածը շատ լավ ընդունեց այս լուրը՝ «Քանի որ կա մի հստակ ճշմարտություն, դա թշնամուն ճանաչելն ու թշնամու լեզվին տիրապետելն է, ինչն էլ թերևս, հաղթանակի կարևոր պայմաններից  մեկն է »։

Դասընթացներին մասնակցում են տարբեր մասնագիտությունների, տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ սկսած 13 տարեկանից մինչև 40 տարեկան և ավելի։ Տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն երեխաներին՝ դասերին  կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր անձինք։  

«Առաջին հերթին սա կրթական կենտրոն է, և ես կարող եմ ամենայն վստահությամբ ասել, որ այս իրողության պայմաններում առաջնահերթ պիտի զբաղվենք կրթությամբ, և ցանկացած ծրագիր, որն իր գաղափարախոսությամբ կհատվի կրթության հետ, ինձ համար միանշանակ ողջունելի է։ Պիտի յուրաքանչյուրս գիտակցենք, որ ունենք շատ մեծ պատասխանատվություն մեր երկրի զարգացումն ու առաջընթացը ապահովելու գործում։ Սա պետք է հստակ գիտակցի Հայաստանում   և դրսում ապրող յուրաքանչյուր հայ»- հավելեց Արամ Փոլադյանը։

 

Վարսիկ Սիմոնյան

13 Հոկտեմբեր, 2021 14:50
Վեր