Գաղտնիությունը հանդիպման մանրամասների վերաբերյալ դեռ բավական երկար ժամանակ կպահպանվի. Արմեն Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Վստահ եմ, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը շատ կարևոր խոսակցություն է եղել և կարևոր, լուրջ, համապարփակ հարցեր են քննարկվել, բայց քանի որ խնդիրը ամենայն հավանականությամբ առնչվում է հայ-ադրբեջանական այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագրին և կոնկրետ դրա իրականացմանն ուղղված հարցերին՝ դրա համար էլ գաղտնիությունը հանդիպման մանրամասների վերաբերյալ դեռ բավական երկար ժամանակ կպահպանվի:

Այս մասին, Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ընդգծելով որ հանդիպման մանրամասների մասին տեղեկատվությունը բավականին քիչ էր, դրա համար էլ դրա մասին խոսելիս, թերևս, պիտի օդից եզրակացություններ արվեն: «Նիկոլ Փաշինյանն իր ելույթի բաց հատվածում խոսում էր պայմանավորվածությունների մասին, սակայն անհասկանալի էր, թե կոնկրետ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Բացի այդ՝ պետք է հաշվի առնենք, թե ինչ մթնոլորտում է տեղի ունենում այդ հանդիպումը: Այսինքն, բառացիորեն նախօրեին ԱՄՆ նախագահի անունից հայտարարվեց, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, զուգահեռաբար, Մոսկվա այցից ժամեր առաջ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի վարչապետին, իսկ մենք գիտենք, որ Վրաստանը փորձում է  ձևավորել զուգահեռ հարթակ և իր միջնորդական առաքելությունն է առաջարկում: Ես ենթադրում եմ, որ դա իր նախաձեռնությունը չէ, այլ ավելի շատ Եվրամիության, քանի որ հենց Եվրամիությունն է փորձում Վրաստանի միջոցով ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Միաժամանակ, Հայաստան այցելեց Հնդկաստանի արտգործնախարարը: Այսինքն, շատ լայն և լուրջ հարցեր են դրված խաղասեղանին»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ամենի համատեքստում, ակնկալիքն այն է, որ եթե հայկական կողմը իրատես լինի, ապա այս պահին կարող է հասնել նրան, որ գոնե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված կետերը կատարվեն: «Խոսքը բոլոր ռազմագերիների վերադարձի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի Հայաստանի տարածքից դուրսբերման մասին է: Դրանից հետո արդեն կարելի է  քննարկել նաև այլ հարցեր, մասնավորապես ճանապարհների բացումը, նկատի ունեմ, հաղորդակցության ուղիների, ոչ թե միջանցքի: Դրանց տարբերությունը պետք է հստակ հասկանալ: Այսինքն, կոնկրետ ակնկալիքն այն է, որ Ռուսաստանը որպես եռակողմ համաձայնության կողմ և երաշխավոր՝ այդ հարցերի կատարումն ապահովի. վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ հարցը բարձրացրած կլինի»:  

Հիշեցնենք, որ նախօրեին Կրեմլում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Սա այս տարի երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումն էր:

 

 

 

 

13 Հոկտեմբեր, 2021 15:51
Վեր