Մեկօրյա ռեժիմով ազատվող մահճակալները արագությամբ զբաղեցվում են, մեր բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի ռեսուրսը սահմանափակ է. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսով հիվանդների համար արդեն 2600 մահճակալ է ծավալված : Պետք է հասկանանք, որ խոսքը միայն մահճակալների մասին չէ, այլ  բուժանձնակազմի․ մեր բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի ռեսուրսը սահմանափակ է և պետք է ամեն ինչ անենք, որ այս հիվանդացության ալիքը հնարավորիս մեղմենք: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով հոսպիտալացման իրենց հերթին սպասող 300 մարդկանց սպասարկման հնրավորություններին:

Հարցին, թե որքան են ավելացնելու մահճակալային ֆոնդը՝ նա պատասխանեց, որ այս պահին այդ հարցին չի կարող պատասխանել։ «Դեռ պետք է տեսնենք, թե որ հիվանդանոցներում, որ բաժանմունքներն ենք կարողանում ազատել ընթացիկ այլ հիվանդությունների սպասարկումից և ուղղել դրանք քովիդով հիվանդների սպասարկմանը: Մենք մեկօրյա ռեժիմով փորձում ենք ազատվող մահճակալները արագությամբ զբաղեցնել քաղաքացիների կողմից: Սա նշանակում է, որ, այո, մենք պետք է շատ աչալուրջ լինենք, դրա համար պետք է դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանենք: Որքան ոչինչ չարժեցող, փոքր գործողություն է, որը կարող է ձեր կողքը կանգնած մեկի կյանքը փրկել: Երկրորդն, իհարկե պատվաստումներն են, դա  այն կարևոր կանխարգելիչ միջոցառումն է, որը պետք է մեզ ի վերջո այս համավարակից դուրս հանի»:

Անդրադառնալով կովիդով հիվանդացած անձանց կողմից 90 օր ՊՇՌ թեստ հանձնելուց ազատվելուն՝ նա նշեց, որ որոշումները հրապարակվում  է այն ժամանակ, երբ ամփոփվում է փորձագիտական կարծիքը: «Դրա հիման վրա փոփոխություն է արվում տվյալ իրավական ակտերում: Երբ մարդը կորոնավիրուսային վարակով հիվանդացել է, անգամ այդ դեպքում պատվաստվելը ցանկալի է, բայց դա պարտադիր բնույթ չի կրի»:

Հարցին, թե ինչպես են լուծելու հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածության խնդիրը՝ նա նշեց, որ այս հարցի  շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում: Ընթացիկ կատարվող աշխատանքները գնահատվում են և փորձում են ավելի էֆեկտիվ և արդյունավետ պայքարել կանոնների չպահպանման դեմ»:   

13 Հոկտեմբեր, 2021 17:37
Վեր