Վաղաժամկետ դադարեցվել են Արա Թարվերդյանի լիազորությունները

Վաղաժամկետ դադարեցվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքյան էջից:

«Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հոկտեմբերի 14-ից վաղաժամկետ դադարեցվել են Ա․ Թարվերդյանի լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն աշխատանքային գործընկերների հետ հրաժեշտի հանդիպում է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով գործակցության արդյունավետ չորս տարիների համար։

«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանն ինձ ներկայացրեց կոլեկտիվին։ Այսօր էլ հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով»,- ասել է նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ հայտնել է, որ Թարվերդյանին ճանաչում է 2017 թվականից, երբ Հայաստանի Զբոսաշրջության հիմնադրամի տնօրենն էր:

«Մենք շատ սերտ համագործակցում էինք։ Թարվերդյանին ճանաչել եմ որպես իր գործի հանդեպ պատասխանատու, պրոֆեսիոնալ կառավարիչի։ Պատկերացնելով այս կառույցի ռազմավարական նշանակությունը՝ պատկերացնում եմ նաև, թե անցած տարիների ընթացքում ինչ մտավոր ներուժ է դրվել՝ այս գործն առաջ տանելու համար։ Վստահ եմ, որ Թարվերդյանի կենսագրությունը չի սկսվել այս պաշտոնավարմամբ և չի ավարտվում պաշտոնավարման դադարեցմամբ։ Ուզում եմ ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն հայտնել այս տարիների աշխատանքի համար, որովհետև գրանցվել են լուրջ ձեռքբերումներ, արդյունքներ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- իր խոսքում մասնավորապես ասել է Խզմալյանը:

Թարվերդյանը ևս շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին, ում հետ աշխատել է իր պաշտոնավարման ընթացքում։ Կազմակերպության ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ արգելոց-թանգարանների, մարզային ծառայությունների և վարչական շենքի գործընկերներին, որոնք, իր բնորոշմամբ, իրենց գործի նվիրյալներն են։

«Կազմակերպության գործունեությունն անխափան է եղել 44 օրյա պատերազմի, համավարակի ընթացքում։ Վստահ եմ, որ այդպես կլինի նաև ցանկացած իրավիճակում»,- խոսքը եզրափակել է Արա Թարվերդյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած հարսանիքի շուրջ ստեղծված աղմուկի եւ տարատեսակ քննադատությունների ֆոնին ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով՝ պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ:

Դրանից հետո Թարվերդյանը տեսաուղերձի միջոցով պարզաբանել էր կատարվածն ու «Գառնի» տաճարում կազմակերպված հարսանիքի որոշ դետալներ: Նա նաեւ նշել էր, որ, օգտվելով առիթից, ուզում է հայտարարել իր ազատման մասին:

«2021 թվականի հուլիսի 14-ին ես իմ ազատման դիմումն եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին: Ինձ համար անհասկանալի պատճառներով տեւական ժամանակ դիմումս ընթացք չի ստացել, որից հետո սկսվել է համապատասխան գույքագրման ընթացակարգ: Իմ մոտավոր հաշվարկներով՝ կա՛մ սեպտեմբերի վերջ, կա՛մ հոկտեմբերի սկիզբ տեղի կունենա իմ ազատումը: Լրատվամիջոցներին եւ սոցցանցերի բոլոր ակտիվ օգտատերերին խնդրում եմ երբեւէ չփորձել իմ ազատումը կապել Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ»,- ասել էր նա:

13 Հոկտեմբեր, 2021 18:08
Վեր