Պուտինը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցել են ավելի վաղ Մոսկվայում կայացած նիստին, հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:

ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների՝ հետախուզական գործունեության հարցերով խորհրդակցության նիստին մասնակցել են պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:

“Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության հրատապ հարցերը՝ մեր պետությունների վրա հավաքական Արևուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի սերմանելու փորձերի համատեքստում»,- ասված է մամուլի տեղեկագրում:

Հատուկ գերատեսչությունների ղեկավարները եկել են միասնական եզրակացության, որ նշված գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, համակարգված և նպատակաուղղված բնույթ են կրում: Այդ կապակցությամբ պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համար համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին, նշվում է հաղորդագրության մեջ:

Նիստի արդյունքներով ընդունված հուշագրում ամրագրված է գործընկեր հատուկ ծառայությունների մտադրությունը՝ ընդլայնել համագործակցության ձևերն ու ուղղությունները, ինչպես նաև ամրապնդել փոխգործակցությունը ԱՊՀ-ի պետությունների անվտանգության ապահովման աշխատանքում, նշվում է մամուլի տեղեկագրում:

13 Հոկտեմբեր, 2021 23:48
Վեր