2024թ-ի նորաձևությունը կանացիությունն ընդգծելու մասին է․ Դիանա Շատվերյանը՝ հաջորդ տարվա առաջնորդող  գունային նոտաների և  մոռացված հինը նորից զգեստապահարան վերադարձնելու մասին Zarkerak - 2024թ-ի նորաձևությունը կանացիությունն ընդգծելու մասին է․ Դիանա Շատվերյանը՝ հաջորդ տարվա առաջնորդող գունային նոտաների և մոռացված հինը նորից զգեստապահարան վերադարձնելու մասին
Zarkerak Zarkerak - 2024թ-ի նորաձևությունը կանացիությունն ընդգծելու մասին է․ Դիանա Շատվերյանը՝ հաջորդ տարվա առաջնորդող գունային նոտաների և մոռացված հինը նորից զգեստապահարան վերադարձնելու մասին
2024թ-ի նորաձևությունը կանացիությունն ընդգծելու մասին է․ Դիանա Շատվերյանը՝ հաջորդ տարվա առաջնորդող  գունային նոտաների և  մոռացված հինը նորից զգեստապահարան վերադարձնելու մասին

2024թ-ի նորաձևությունը կանացիությունն ընդգծելու մասին է․ Դիանա Շատվերյանը՝ հաջորդ տարվա առաջնորդող գունային նոտաների և մոռացված հինը նորից զգեստապահարան վերադարձնելու մասին

Դեղձի փափուկ երանգ․ աշխարհահռչակ Pantone գունային ինստիտուտը 2024-ի համար հենց սա է սահմանել որպես տարվա գույն․ ինստիտուտում վստահ են՝ վարդագույնի և նարնջագույնի ճիշտ մեջտեղում գտնվող այս թավշյա գույնը հանգստության մթնոլորտ է ապահովելու մի ամբողջ տարի։

Zarkerak.am-ը 2024-ի նորաձևության միտումների,  2023-ից 2024 տեղափոխվող թրենդների, նորաձևության «կարելիների» ու «չի կարելիների» մասին ոճաբան, դիզայներ Դիանա Շատվերյանի հետ զրույցը հենց այս կետից էլ սկսում է ՝ 2024-ի տարվա հիմնական գույնից և դրան ուղեկցող գույներից։

Դիանա Շատվերյան

«Ես շատ եմ հավանել գույնը։ Նախ ես սիրում եմ պաստելային երանգներ ու հետո չեմ սիրում պարզ գույներ։ Այս տարվա գույնը՝ դեղձի և ավազի գույնի խառնուրդն է, որն ի դեպ շատ հեշտ համադրելի գույն է։ Ընդհանուր կերպարում և՛ որպես բազա կարող է օգտագործվել, և՛ կերպարը լրացնող առանձին  թանկ նայվող դետալ»,- ասում է Դիանա Շատվերյանը։

Ոճաբանը նշում է, որ կանաչ փայտե վիշապի տարում նորաձևությունը թելադրում է մի շարք այլ գույներ ևս․ «Երանգները շատ են, օրինակ՝ ակտուալ են լինելու նարնջագույնի, կապույտի, մոխրագույնի երանգները։ Ընդ որում, պաստելային երանգներն հաջորդ տարում  գերակշռելու են։  Ի դեպ, շատ վառ գույները 2024-ին այնքան էլ ակտուալ չեն լինի․ օրինակ, եթե նախորդ  տարիներին՝ հատկապես ամռանն ունենում էինք  վառ, համարձակ  գույներ, այս տարի՝ գուցե ավելի  ընդունված լինեն խամրած երանգները, բայց սա չի նշանակում, որ վառ գույները լիովին «զիջելու են» իրենց դիրքերը»։  

Մեր զրուցակիցը հուշում է, որ Ամանորը դիմավորելիս խորհուրդ է տրվում կրել կանաչ գույնի հագուստ, ընդ որում այս գույնի տարբեր երանգները․ «Շատ  հետաքրքիր և նորաոճ են նայվում քարերով, փայլուն կտորներով, փայլուն թեփուկներով կանաչ զգեստները, դրանք շատ վառ են և համարձակ։ Ամբողջ տարվա ընթացքում էլ խորհուրդ է տրվում չհրաժարվել կանաչից և հատկապես հետաքրքիր կերպարներ ստանալու համար նախընտրել կանաչի խամրած երանգը՝ դեպի պաստելային նոտաներ։ Ընտրությունը լայն է և թողնված է յուրաքանչյուրի ճաշակին»։

Ի՞նչ ունենալ զգեստապահարանում 2024-ին․ ի՞նչը պահել, ինչի՞ց հրաժարվել

«Հաջորդ տարվա հիմնական միտումներն, իհարկե, արդեն նկատելի են։ Բայց շտապեմ ասել, որ խելահեղ բեկումներ նորաձևության մեջ հազիվ տեսնենք։ Այն բեկումները, որոնք  պետք է մտցվեին, արդեն մտցվել են»,- ասում է Դիանա Շատվերյանը։

«2024-ը կարող ենք համարել տարի, որը փորձում է հետ բերել կանացիությունը և այն կրկին դարձնել ակտուալ։ Այս տարի շատ նորաձև են նայվելու գոտկատեղի հատվածում նեղացող զգեստները, պիջակները, ժակետները, այլ կերպ ասած՝ գոտկատեղի հատվածում ավելի կանացի «նստող» հագուստը»,- նկատում է մասնագետը։ 

Բայց և փաստում է, որ «օվերսայզ» հագուստին հաստատ հրաժեշտ չենք տա։ «Օվերսայզ» ոճում աղջիկներին խորհուրդ է տրվում կանացիության դետալներ ավելացնել կերպարին, օրինակ՝ համադրելով լայն հագուստը մարմինը գրկող գոտիներով։  

«Կան թրենդներ, որ 2023-ից կտեղափոխվեն 2024 թվական։ Օրինակ՝ արդեն բոլորիս հայտնի «կարգո» տաբատները։ Դրանք  արագ մտան նորաձևություն և դարձան շատերի սիրելին։ Սակայն «կարգո» տաբատներն էլ իրենց ենթատեսակներն ունեն, դրանց գրպաններով տարբերակները դեռ մնում են ու վստահաբար՝ մինչև 2024-ի վերջը կմնան նորաձևության մեջ, իսկ մյուս տարբերակները՝ սովորական «կարգոները» գրեթե դուրս են գալիս նորաձևությունից», -նշում է Դիանա Շատվերյանը։

Դիզայների խոսքով՝ 2023-ին պոդիումներին բազմաթիվ անգամներ ցուցադրված ցածր գոտկատեղով տաբատները ևս 2024-ի հիմնական թրենդներից կլինեն․ «Հատկապես ամռանն այս տաբատները շատ ակտուալ կլինեն»։

Միդի, մաքսի կիսաշրջազգեստները ևս 2024-ին, ինչպես 2023-ին էր՝ կմնան նորաձևության մեջ․ «Նորաձև են լինելու նաև գոտկատեղից ցածր միդի կիսաշրջազգեստները, որոնք տարիներ առաջ էլ մտան նորաձևություն՝ դառնալով տարբեր բրենդների այցեքարտը։ Իմ կարծիքով՝ դրանք այնքան էլ ակտուալ չեն, բայց կան բրենդներ, որ հենց այս կիսաշրջազգեստների վրա են շեշտը դրել՝ բերելով 2024-ի նորաձևություն»։

Դե էլ ի՞նչ կանացիություն առանց մուշտակների։ Դիանա Շատվերյանը նկատում է, որ  որքան էլ բնապահպանական շարժումները բնական մորթուց մուշտակների արտադրությունն ու սպառումը քննադատության թիրախում պահեն, դրանք շարունակում են իրենց հաղթահարշավը նորաձևության ոլորտում․ «2024-ին առհասարակ մուշտակները շատ նորաձև են, դրանց տարբեր տեսակները և գույները՝ մաքսի, կարճ ձևերով։ Թեև բնական մորթին շատ ակտուալ կլինի, բայց էկոմուշտակներն էլ 2024-ին շատ պահանջված են։ Ինքս մուշտակներ շատ եմ սիրում նաև կրում»։

Անցում կատարելով հագուստից կոշիկներին՝ Դիանա Շատվերյանը նշում է, որ նորաոճ են լինելու կոշիկների այնպիսի մոդելներ, որոնք ամեն մեկի ճաշակին համապատասխան չեն․«Ակտուալ են լինելու մորթյա կոշիկները, մատն առանձնացող կոշիկները, փակ «բատինկաները», որոնց երկու մատն առանձին են։ Ինչի՞ հաշվին են դրանք ակտուալ, քանի որ տարբեր բրենդներ են ներկայացնում այս մոդելները։  Իհարկե, ինձ համար նորաձևության այս միտումը միանշանակ չէ, ինքս չեմ հավանում»։

2024-ի նորաձևությունը ոճերը միաձուլելու մասին է

«Ոճերի բաժանումն արդեն վաղուց միանշանակ չէ, որովհետև ինչպես նկատում ենք, ոճերը խառնվել են, ինչը շատ լավ է», - ասում է ոճաբանը։ «Հաջորդ տարվա համար չկան առանձնացումներ, որ օրինակ՝  դասականն է գերակշռելու, սպորտայինը կամ մեկ ուրիշ ոճ։  Սա հեշտացնում է մեր կյանքը, քանի որ օրինակ՝ կան մարդիկ, որ իրենց բնույթին պարզապես համապատասխան չէ դասականը ու միայն նորաձևությունից ելնելով իրենք չպետք է պարտադրված լինեն կրել դասական հագուստ։ Սպորտայինը դասականի հետ միախառնված ոճը 2024-ին շատ ակտուալ է լինելու»,- մանրամասնում է Շատվերյանը։ Ասում է, որ ոճերի համադրման արդյունքում ստեղծված կերպարը շատ հարմար է նաև առօրյայում, քանի որ ունենք հագուստի ընտրության լայն հնարավորություն․«Միայն մի փոքր մտքի թռիչք է պետք»։

Դիանա Շատվերյանը նաև ասում է,որ ոճերի համադրությունն այնքան բնական է դարձել, որ յուրօրինակ կերպար ստեղծելու համար կարելի է համադրել նաև շքեղ մուշտակն ու սպորտային կոշիկները։ 

Կտրվածքներ ու գործվածքներ՝ կերպարայնությունը դետալներում

«Տարբերվող կերպար ունենալու համար միանշանակ առաջարկում եմ դիտարկել ասիմետրիկ կտրվածքները, որոնք 2024-ին շատ նորաձև են լինելու»,- նշում է ոճաբանը։

Ինչ վերաբերում է 2024-ի ֆավորիտ գործվածքներին՝ Շատվերյանը ասում է․ «Հիմա առհասարակ գործվածքները շատ նորաձև են, թե՛ բրդյա գործվածքները, թե խոշոր, թափանցիկ, բարակ թելերով գործվածքները, որոնք եթերային տեսք են հաղորդում»։

Եկող տարում միանշանակ շատ ընդունված են լինելու բնական կտորները՝ մետաքսը, բամբակը, վիսկոզան․«Իրականում, թեպետ այս կտորներն ակտուալության առումով պիկի վրա են լինելու, բայց դրանք ոչ միայն խնամելն է բարդ, այլ դրանցով աշխատելը։ Բնական ամեն կտորից չէ, որ կարող ես ստանալ այն ձևը, որն ուզում ես։  Այդ պատճառով էլ  ինքս միշտ նախընտրում եմ, որ  բնական կտորի մեջ  լինի մի փոքր սինթետիկա, որ ավելի հեշտ լինի կտորին ցանկալի ձևվածքներ տալը, կարեր անելը։ Իսկ սպառողի տեսակետից էլ բաղադրության մեջ մի փոքր սինթետիկա ունեցող բնական կտորը նախընտրելի է, քանի որ երկրորդ լվանալուց հաստատ չի փչանա»։

Ոճաբանն ասում է, որ 2024-ին ևս կենդանական պրինտներն ակտուալ կլինեն, բայց վստահ չէ, որ դրանք ամբողջ տարվա ընթացքում կգերիշխեն․ «Նորաձևությունը շատ ժամանակավոր երևույթ է, նույնիսկ այս պահին, երբ խոսում ենք 2024-ի թրենդների մասին, գուցե արդեն 2024-ին ինչ-որ էտապում կենդանական պրինտների ակտուալությունն անցնի ու դրանք գնան հետին պլան։ Ամեն ինչը շատ հարաբերական է, չենք կարող բացառել, որ օրինակ՝ նորաձևության բլոգերները կարող են ինչ-որ հեղափոխություն անել, կամ որևէ մեգաաստղի կերպար կարող է այնպիսի թրենդ բերել նորաձևություն, որ անգամ սպասելի չլինի»։  

Աքսեսուարները պետք չէ մոռանալ

«2024-ին շատ նորաձև են ծավալային զարդերը, հատկապես՝ ոսկեգույն։ Բայց դրանք  պետք է համապատասխանեն թե՛ դեմքի գույնին, թե՛ մազերի կտրվածքին։ Ծավալային զարդերը շատ դժվար համադրվող են, պետք է զգույշ լինել, որ չվերածվի անճաշակության»,- ասում է Դիանա Շատվերյանը։

«Պատկերացրեք, թե որքան ճիշտ և զգույշ պետք է համադրել ծավալային զարդերը, օրինակ՝ երեկոյան զգեստների հետ՝ կարմիր, բալագույն երանգների, փայլուն կտորների հետ, որ կերպարը ստացված համարվի»,- նկատում է նա։

«Գլխարկները,ակնոցները 2024-ին շատ ակտուալ են լինելու։ Մորթուց գլխարկները, գործվածքներով գլխարկները շատ նորաձև են նայվելու»,-ասում է դիզայները։

«Գլխաշորերը նույնպես շատ նորաձև են, հատկապես, երբ համադրվում են մեծ ակնոցների հետ»,-նկատում է նա։

Բնականությունը 2024-ին կգնահատվի

Դիանա Շատվերյանն անդրադառնում է նաև 2024-ին դիմահարդարման միտումներին, ասում է՝ չափն անցնող դիմահարդարումը, վառ գույները հետին պլան են մղվում․«Նորաձևության մեջ բնականությունն արդեն երկու տարի է փորձում են ակտուալացնել, ինչը շատ լավ է, որովհետև հիմա ամբողջությամբ ֆեյք է դարձել մեյքափի ոլորտը, հատկապես վիրտուալ աշխարհում թրենդները հասել են իրենց վատ պիկին։ 2024-ին դիմահարդարման հարցում շատ ակտուալ է «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունը։ Ցանկալի է լինել խնամված, գեղեցիկ, բայց մինիմալ մեյքափով։ Ես ինքս մինիմալի կողմնակից եմ»։  

Տղամարդկանց  նորաձևությունը՝ այնքան էլ տղամարդկային չէ

Դիանա Շատվերյանը կեսկատակ-կեսլուրջ նկատում է, որ տղամարդկանց նորաձևության միտումներին պետք է զգույշ հետևել։  

Ոճաբանը նշում է․«Եթե հետևում ենք նորաձևությանը և տեսնում ենք, թե տղամարդկանց համար ինչ հավաքածուներ են արվում՝ ես 50 տոկոսի հետ համաձայն չեմ, տղամարդկությունը կորցնում են, առհասարակ դա ինձ դուր չի գալիս»։

«Խորհուրդ կտամ տղամարդկանց կրել իրենց կերպարին ավելի հարիր հագուստ, որ տաբատներն իրենց տեղում մնամ, ժակետները՝ իրենց։  Բոլոր ժամանակներում մինիմալ, բայց old style-ը ամենագեղեցիկն է նայվում, իսկ 2024-ին այն շատ ակտուալ կլինի»,- ընդգծում է Դիանա Շատվերյանը։  

Եվ զրույցի վերջում Դիանա Շատվերյանը հիշեցնում է, որ թրենդներին կուրորեն հետևել պետք չէ, միշտ պետք է առաջնորդվել նորաձևության ու ոճի հանդեպ սեփական մոտեցմամբ։ Ընդգծում է, որ բոլոր ժամանակներում  էլ գնահատվում  է ինքնատիպությունը․ 2024-ի խորհրդանիշը՝ կանաչ փայտե վիշապն էլ այն հաստատ կգնահատի։

 

Մարիամ Մկրտչյան

 

30 Դեկտեմբեր, 2023 14:55
Վեր