Ադրբեջանը փորձում է ապալեգիտիմացնել Մինսկի խմբի գործունեությունը և ռուսական խաղաղապահ առաքելությանը. քաղաքագետ

Արցախում վերջին շրջանում ադրբեջանական կողմի ակտիվությունը և սադրանքները ես ավելի շատ կապում եմ Մինսկի խմբի գործունեության, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության ապալեգիտիմացման հետ:

«Ադրբեջանական կողմն արդեն ակնհայտ սադրիչ գործողությունների է դիմում հենց խաղաղապահ զորակազմի դեմ, կարծում եմ՝ սա առաջին հերթն ուղղված է նրանց դեմ, նրանց այստեղ գտնվելը ապալեգիտիմացնելու նպատակ է հետապնդում»: Այս մասին  Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանը:

Նա ընդգծեց որ ադրբեջանական կողմի գլխավոր նպատակը Արցախի հայաթափումն է: «Մենք գիտենք, որ սկսած նոյեմբերի 10-ից, երբ ռուսական խաղաղապահները  տեղակայվել են Արցախում, այդ օրվանից  եղել են հրադադարի պարբերաբար խախտումներ: Վերջին շրջանում կարելի է ասել, որ դրանք ավելի մեծ թափ են ստացել նաև հետևանքային առումով, բայց նրանց նպատակը՝ սկսած օդ կրակելուց  մինչև վերջին շրջանում թիրախավորված կրակոցներ՝ մեկն է՝ խուճապ ստեղծել հայկական կողմում: Պետք է նաև ընդգծել, որ այստեղ իրենք փորձում են տեղեկատվական տեռորի ենթարկել հասարակությանը, խուճապ ստեղծել Արցախում բնակվող հայ բնակչության շրջանում և բարոյական, հոգեբանական առումով ազդեցություն գործել, ինչի վերջնական նպատակը հայաթափումն է: Ուզում եմ սակայն շեշտել, որ մեր հայրենակիցներից շատերը գիտակցաբար, ոմանք՝ անգիտակցաբար ապատեղեկատվություն են տարածում, որը միանշանակ կարող է խուճապային տրամադրություն ստեղծել: Չնայած դրան, այսօր Արցախում խուճապաին իրավիճակ չկա, սահմանում  համեմատաբար հանգիստ է, կոնկրետ գործողություններ այս պահին չկան»:

Անդրադառնալով հնչող տեսակետներին, թե ադրբեջանական կողմը չէր գնա նման սադրանքների, եթե չլիներ ռուսական կողմի հետ համաձայնությունը՝ նա ընդգծեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնվում նման վերլուծությունները: «Ինձ համար դա անհասկանալի է, եթե սրա արդյունքում ռուսական կողմի հեղինակությունն է հարցականի տակ դրվում, հետևաբար, ինչու պետք է ռուսական կողմը նման քայլերի գնա»:      

 

 

15 Հոկտեմբեր, 2021 14:13
Վեր