ՀՀ-ում երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 749 բուժառու՝ 92%-ը մինչև 18 տարեկան են․ ինչու՞ են թիրախում հենց երեխաները․ հնարավո՞ր է կրկին վերադառնանք դիմակներին․ պարզաբանում է մասնագետը Zarkerak - ՀՀ-ում երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 749 բուժառու՝ 92%-ը մինչև 18 տարեկան են․ ինչու՞ են թիրախում հենց երեխաները․ հնարավո՞ր է կրկին վերադառնանք դիմակներին․ պարզաբանում է մասնագետը
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 749 բուժառու՝ 92%-ը մինչև 18 տարեկան են․ ինչու՞ են թիրախում հենց երեխաները․ հնարավո՞ր է կրկին վերադառնանք դիմակներին․ պարզաբանում է մասնագետը
ՀՀ-ում երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 749 բուժառու՝ 92%-ը մինչև 18 տարեկան են․ ինչու՞ են թիրախում հենց երեխաները․ հնարավո՞ր է կրկին վերադառնանք դիմակներին․ պարզաբանում է մասնագետը

ՀՀ-ում երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 749 բուժառու՝ 92%-ը մինչև 18 տարեկան են․ ինչու՞ են թիրախում հենց երեխաները․ հնարավո՞ր է կրկին վերադառնանք դիմակներին․ պարզաբանում է մասնագետը

«Հունվարի 8-ի դրությամբ օրական մշտադիտարկման արդյունքում ՀՀ հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով (այդ թվում՝ COVID-19-ով) հոսպիտալացվել է 749 բուժառու, որոնց 92%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»,- Zarkerak.am-ին այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից։

«Հունվարի 8-ի դրությամբ ՀՀ հիվանդանոցներում թոքաբորբով հոսպիտալացվել է 252 բուժառու, որից 164-ը՝ 65%-ը, 0-18 տարեկաններն են։ Վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում  ծանր սուր շնչառական վարակներով, թոքաբորբով  92 բուժառու, որոնց 89%-ը 0-18 տարեկան երեխաներն են։

Շաբաթական մշտադիտարկման արդյունքում  նախորդ շաբաթվա համեմատ նկատվել է դիմելիության նվազում 1,1 անգամ, իսկ նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ դիմելիության նվազում է նկատվել 1,2 անգամ։ Սուր  շնչառական վարակներով դիմողների գրեթե 70%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, դիմելիության մի փոքր ակտիվություն է նկատվում նաև 19-29  տարեկանների  շրջանում։ Վերջին օրերին թոքաբորբով դիմելիության դեպքում ևս ունենք մի փոքր նվազում, կարելի է ասել, կայունացում»,- նշեցին ՀՎԿԱԿ-ից։

«Գործ ունենք  սուր շնչառական վարակների սեզոնային աճի հետ, ինչը բնորոշ է այս շրջանին», - Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը և հավելում․ «Այժմ հանրապետությունում շրջանառվում են ինչպես գրիպ A-ի, այնպես էլ B-ի տարբեր ենթատեսակներ, երբեմն լինում է երկու վարակի համակցություն՝ հատկապես 0-4 տարեկանների շրջանում։ Շրջանառվում է նաև COVID-19 համավարակի Օմիկրոն ենթատեսակը (հունվարի 7-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 123 դեպք)»։


Մերի Տեր-Ստեփանյան

Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, սուր շնչառական վարակների ակտիվացումը հատկապես նկատվել է դեկտեմբերի վերջից․ «Ընդ  որում, համաճարակային շեմը գերազանցվել է ոչ միայն ՀՀ-ում, այլ ամբողջ Եվրոպական տարածաշրջանում՝ մոտ 10 տոկոսով։ Սա, իհարկե, այն ցուցանիշը չէ, որ պահանջում է կոշտ  համաճարակային միջոցառումների անցկացում, բայց զգոնությունը կորցնել չի կարելի»։

«Հերացի» վերլուծականի տվյալով` սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով սահմանված 10% համաճարակային շեմը և կազմելով 18%` ԵՄ անդամ երկրների ներկայացրած համակցված տվյալներով: Տարածաշրջանի շատ երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մալթա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Հոլանդիա) հայտնել են սուր շնչառական վարակների և գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին։ 

Ըստ Տեր-Ստեփանյանի՝ ամեն տարի էլ այս շրջանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում․ «Նպաստող գործոնները հայտնի են․ այս սեզոնին փակում են պատուհանները, օդափոխությունը պակասում է, փակ տարածքներում, մարդկանց կուտակումներ են առաջանում,  հատկապես տոնական օրերին մարդկանց  միջև  շփումները  ավելանում են։ Բայց, սուր շնչառական վարակների տարածման ներկա  պահի առումով ունենք մի առանձնահատկություն՝ ավելի խոցելի են երեխաները՝ հատկապես 0-4 տարիքային խմբում, երևի թե կարող ենք կապել նրա հետ, որ սա այն սերունդն է, որ COVID-19-ի բռնկման  ժամանակ սահմանափակումների պատճառով, այսպես ասած, ավելի քիչ է հիվանդացել  և նրանք հիմա ավելի ընկալ են այժմ շրջանառավող վիրուսների փնջի նկատմամբ։

0-4 տարեկանը հատկապես այն խումբն է, որ հոսպիտալացման կարիք է զգում։ Սուր շնչառական վարակներն այս խմբում ունենում են բարդություններ՝ ուղեկցվելով  բրոնխիոլիտով,  թոքաբորբով։ Ընդհանուր առմամբ, ռիսկի խմբում են  0-18 տարեկանները, 65+ անձինք և ուղեկցող հիվանդություններ ունեցողները»։  

Մերի Տեր-Ստեփանյանը թվարկում է նաև սուր շնչառական վարակների ախտանշանները․ «Ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, մկանացավ, գլխացավ, քթահոսություն, հազ, կարող է նկատվել նաև կոնյուկտիվիտ՝ աչքի  եղջերաթաղանթի բորբոքում։ Այս հիմնական ախտանշանները կարող են ուղեկցվել բարդություններով՝ ականջաբորբով,  բրոնխիոլիտով, թոքաբորբով»։

Բժիշկն առաջարկում է չմոռանալ, որ շրջանառվում է նաև COVID-19-ի Օմիկրոն շտամը, որն էլ ունի դրսևորման իր առանձնահատկությունները․ «Այս հիվանդությանը  բնորոշ են արտահայտված մկանացավերը, ջարդվածության զգացումը, գլխացավը, գլխապտույտը։ Սրանք բնորոշ են նաև գրիպին, բայց գրիպի դեպքում նաև արտահայտված է կոկորդի ցավ, քթահոսություն, որը COVID-19-ի Օմիկրոն շտամի դեպքում այդքան շատ չենք ունենում»։

Բժիշկն առաջարկվում է հաշվի առնել, որ առնվազն մինչև փետրվարի կեսերը լարված համաճարակային իրավիճակը պահպանվելու է՝ շրջանառող բոլոր վարակների էլ ավելի  տարածման առումով․ «Սա կանխատեսելի իրավիճակ է, քանի որ նախ կրթական հաստատություններն են վերսկսել գործունեությունը։ Բայց, նաև նկատենք, որ անցած  3-4 տարիների սահմանափակումների  հետևանքով այս վիրուսներն այդքան չեն շրջանառվել և հիմա գտել են իրենց համար պարարտ հող՝ հատկապես նախկինում չհիվանդացած օրգանիզմների տեսքով»։  

Արդյո՞ք սուր շնչառական վարակների տարածման, այդ թվում՝ կորոնավիրոսի Օմիկրոն շտամի տարածման ակտիվացումը ազդակ է դիմակներ կրելը վերսկսելու, հատկապես, որ ԱՀԿ ղեկավարը մեկ շաբաթ առաջ X-ի միկրոբլոգում այս թեմայով գրառում էր արել, մասնավորապես նշելով․ «Շարունակեք օգտագործել դիմակներ, օդափոխեք տարածքը և պահպանեք անհրաժեշտ հեռավորություն։ Համոզվեք, որ դուք և ձեր սիրելիները պատվաստված եք COVID-19-ի և գրիպի դեմ»։

«Դիմակների անցման անհրաժեշտությունը պետական մակարդակով շեշտելու կարիք չեմ տեսնում, բայց հասարակական վայրերում խորհուրդ կտամ դիմակ կրել, հատկապես այն անձանց, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ և հղի են։  Այնուամենայնիվ, դիմակ կրելն անհատական որոշում է»,- նշում է մասնագետը։

«Սուր շնչառական վարակների առաջին իսկ նշանների դեպքում առաջնահերթությունը կտայի մեկուսանալուն, որովհետև երբեմն չմեկուսանալով մարդիկ անարգել տարածում են վարակը, իսկ մրսածության ֆոնն ավելի նպաստող է՝  օրգանիզմն ավելի ընկալ է վիրուսային  վարակի նկատմամբ։  Մեկուսանալուց հետո ցանկալի է դիմել  բուժօգնության․ նախ ցանկալի է դիմել առողջության առաջնային պահպանման օղակին՝ հեռախոսազանգի միջոցով ստանալ համապատասխան խորհուրդներ, ավելի բարդանալու  դեպքում  դիմել բժշկին և ստացիոնար օղակին։ Հատկապես՝ երեխաների մոտ սուր շնչառական վարակների ախտանշանների դեպքում առաջնահերթ է դիմել բուժօգնության և չզբաղվել ինքնաբուժությամբ՝ հատկապես հակաբիոտիկներ օգտագործելով։ Հակաբիոտիկները սպառվող ռեսուրսներ են և, եթե մենք այս տեմպերով, անարգել օգտագործում ենք հակաբիոտիկներ, ի վերջո կունենանք  այս ռեսուրսի սպառում և  բակտերիալ վարակների բուժման առումով խնդրահարույց իրավիճակի կբախվենք»,- ընդգծում է բժիշկը։  

Մասնագետը սուր շնչառական վարակներից խուսափելու համար խորհուրդ է տալիս պարբերաբար օդափոխել տարածքը, պահպանել ձեռքերի հիգիենան, պահպանել սոցիալական հեռավորություն, և որ ամենակարևորն է՝ պատվաստվել գրիպի դեմ․ «Գրիպի դեմ  պատվաստումների բավականին լավ հասանելիություն ունենք, էլի ուշ չէ պատվաստվելու համար, որովհետև դեռևս ունենք ժամանակ՝ իմունիտետ ձևավորելու պատվաստվողի շրջանում։ Պատահական չէ, որ  մենք ամեն տարի գրիպի դեմ պատվաստման վերաբերյալ իրազեկման ալիք ենք իրականացնում, բայց, այնուամենայնիվ, մենք գրիպի դեմ պատվաստվելու առումով դեռ չունենք պատշաճ  ընգրկվածություն՝ նկատի ունեմ հանրության շրջանում առնվազն 40% պատվաստումային ընդգրկվածության և ռիսկի խմբերում՝ 70%։

Պատվաստումային վերը նշված ցուցանիշները ցանկալի է ունենալ հոկտեմբեր-նոյեմբեր  ամիսներին` բռնկումներից և ծանր հետևանքներից խուսափելու համար։  Սակայն այս ցուցանիշը մենք դեռ չենք կարողանում  ապահովել, աստիճանաբար ենք գնում դրան, պատվաստման գործընթացը բավականին դանդաղ է գնում, արագացանելու կարիք ունենք։ Բայց և չենք կարող ասել, որ  ընդհանրապես ձեռքբերում չունենք այս ոլորտում։  Հիշեցնեմ, որ գրիպի դեմ պատվաստումը ցուցված է նաև երեխաներին՝ սկսած 6 ամսականից․ սա մնում է որպես անփոխարինելի սպեցիֆիկ պրոֆիլակտիկա՝ ընդդեմ սուր շնչառականվարակների»,- ասում է Մերի Տեր-Ստեփանյանը։

 

Մարիամ Մկրտչյան

09 Հունվար, 2024 15:45
Վեր