Արցախցիներն ու արցախաշունչ բիզնեսները Հայաստանում․ նրանք ինտեգրվում են նոր շուկային Zarkerak - Արցախցիներն ու արցախաշունչ բիզնեսները Հայաստանում․ նրանք ինտեգրվում են նոր շուկային
Zarkerak Zarkerak - Արցախցիներն ու արցախաշունչ բիզնեսները Հայաստանում․ նրանք ինտեգրվում են նոր շուկային
Արցախցիներն ու արցախաշունչ բիզնեսները Հայաստանում․ նրանք ինտեգրվում են նոր շուկային

Արցախցիներն ու արցախաշունչ բիզնեսները Հայաստանում․ նրանք ինտեգրվում են նոր շուկային

Ինչպե՞ս ուժ գտնել նորից սկսելու․ Zarkerak.am-ն այս հարցի պատասխանը գտել է՝ զրուցելով հագուստի արտադրությամբ զբաղվող արցախցի Արևիկ Պետրոսյանի և թեյերի արտադրությամբ զբաղվող Մարիտա Սարուխանյանի հետ։ Նրանք բիզնես էին հիմնել Արցախում, անկախ դժվարություններից աշխատել, ձեռք բերել ճանաչում, ձեռագիր և հաճախորդներ․ բռնի տեղահանումից հետո Հայաստանում կյանքը սկսում են զրոյական կետից՝ փորձելով արդեն հայաստանյան շուկայում անցնել բիզնեսի բարդ ճանապարհով։  

«Բիո Պարտեզ» թեյեր․ փնտրելով Արցախի համերը Հայաստանի լեռներում

Անանուխ, սզնի, պատրինջ,դաղձ, ուրց, երիցուկ, խնկածաղիկ․․․ զգացի՞ք բուսական թեյերի անուշ բույրը։

2017 թվականից Անուշավան և Մարիտա Սարուխանյանները Արցախում սկսեցին ընտանեկան բիզնես՝ «Բիո Պարտեզ» բուսական թեյերի արտադրություն՝  ներկայացնելով տասը տեսակի թեյեր՝ հիմնականում խոտաբույսերից, հատապտուղներից։ Այսպես երկուսով, տասը հոգու աշխատանք անելով, ժամանակի ընթացքում իրենց բիզնեսը սիրելի դարձրին արցախցուն և ոչ միայն։   

«Մեր արտադրությունն առաջինն էր Արցախում, որ գրանցված, սերտիֆիկացված  բուսական թեյեր էր արտադրում։  Հումքը հիմնականում տեղական էր, գյուղերից ամռան սեզոնին հավաքում էինք։ Մենք մեր ընտանիքով գնում էինք, հավաքում, չորացնում, այնպես ինչպես կարգն է։ Ամենահետաքրքիր խոտերից էր մելիսան՝ պատրինջը, Ասկերանի Պատարա գյուղից էինք հավաքում,  շատ յուրահատուկ բաղադրիչ էր, հենց մելիսայի հաշվին թեյերը շատ անուշահոտ էին դառնում։ Շոշ գյուղից էլ էինք հավաքում խոտաբույսեր, Մարտունու գյուղերից էլ։ Նաև գյուղացիներից էինք գնում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է Մարիտա Սարուխանյանը։ Նա նկատում է, որ Արցախի լեռները՝ 800մ, 1000մ, 1500մ բարձրությունները իդեալական էին խոտաբույսեր գտնելու համար․ «Այնքան սիրուն էր ամեն ինչը, որ ցանկություն էր առաջանում մի ամբողջ բնություն փաթեթավորել մեր ֆիրմային թղթի ու փայտի տուփերի մեջ ու մարդկանց ներկայացնել»։

Ասում է՝ 2020-ից հետո իրենց բիզնեսի համար ծանր շրջան էր, բայց փորձում էին հողին ամուր կանգնել, աշխատել այնքան, որ թեյեր վաճառեն ոչ միայն Արցախի սուպերմարկետներին, հյուրանոցներին, հյուրատներին, այլ նաև հայաստանյան սուպերմարկետների ցանցերին․ «Այնքան սիրուն էր մեր փաթեթավորումը, որ Արցախում մարդիկ գալիս էին, անցնում ու մտքերով չէր անցնում, որ դա տեղական է։ Մտածում էին Երևանից է բերված։  Փորձում էինք շուկայում ներկայացնել մատչելի ու ներկայանալի ապրանք։ Մեր թեյերն անգամ իրար նվեր էին տալիս։ Հատկապես շրջափակման ընթացքում, երբ հնարավոր չէր ինչ-որ ապրանք ներմուծել, մեծ հայտնիություն ունեին մեր թեյերը, դեռ թուղթ ունեինք փաթեթավորելու համար, ու կարողանում էինք թեյեր արտադրել, ասում էին՝ ինչ լավ ա «Պարտեզը» կա, գոնե կարողանում ենք թեյ պատրաստել»։

Մարիտան նշում է, որ արդեն Հայաստանում կարոտած նամակներ է ստացել, որ բռնի տեղահանության օրերին շատ արցախցիներ իրենց պայուսակներում չեն մոռացել Արցախի համերով թեյերի տուփն էլ դնել։ Իսկ իրենք էլ տարիների կայացած բիզնեսից ոչինչ չկարողացան պայուսակի մեջ « դնել-բերել» ՝ ոչ զարգացող  արտադրամասից տեխնիկական միջոցներ, ոչ հումք․ միայն մեկ նոթբուք բերեցին, որտեղ հավաքված էր «Բիո Պարտեզը» հիշեցնող ամեն ինչ․ «Այն ամենն ինչը կար Արցախում՝ մնաց այնտեղ, մեր կյանքն էլ բաժանվեց 2023-ի սեպտեմբերից առաջ և դրանից հետո»։

Արդեն Երևանում Մարիտային ու ամուսնուն 35 օր պետք եկավ մտքերն ի մի բերելու ու հասկանալու համար՝ ինչ են անելու․ «Նոյեմբերի 1-ին ես ու ամուսինս գնացինք պետռեգիստր՝ «Բիոպարտեզը» գրանցելու, որ աշխատենք այստեղ։ Սա մտածված որոշում էր, մենք հասկանում էինք, որ ունենք անցած ճանապարհ և ունենք անցնելու ճանապարհ։ Սա փորձ է ոտքի կանգնելու»։

Մարիտան նշում է՝ գիտեն, որ իրենց հեշտ ճանապարհ չի սպասվում, թեյերի արտադրության մեջ մրցակիցները շատ են, բայց իրենք հավակնոտ նախագծեր ունեն՝  նախ հայաստանցիների սիրելին են փորձելու դառնալ, հետո, ինչու ոչ, նաև ՀՀ-ից դուրս իրենց թեյերի համը տարածել․«Մրցակցությունը,իրոք, մեծ է։  Բայց ինչպես Արցախի պարագայում էր, Հայաստանի բնությունն էլ տալիս է թեյերի արտադրության լայն հնարավորություններ և  անընդհատ ստիպում է մտածել, թե է՞լ ինչ թեյ կարող ենք արտադրել, է՞լ ինչ  բաղադրիչ կարող ենք ավելացնել։ Հիմա մենք ներկայացնում ենք մեր թեյերի հիմնական տեսակները, դրանցով ենք մտել շուկա, բայց եղածով չենք սահմանափակվի։ Հիմա փորձում ենք Հայաստանում բուսական թեյերի արտադրության հնարավորություններն ուսումնասիրել։ Մեզ էլ ժամանակ է պետք, Երևանը միլիոնանոց քաղաք է, մենք մի փոքր քաղաքում ենք ապրել, ժամանակի ընթացում դեռ որոշ հմտություններ, կարողություններ ձեռք կբերենք, հույս ունենք, որ ճիշտ քայլերի հաջորդականությունը պետք է մեզ ինչ-որ ճիշտ տեղ տանի»,- նշում է Մարիտան։ Պատմում է, որ արդեն համագործակցում են երևանյան մի քանի սուպերմարկետների հետ,դեկտեմբերին՝ նախատոնական օրերին, թեյերի մի խմբաքանակ էլ ուղարկել են ԱՄՆ՝ Գլենդել՝ «Buy Armenian»-ի նախատոնական տոնավաճառ ցուցահանդեսին:

Մարիտայի խոսքով՝ փորձում են գտնել նաև ֆինանսավորման աղբյուրներ, դիմում են հիմնադրամների, ինքն էլ գրանցվել է ՀԲԸՄ կին ձեռներեցների դասընթացին՝ բիզնեսի ոլորտում շատ բաներ խորքային հասկանալու համար։

Սարուխանյանները Երևանում իրենց վարձակալած արտադրամասում վերջերս են ավարտել հարդարման աշխատանքները, արդեն 1,5 ամիս է՝ փորձում են «Բիո Պարտեզի» թղթե ու փայտե տուփերն անուշահոտ խոտաբույսերով լցնել՝ այս անգամ արդեն հայաստանյան սարերից։ Թեպետ, հիմա դեռ պատվերները փոքրաքանակ են, բայց վստահ են՝ սա մեծ ճանապարհի մեկնակետն է․«Արցախցիները փնտրում են մեր արտադրանքը խանութներում, մեր ֆեյսբուքյան էջին նամակներ են գրում։ Արդեն նոր հաճախորդներ էլ ունենք, սոցիալական ցանցերում փորձում ենք մեր արտադրանքը հնարավորինս լավ ներկայացնել, ճիշտ է, հոգեբանական առումով մի քիչ դժվար է միշտ լավատեսական նոտայի վրա լինել, անգամ երբեմն բիզնես էջերը վարելն է դժվար, բայց պետք է աշխատել»։   

Իսկ ի՞նչն է ստիպում աշխատել ու առաջ գնալ․ «Մի գործոն չէ, շատ գործոններ կան, գուցե նաև այն գիտակցումը, որ այն ինչ սկսել ենք իմաստ ուներ և  իմաստ ունի շարունակել։ Մենք երեք երեխա ունենք՝ թուլանա՞նք, նրանց մոտ ասենք, որ վերջ, ամեն ինչ մնաց Արցախում ու լա՞ց լինենք, ո՛չ։  Իմ ընկալման մեջ Արցախը նաև մեր ապրած կյանքի խորհրդանիշն է ու այն չպետք է ընդհատվի, «Պարտեզը» հենց Արցախն էր, որ մեր հիշողության մեջ է ու նաև մեր աշխատանքով պետք է մեր մտքերում  միշտ ծաղկած լինի»։

Արևիկ Պետրոսյանի «Արևիկ » բրենդը․ կարի մեքենայի առաջ նորից նստելը փրկություն էր

«Ցավդ տանիմ Արցախ, Արցախը ես եմ», - ստեփանակերտցի դերձակ Արևիկ Պետրոսյանն արդեն Հայաստանում՝ Երևանում, կրկին կարի մեքենայի առաջ է, կրկին պատվերներ է վերցնում՝ հագուստ, գոգնոց, պայուսակ կարելու, դրանցից որոշների վրա էլ իր սրտի խոսքերն է ասեղնագործում՝ թաթախված հիշողություններով։

Արևիկ Պետրոսյան

«Այնքան մտքեր են գալիս  աշխատանքի ժամանակ։ Վեց տարի հետ եմ գնում, հիշում եմ ինչպես իմ բիզնեսը սկսեցի մեկ կարի մեքենայով՝ որպես հոբբի մանկական գլխակապեր, գլխարկներ, մազակալներ էի կարում։ Հետո կամաց-կամաց սկսեցի հաջողություններ ունենալ, նախ ծանոթներս սկսեցին դառնալ իմ հաճախորդները, հետո՝ այլ արցախցիներ։ Պատվերներս շատացան, գործունեությունս ընդլայնվեց՝ գնեցի երկրորդ կարի մեքենան՝ արդեն աշխատանքային գոգնոցներ էի կարում, ֆոտոսեսիայի համար հագուստ, կնունքի համար հագուստ։ Այդ ժամանակ Արցախում դեռ այս ոլորտում մրցակցություն չկար, այն ինչ ես էի անում, նորություն էր»,- պատմում է Արևիկը։  

2020-ի պատերազմը  ստիպեց Արևիկին ժամանակավոր տեղափոխվել Հայաստան, բայց ուշքն ու միտքն Արցախում էր, ինքն էլ կրկին կարի մեքենայի առաջ, պատվիրատուների մեծ մասն էլ Արցախից էին։ Ամուսնու ու մանկահասակ որդու հետ որոշեցին կրկին վերադառնալ Արցախ․ «Կարոտել էի իմ առանձին անկյունը, երբ ամեն սանտիմետրի վրա թելեր ու կտորներ էին։ Աշխատում էի անգամ շրջափակման պայմաններում՝ 13 մանկապարտեզներից 350 երեխայի համար հագուստ էի կարել։ Կարում ու երազում էի իմ խանութի մասին, տեղն էլ էի որոշել՝ Ստեփանակերտի «Կալցեվոյ» կոչվող կենտրոնական հատվածում էր՝ անունն էլ «Արևիկ»։ 5,5 տարի աշխատել էի, գումար էի խնայել անհրաժեշտ ամեն ինչ գնել էի՝ դեկորներից մինչև ասեղնագործության մեքենա»,- ասում է Արևիկը։ Երևան եկավ մի ամբողջ խանութ թողնելով Արցախում ՝ մեծ դժվարությամբ հետը բերելով միայն ասեղնագործության մեքենան ու երկու կարի մեքենա։

«Հիմա իմ  «արտադրամասը» մեր վարձով տունն է Մալաթիա Սեբաստիայում։ Դժվար է, փոքր տանը շատ անհարմարությունների ենք հանդիպում, բայց, ինչքան դժվարություն տեսնում ես, այնքան կոփվում ես, էմոցիոնալ պահերը դնում ես մի կողմ ու աշխատում․ հավատացեք, միայն գիշերը բարձն է իմանում, թե ինչ ես զգում»,- անկեղծանում է նա։

Արդեն երեք ամիս է՝ Արևիկը կրկին սկսել է պատվերներ ստանալ, ուրախությամբ է նկատում՝ պատվիրատուները ոչ միայն իրեն լավ ճանաչող արցախցիներն են, այլ նաև երևանցիները․ «Ինձ համար հայաստանյան շուկան նոր է, մրցակցությունն էլ՝ շատ մեծ է, բայց դա ինձ չի վախեցնում, ես պետք է աշխատեմ, ինձ չեմ պատկերացնում առանց աշխատելու։ Ընտանիքից հետո ամենակարևորն աշխատանքն է։ Հիմա իմ աշխատանքները հիմնականում ներկայացնում եմ Ֆեյսբուքում, մարդիկ տեսնում են աշխատանքներս, հավանում, պատվիրում։ Նույնիսկ 6 տարեկան երեխաս մեկ-մեկ ասում է՝ մամա ասա կնունքի շորեր ենք կարում, կարանք ասեղնագործենք, քեզ «ռեկլամ» արա»։

Արևիկ Պետրոսյանի ընտանիքը

Արևիկն ասում է՝ քանի-քանի անգամ մտքի «ծայրով»  անցել է, որ հաջողությունն իրեն շրջանցում է, հետո նորից հավաքել է ուժերը․ «Ամեն պատվերի ու հաճախորդի հետ նոր շունչ եմ ստանում։ Դժվար է, ինչ խոսք, Արցախում հայտնի էի, այստեղ բոլորից մեկն եմ ու անընդհատ պրպտում եմ, թե  ինչ անել տարբերվելու համար, որ հայաստանյան շուկայում իմ տեղն ունենամ։ Հիմա ուզում եմ իմ ձեռագրով ու լուծումներով կնունքի հագուստներ կարել, որոնք կտարբերվեն շուկայում առկա մոդելներից»։

Արևիկի ուրախությունը հատկապես կրկնապատկվում է, որ արցախցի իր նախկին հաճախորդներն իրենց՝ Հայաստանում բացվող ու վերաբացվող բիզնեսի համար են պատվերներ տալիս՝  հագուստ, ասեղնագործած գոգնոցներ․ «Ճիշտ է, պատվերների թիվն այնքան չէ, որքան Արցախում էր։ Ես այն պահին եմ սպասում, երբ այնքան պատվեր կունենամ, որ ամբողջ տանը խառը վիճակ կլինի, գուցե ինձ խելագար համարեն, բայց ես սիրում եմ  «կորել» թելերի ու կտորների մեջ, սիրում եմ ստեղծագործական խառնաշփոթ, իմ տարերքն է․ ամբողջ օրը  կարող եմ կարել, վերջում ուրախ- ուրախ այդ խառնաշփոթից «գլուխ հանել»»։

Արցախցի երեխաները՝ Արևիկի կարած հագուստով

Կտորի խանութներով շրջելիս, հերթական հաճախորդի չափերը  «վերցնելիս», գիշերը մինչև ժամը  2-3-ը աշխատելիս Արևիկին մի միտք է ուժ տալիս՝ իր հետևում իրեն հավատացող ընտանիք կա․ «Ես մեկ անգամ չէ, որ կյանքիս 31 տարիների ընթացքում անցել եմ փորձության միջով։ Մեր մեջ պայքարի ուժ կա, երևի մենք ստեղծված ենք պայքարելու համար։  Ամեն ինչ 0-ից սկսելը հեշտ չէ, մեծ  կամքի ուժ է պետք, նաև հեշտ չէ կոտրված սրտով ոտքի կանգնել։ Ես աշխատում եմ, որ ընտանիքս ինձ ուժեղ տեսնի, հարազատներս ու ընկերներս ինձ ընկճված չտեսնեն։ Ես միակը չեմ, որ անցնում է բարդ ճանապարհով, այսօր բոլոր արցախցիներն են անցնում դժվարությունների միջով։ Որքան էլ դժվար լինի, որքան էլ մտքերս «թափառեն», ես իմ աշխատանքում սեփական բանաձևն ունեմ՝ աշխատել լավ տրամադրությամբ, զգալ հաճախորդին, հասկանալ նրա ցանկությունները»։

Արևիկն անկեղծանում է՝ Արցախից իր հետ կարի մեքենայից բացի նաև մասնագիտական երազանք է «բերել»՝ արդեն Հայաստանում ունենալ սեփական արտադրամաս-խանութը․ «Հիմա դա արդեն նպատակ է՝ անկախ ֆինանսական մեծ դժվարություններից։ Ես մի անգամ նպատակ դրել եմ, ու գրեթե հասնում էի դրան, ուրեմն երկրորդ անգամ էլ հնարավոր է։ Բոլոր երազանքները շարունակում են իմ գլխում պտտվել, եթե ես չմտածեմ, չերազեմ, ոչինչ չեմ անի։ Ամեն հագուստ ու գոգնոց կարելիս մտածում եմ Հայաստանում իմ տեղը գտնելու, բիզնեսն ընդլայնելու, շատ հաճախորդներ ձեռք բերելու մասին, ավելի լավը դառնալու մասին։ Փորձում եմ բավականին շատ աշխատել, շատ վաստակել հենց այդ նպատակի համար ու այդ ճանապարհին հատկապես ստեղծել հնարավորություններ արցախցի կանանց համար, նրանց իմ թիմում ներառել, քանի որ հիմա շատերն ունեն աշխատանքի կարիք»։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

29 Հունվար, 2024 16:52
Վեր