Ձմեռ է՝ ոչ նպաստավոր եղանակ սրտանոթային հիվանդությունների սրացման համար․ ինչպե՞ս կառավարել հիվանդության ռիսկերը և խուսափել ծանր հետևանքներից․ սրտաբանի խորհուրդները Zarkerak - Ձմեռ է՝ ոչ նպաստավոր եղանակ սրտանոթային հիվանդությունների սրացման համար․ ինչպե՞ս կառավարել հիվանդության ռիսկերը և խուսափել ծանր հետևանքներից․ սրտաբանի խորհուրդները
Zarkerak Zarkerak - Ձմեռ է՝ ոչ նպաստավոր եղանակ սրտանոթային հիվանդությունների սրացման համար․ ինչպե՞ս կառավարել հիվանդության ռիսկերը և խուսափել ծանր հետևանքներից․ սրտաբանի խորհուրդները
Ձմեռ է՝ ոչ նպաստավոր եղանակ սրտանոթային հիվանդությունների սրացման համար․ ինչպե՞ս կառավարել հիվանդության ռիսկերը և խուսափել ծանր հետևանքներից․ սրտաբանի խորհուրդները

Ձմեռ է՝ ոչ նպաստավոր եղանակ սրտանոթային հիվանդությունների սրացման համար․ ինչպե՞ս կառավարել հիվանդության ռիսկերը և խուսափել ծանր հետևանքներից․ սրտաբանի խորհուրդները

Հևոց, շնչարգելություն, գլխացավերով ուղեկցվող զարկերային ճնշման բարձրացում, ցավեր կրծքավանդակի շրջանում, թուլություն, ջերմության բարձրացում, որ կարող է տևել երեք և ավելի օր․ նշված ախտանիշներից ձմեռային այս օրերին դուք կամ ձեր շրջապատու՞մ էլ գանգատվում են։  

Այո՛, «սրտային» հիվանդությունները՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները գլուխ են բարձրացրել, Zarkerak.am-ի հետ զրույցում արձանագրում է ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը։

«Սրտանոթային հիվանդությունները՝ մասնավորապես անոթային հիվանդությունները, զարկերակային հիպերտենզիան (գերճնշումը)  բազմապատճառային հիվանդություններ են։ Եղանակային պայմաններից զատ էլ սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը մեծացել է, խոսքը հիմնականում վերաբերում է սրտի իշեմիկ հիվանդությանը, որի հետևանքով նեղանում և խցանվում են սիրտը սնող զարկերակները և առաջանում է արյունամատակարարման վատացում, ընդհուպ՝ սրտամկանի ինֆարկտ, նաև զարկերակային հիպերտոնիային՝ ժողովրդին հայտնի «հիպերտոնիկ» հիվանդությունը։ Այս հիվանդությունն էլ հաճախ հանգեցնում է ինսուլտների, սրտային անբավարարության։ Ձմեռային այս շրջանում սրտանոթային հիվանդությունների սրացման  պատճառներից է անոթների սպազմը, որը կարող է պրովոկացվել ցուրտ, սառը եղանակով պայմանավորված»,- բացատրում է բժիշկ Սիսակյանը։

Համայակ Սիսակյան

Սրտաբանն օրինաչափ է համարում, որ հատկապես այս շրջանում սրտանոթային հիվանդությունների սրացումները զգացնել են տալիս․ «Պատճառներից մեկը սակավաշարժությունն է, ձմռանն ավելի քիչ ենք շարժվում, ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է, նաև ձմռան ընթացքում սննդակարգն է փոխվում,  որովհետև հիմնականում կենդանական բաղադրիչներ են գերակշռում, բանջարեղենն ավելի  սահմանափակ է դառնում։ Ահա այս բոլոր հանգամանքները նպաստում են սրտանոթային հիվանդությունների աճին»,-ասում է մասնագետն ու հավելում․ «Գարնանային և ամառային եղանակներն ավելի բարենպաստ են սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար, որովհետև տաք եղանակը, արևի ճառագայթները, դրանցից վիտամին D-ի արտադրությունը անոթալայնիչ կարևոր գործոններ են»։

Թեև այս եղանակին հիվանդության սրացումը, այսպես ասած, նորմա է, բայց մասնագետը վտանգավոր միտումներ է մատնանշում․ «Թեև հիվանդությունների աճի տենդենցն այս ամիսներին միշտ եղել է, բայց սրտանոթային հիվանդությունների պատճառները շատ հաճախ կապված են մեր ապրելակերպի հետ։ Հիվանդությունը նաև «երիտասարդացել է»։ Այժմյան  երիտասարդ սերնդի ապրելակերպը չես կարող համեմատել  30-40 տարի առաջվա երիտասարդների հետ․ ավելի քիչ են շարժվում, սննդակարգը փոխվել է՝ վտանգավոր սնունդը, ֆաստֆուդն ավելի շատ են կիրառում,  այս բոլորը զարկերակային հիպերտենզիայի տարածմանն է բերում։ Պատանեկան շրջանում՝ մինչև 18-20 տարեկան հասակում, զարկերակային  հիպերտենզիայի տարածվածությունը հասել է մինչև 10 տոկոսի, արդեն  դպրոցական հասակում զարգանում են սրտանոթային հիվանդություններ, դա մեր ապրելակերպի, վատ սովորույթների նկատելի  հետևանքն է»,- նշում է սրտաբանը։ Նա նաև հավելում է, որ թեև 65-ից հետո սրտանոթային հիվանդությունները գրեթե հավասարապես են տարածված կանանց և տղամարդկանց շրջանում, բայց առավել երիտասարդ հասակում այս հիվանդությունը գերակշռում է տղամարդկանց մոտ։  

Մասնագետն առաջարկում է հիվանդության սրացման հարցում հաշվի առնել նաև սթրեսի գործոնը․«Սթրեսներն էլ  ոչ պակաս  ազդեցություն ունեն, մեր հասարակությունը վերջին տարիներին գտնվում է խրոնիկ սթրեսային վիճակում,  այս բոլորը նպաստող գործոններ են»։

Թեև սրտանոթային հիվանդությունները «երիտասարդացման» են գնում, բայց սրտաբանի խոսքով՝ ռիսկի խմբում շարունակում են մնալ 65+ տարիքի անձինք, հատկապես այն դեպքում, երբ տարիքին գումարվում են ճնշման կրկնվող տատանումները․ «Ռիսկային խմբում են նաև շաքարային դիաբետ ունեցող հիվանդները, այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք»։ 

Ըստ Սիսակյանի, ռիսկային խմբերում հիվանդությունների սրացմանը նպաստող գործոններ են նաև այս շրջանում շատ տարածված վիրուսային վարակները․ «Մեր ազգաբնակչությանը խորհուրդ կտամ, որ հաշվի առնելով եղանակային փոփոխությունները, նաև սուր շնչառական ինֆեկցիաների տարածվածությունը, ավելի ուշադիր լինեն իրենց խրոնիկ հիվանդություններին, անտարբեր չլինեն հակահամաճարակային առկա միջոցառումների նկատմամբ։ Պետք չէ մոռանալ պատվաստումների մասին, դրանք դեռ պետք է աշնանը իրականացված լինեին, բայց մեր ազգաբնակչությունը  չի հետևում սրան։ Օրինակ՝ արևմտյան երկրներում  65+ տարիքային խմբում գտնվողները  պարտադիր ստանում են պատվաստումներ և դա շատ զգալի նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների սրացումները և դրանց հետևանքով  մահացությունները»։

Մասնագետը հորդորում է՝ գանգատների դեպքում,ավանդական ինքնաբուժությունից ավելի նախընտրել բժշկին դիմելը․ միշտ չէ, որ սեփական ընտրությամբ դեղեր խմելը,  ճնշման տատանման դեպքում մածուն ու կիտրոն օգտագործելը «կփրկեն» հիվանդության սրացումից․ «Պետք է դիմել բժշկի, կապը մշտապես պահել բժշկի հետ։ Մեր ազգաբնակչության շրջանում սովորություն կա, որ դեղեր ընդունելոց, որոշ բուժական գործողություններից հետո, երբ առողջական վիճակը կարգավորվում է, «ընկնում են» հանգիստ վիճակի մեջ  և որոշում են, որ չպետք է շարունակեն իրենց բուժումը․ սա սխալ մոտեցում է։ Մարդիկ կան, որ ունեն գանգատներ, բայց անտեսում են, մոռանում  կամ չեն ուզում դիմել բժշկի, ինչի հետևանքով հիվանդությունները սրանում են։ Պետք է հիշել, որ սրտանոթային հիվանդությունները խրոնիկ հիվանդություններ են, և կարիք ունեն երկարատև, անգամ՝ մշտական հսկողության և բուժման»։

Բժիշկ Համայակ Սիսակյանը խորհուրդ է տալիս ձմռան այս շրջանում սրտանոթային հիվանդությունների սրացումներից խուսափելու համար հետևողական լինել սննդակարգի հարցում․ «Ինչպես նշեցի, այս սեզոնին սննդակարգը որոշակիորեն փոխվում է։ Պատահական չէ, որ նոր տարվա խնջույքներից հետո են հատկապես սրանում սրտանոթային հիվանդությունները։  Խորհուրդ կտամ հետևել սրտանոթային հիվանդների համար նախատեսված  սննդակարգին՝ այսպես  ասած՝  «Միջերկրածովյան սննդակարգին»՝ ընդունել բանջարեղենով, բուսական յուղերով հարուստ սնունդ, նաև սահմանափակել մսի, հատկապես կարմիր մսի, յուղային ուտեսների, ճարպերով հարուստ կաթնամթերքի, բարձր գլյուկոզա պարունակող սննդի ընդունումից։ Ամեն ինչ պետք է սկսել  առողջ ապրելակերպի մշակույթը զարգացնելուց և սակավաշարժության դեմ պայքարելուց, ցանկալի է հնարավորության դեպքում  շատ քայլել»։ 

2023-ի հունվար-նոյեմբեր ամսիներին սրտանոթային հիվանդությունների  հետևանքով ՀՀ-ում մահացել է 11 801 մարդ, 2022-ի նույն ամիսներին՝  13 073։

Սրտաբան Համայակ Սիսակյանն արձանագրում է՝ սրտանոթային հիվանդություններով մահացություններն ամենամեծ ցուցանիշներն ունեն․ «Սա հիվանդության ռիսկի գործոնները չկառավարելու հետևանք է։ Հիվանդության դեմ պայքարի դրական օրինակ ունեն արևմտյան երկրները։  Արևմուտքում սրտանոթային հիվանդությունների ցուցանիշները սկսել են նվազել և գրեթե հավասարվել օնկոլոգիական հիվանդությունների վիճակագրությանը, զգալի նվազել է նաև մահացությունը՝ վերջին տարիներին ավելի քան 30 տոկոսով։ Իսկ նման արդյունքի հնարավոր է հասնել հիվանդության ռիսկերի վերահսկողության, ավելորդ քաշի դեմ պայքարի, ծխախոտի դեմ պայքարի, զարկերակային ճնշման վերահսկման և որ ամենակարևորն է՝  հետևողական բուժում ստանալու արդյունքում։ Մեր երկրում, ցավոք, մահացության ցուցանիշները դեռ զգալի են»։

 

Մարիամ Մկրտչյան

02 Փետրվար, 2024 15:20
Վեր