Ապօրինի անտառահատումները շարունակվում են և շարունակվելու են, եթե չլինի համակարգային լուծում․ ո՞րն է պայքարի արդյունավետ տարբերակը

Ապօրինի անտառահատումները Հայաստանում շարունակում են մնալ օրակարգային խնդիր։ Տարիներ շարունակ իրավասուները խոսել են խնդրի դեմ պայքարի տարբեր միջոցներից, արվել են որոշ քայլեր, սակայն անտառն այսօր էլ հատվում է ապօրինաբար։ Այս տարի էլ բացառություն չեղավ, նույնիսկ գրանցվեց աղմկահարույց դեմք Լոռու մարզում։ Ինչպես նախկինում, այսօր էլ դեպքերի մեծ մասը չի բացահայտվում, կան հարուցված քրեական գործեր, վարչական տուգանքներ են կիրառվել և կիրառվում։ Բայց գրանցվող դեպքերի թիվը հուշում է,որ կիրառվող միջոցները փայտագողերին այդքան էլ չի վախեցնում։  

Zarkerak.am-ը փորձել է պարզել,թե ինչ միջոցներ են կիրառվում մեր երկրում ապօրինի անտառահատման դեպքերի նվազեցման ուղղությամբ և զրուցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի հետ, ով, մասնավորապես, ասաց․ «Բնականաբար այդպիսի դեպքերը հայտնաբերվել են, հայտնաբերվում են և պետք է հայտնաբերվեն։ Այս տարի ունենք արձանագրված 8623 դեպք, բայց սրանց գերակշռող մասը լրիվ չհատված կոճղերն են, որը մենք այս տարի կարելի է այսպես ասել, հանել ենք ջրի երես»։

Խնդիրը պատկան կառույցների ուշադրությունից դուրս չէ։ Վերջերս Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել էր անտառտնտեսությունների ավելի քան 100 ներկայացուցչի հետ, տվել խիստ հանձնարարականներ՝ ապօրինի հատումների դեմ պայքարը խիստ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։   

Պաշտոնական տվյալների համաձայն՝ առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում: Այդ թվում՝ Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2021թ. հուլիսի 28-ից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով 9 պաշտոնատար անձինք հանդիսացող` 6 անտառապետի և 3 անտառապահի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրվել են մեղադրանքներ:

Ըստ Ցուգունյանի՝ նախորդ տարիների համեմատ ապօրինի անտառահատումների  դինամիկ աճ է նկատվում, բայց դա պայմանավորված է նրանով, որ բոլոր կոճղերը անխտիր հաշվառվում են։ Մասնագետները պարբերաբար ստուգումներ են իրականացնում  այդ դեպքերի հետ կապված։ Արդյունքում աշխատանքից հեռացվել կամ իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ։

«Փորձը ցույց Է տալիս, որ գյուղացին չի մտնի անտառի խորքից հատի թանկանոց կամ Կարմիր գրքում գրված ծառ։ Նա անմիջական մոտակա հատվածից կկտրի իրեն անհրաժեշտ ծառը, որպեսզի վառելափայտ սարքի։ Կա որոշում, համաձայն որի՝ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին մինչև մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ տրամադրվում է։ Անտառահատումեր հիմնականում անում են փայտագողերը, որոնք տարիներ շարունակ օգտվել են անտառից՝ որպես եկամտի և հարստության աղբյուր։

Երբ դեպքը բացահայտվում է, կազմվում է արձանագրություն, այն ուղարկում են տեսչական մարմին և գնահատվում է վնասը։ Եթե վնասը գերազանցում է 100․000 դրամը, անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Եթե չի գերազանցում, ապա անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության։ Տարվա մեջ երկու անգամ այդպիսի խախտում անելու դեպքում հարուցվում է քրեական գործ։ Իսկ եթե հայտնի չէ, թե ով է անտառհատողը, կազմվում է համապատասխան ակտը, որում նշվում է ծառերի քանակը և տեսակները, և ուղարկվում ոստիկանություն»,-նշեց Ցուգունյանը։

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա առաջին հերթին  սոցիալական խնդիր է, որը այդպես էլ չի լուծվում։

«Ինչքան աղքատությունն ավելանա, այնքան ուժեղանալու է ճնշումը անտառի վրա։ Մենք առաջարկել ենք, որ սակավ ապահովված ընտանիքներին էլեկտրաէներգիայի կամ գազի  դոտացիաներ արվի, որպեսզի թեթևանա ճնշումը անտառի վրա։ Անտառը շատ մեծ արժեք է, և կորցնելով այն՝ մենք միայն անտառը չենք կորցնում, այլ սողանքներ են առաջանում, ջրի աղբյուրներն են ցամաքում, կլիմայական փոփոխություններ են ի հայտ գալիս և այլն։ «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչև 2050թ․-ը 21 տոկոսի հասցնել, այսինքն պաշտոնական տվյալներով՝ կրկնապատկել, մեր տվյալներով՝ եռապատկել անտառապատ տարածքները»,-ասաց բնապահպանը։ Նշենք,որ պաշտոնական տվյալով՝  վերջին գնահատականով, որն արվել է մի քանի տարի առաջ, ՀՀ-ում անտառծածկույթը կազմում է մոտ 11․1 տոկոս։

Ըստ նրա՝ չնայած սահմանված են շատ բարձր տուգանքներ, այդուամենայնիվ հատումները շարունակվում են։ Այս խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Այս համատեքստում  առաջարկվել է բնակչությանը ներգրավել անտառտնկման  գործընթացին։ Օրինակ՝ գարնանը գյուղացիներին տրամադրվի սերմ, որ աճեցնեն, հետո գյուղացուց գնվեն այդ տնկիները և տնկման աշխատանքներին ներգրավվեն տվյալ բնակավայրի բնակիչներին։

«Այստեղ կա նաև հոգեբանական հարց, այսինքն՝ եթե անտառամերձ բնակչությունն է տնկում այդ անտառը, ինքն էլ կպահպանի ու կպաշտպանի»,-հավելեց Վարդանյանը։

Նա նշեց, որ որոշ տեղերում դրվել են սարքեր, որոնք սղոցի ձայնի առկայության դեպքում արձագանքում են, թե որտեղ են հատումներ արվում։ Ըստ նրա՝ ժամանակին նախատեսվել է, որ ծառերը համարակալվեն։ Համարը դրվելու էր համակարգչային ցանց, և այդպիսով հնարավորություն էր տրվելու տեսնել, թե որտեղ է հատվել փայտը՝ նրա վրա առկա չիպի միջոցով։

«Ծրագիրը նախատեսված էր, նույնիսկ, կարծեմ, ֆինանսավորումը կար, բայդ թե ինչու չիրականացվեց այն, այդպես էլ չիմացվեց»,- եզրափակեց Վարդանյանը։ 

 

Վարսիկ Սիմոնյան

19 Հոկտեմբեր, 2021 15:12
Վեր