Երևանը շարունակում է «շնչահեղձ» լինել խցանումներից․ պատճառների և լուծումների մասին խոսել են փորձագետները Zarkerak - Երևանը շարունակում է «շնչահեղձ» լինել խցանումներից․ պատճառների և լուծումների մասին խոսել են փորձագետները
Zarkerak Zarkerak - Երևանը շարունակում է «շնչահեղձ» լինել խցանումներից․ պատճառների և լուծումների մասին խոսել են փորձագետները
Երևանը շարունակում է «շնչահեղձ» լինել խցանումներից․ պատճառների և լուծումների մասին խոսել են փորձագետները

Երևանը շարունակում է «շնչահեղձ» լինել խցանումներից․ պատճառների և լուծումների մասին խոսել են փորձագետները

Հայաստանի ավտոճանապարհներին, մասնավորապես մայրաքաղաք Երևանի փողոցներում խցանումները դարձել են մարդկանց օրվա անբաժանելի մասը: Տարիներ շարունակ քաղաքացիները դժգոհում են խցանումներից, սակայն իրավիճակն այդպես էլ չի փոխվում: Երևանի մի մասից մյուսն հասնելու համար մարդիկ ժամեր են կորցնում, խնդիրն ավելի է բարդանում տեղումների ժամանակ: Պատճառները բազմաթիվ են՝ երթեւեկության սխալ կառավարումից, մինչեւ մայրաքաղաքի ոչ գրագետ կառուցապատումը։

Փորձագետները Zarkerak.am-ի հետ զրույցում արել են որոշ շեշտադրումներ, որոնք նաև խնդրի լուծումներ են։ 

«Խցանումների պատճառները չեն փոխվել, միշտ եղել է այն, որ մեր փողոցները մեծ երթևեկության համար չեն նախատեսված, նույնիսկ ինչ-որ ժամանակավոր լուծումներով՝ ճանապարհների լայնացում կամ, երբ ավտոտեսուչներ են կանգնում ու կարգավորում են երթևեկությունը, խնդիրը չի լուծվում: Հիմնական լուծումներից մեկն այն է, որ պետք է Երևանի շուրջ երկրորդ-երրորդ օղակներ առաջանան, որոնք մարդկանց թույլ կտան առանց Երևանի կենտրոն կամ կոնկրետ փողոցներ մտնելու գնալ Երևանի մի ծայրից մյուսը կամ մի մարզից մյուս մարզ գնալու համար չմտնել Երևանի մեջ, այսինքն՝ շրջանցիկ ճանապարհ լինի: Բացի դրանից, հիմա շինարարության գործընթաց է ընթանում, որն ընդհանրապես՝  ոչ մի ստանդարտներով չի արվում, ով որտեղ ուզում է բերում փորում է՝ առանց ոչ մի կահավորման, օրինակ՝ մի փողոցի կեսը փակում են, մի մեքենա կարող է անցնել և դա կարող է ամիսներով տևել: Տեսնում ենք, օրինակ՝ մի տեղ փակում են, ենթադրենք խողովակ են փոխում, իրենց թվում է, որ լավ գործ են անում: Պատասխանատու մարմինները չեն հաշվարկում, որ, եթե մարդիկ օրինակ՝ մի ժամ մնացին խցանումների մեջ՝ դա արժեք է, դա գումար է, իրենք հաշվում են միայն, որ այդտեղ օրինակ՝ ասֆալտ արեցին ու ոչինչ, որ ասֆալտի պատճառով հազարավոր մարդ աշխատանքից ուշացավ, մի քանի պայմանագրեր չստորագրվեցին, մեքենաների մաշվածությունն ավելացավ, մեքենաներն ավելի շատ վառելիք ծախսեցին խցանումների մեջ, հազար բան, որոնք բոլորը գումար են»,- մեզ հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Դավիթ Պեդանյան

Պեդանյանի խոսքով՝ խցանումների գլխավոր պատճառներից մեկը վթարներն են. «Երբ երկու մեքենա թեկուզ թեթև վթար են ստեղծում, ժամերով կանգնում են, դա անգրագիտության հետևանք է, երբ մարդկանց ասում են՝ դուք կարող եք 5 րոպեում արագ նկարել մեքենաները հետո գնալ, նրանք միևնույնն է դա չեն հասկանում և ամենամեծ քանակությամբ վթարներն էլ հենց լինում են մինչև 200 հազար դրամ սահմանաչափի մեջ: Այստեղ կա անգրագիտության երկու ձև՝ մեկը գալիս է վարորդներից, երբ իրենց մեջ համաձայնեցված կողմը կամ մեղավորն իրեն ճանաչել է, իրենք պետք է ընդամենն արագ նկարեն ու երթևեկելի գոտին ազատեն, երկրորդ խնդիրը գալիս է այն մարմնից, որը որոշել է, որ ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է  մի ժամ սպասես ոստիկանի գալուն, երբ զանգում ես Ոստիկանություն, ասում ես՝ շատ մեծ խցանում է, ինչու չեք գալիս խաչմերուկը բացեք, ասում են բոլոր տեսուչները հիմա վթար են սպասարկում, այսինքն՝ սա պատճառ է, բայց այդ պատճառն էլ իր պատճառներն ունի: Պետք է ինչ-որ մեկը վարորդներին սովորեցնի, գնում ես ԱՊՊԱ պայմանագիր կնքելու, պետք է այնտեղ օրինակ՝ հերթականությամբ ցույց տան ԱՊՊԱ-ի հետ կապված քո իրավունքներն ու պարտականությունները, շատերը չգիտեն, որ կա հավելված, որը մինչև 200 հազար դրամը թույլ է տալիս արագ մեղավոր անմեղ ճանաչել»:

Փորձագետը, իհարկե, մեքենաների թվի աճն էլ է համարում խցանումների ավելացման պատճառ՝ դրա մեջ առաձնացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ՀՀ-ում հաստատվելը. «ԼՂ-ից եկած մեքենաներն էլ բավականին շատ են, որն էլ իհարկե, իր հերթին նպաստել է խցանումների ավելացմանը»:

Անդրադառնալով առաջարկվող լուծումներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես առաջարկում եմ գտնել գրագետ մասնագետների, որոնք խորը հետազոտություն կանեն, հիմնային պատճառները կհասկանան, պետք է միաժամանակ մի քանի ուղղությամբ անել միջոցառումներ, պետք է կրթել մարդկանց, որպեսզի նրանք էլ ճիշտ կարողանան կողմնորոշվել, եթե չգիտես՝ նայում ես կողքինիդ և նույն սխալն անում: Պետք է ագիտացիոն, կրթական մշակութային միջոցառումներ անել և դրանք զարգացնել»:

Ավտովարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովի խոսքով էլ՝ խցանումների առաջացման հիմնական պատճառներից մեկը վթարներն են. «Ամբողջ աշխարհում է նկատվում, որ եթե վթար է լինում, հապաղում են, կանգնում են, տեսնում՝ ինչ վնաս է եղել և դա էլ բնականաբար հանգեցնում է խցանումների: Օրինակ՝ մի քանի օր առաջ ես ծայրամասում դատարկ ճանապարհով երթևեկում էի, անձրև սկսվեց ու այդտեղ վթար տեղի ունեցավ, այդ ճանապարհը միանգամից դարձավ կենտրոնի խցանում, մի բան էլ նկատեցի, որ պարեկները շատ արագ այդտեղ եկան, այսինքն՝ նման դեպքերում, պետք է նաև նշել, որ նրանք արագ արձագանքում են»:

Արտակ Խաչատուրով

Խաչատուրովը խցանումների պատճառներից է համարում նաև երթևեկության մասնակիցների նկատմամբ արհամարհանքը. «Վերլուծությունը ցույց է տվել, որ միակ պատճառը՝ մեկը մյուսին չզիջելն է, դրանից էլ մնացած բոլոր պատճառները ծագում են, օրինակ՝ հեռավորություն չպահել, վթարների առաջացում, վեճեր և այլն: Չզիջելու համար Հայաստանում տուգանք կա, որը երբեք չեն կիրառում, դրա ընդհանուր գաղափարն էլ չկա, արտասահմանում, նույնիսկ Ռուսաստանում կա ագրեսիվ երթևեկություն հասկացությունը, տեղապտույտով վարում հասկացությունն ու ընդհանրապես՝ երթևեկության մասնակիցներին հարգել-չհարգելու հասկացությունը, դրա պատճառով կարող են զրկել նաև վարորդական իրավունքից: Օրինակ՝ գնում ես Կենտրոն, տեսնում ես խցանում է, մի մեքենա եկել երկրորդ շարքում կանգնել է, դա երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, դրա պատճառով արդեն խցանումը կարող է կիլոմետրով երկարել, ակտիվ մեխանիզմ չկա այս խնդրի լուծման համար: Երևանի մասշտաբը բավականին մեծ է, ոստիկանությունն ընդամենը երեք կամ չորս էվակուատորով է աշխատում ու պատկերացրեք մինչև ավտոկայանից հասնի Մասիվ, արդեն խցանումը պատրաստ է, այսինքն՝ տեղում այդ օպերատիվ աշխատանքի մեխանիզմը չունենք»:

Փորձագետը նշեց, որ ոլորտում պետք է արդիականացում լինի և նոր լուծումներ կիրառվեն. «Երևանում մինչև հիմա կառավարման համակարգ չկա, պետք է պարեկը մոտենա, նոր տեսնի, թե ինչումն է խնդիրը, այսպես չպետք է լիներ, պետք է աշխատասենյակից նստած լույսերը կարգավորվեին, որ հոսքերի թողունակությունն ապահովվեր, ենթադրենք՝ երեկոյան ժամերին հետ գնալունը, առավոտյան ժամերին քաղաք մտնելունը, կարելի էր դա ավտոմատացնել, բայց նման ներդրում 20 տարվա մեջ չի արվել: Հիմա, եթե նայենք, ինչպես 2000 թվականին եղել է, նույնն էլ հիմա է, ընդամենն այդ տուգանող տեսախցիկն է ավելացել, այլ լուրջ տեխնոլոգիական ներդրում չի եղել, վերջն էլ այսպես պետք է լիներ: Երթևեկության մեջ նորմալ չի, որ անվտանգության համակարգեր չես ներմուծում: Երբ գնում ենք Վրաստան, տեսնում ենք շատ պրիմիտիվ, բայց հետաքրքիր միջոցներ են ձեռնարկվում որոշակի անվտանգություն ապահովելու համար՝ կահավորման մասին է խոսքը: Օրինակ՝ ավտոբուսի գծերը, 5 տարուց ավել է դա Վրաստանում կա, մեզ մոտ նոր-նոր ներմուծում են, հետ են ընկել, դրա համար բան չի փոխվում»:

Մեր այն հարցին, թե ինչ պետք է փոխվի խնդիրը լուծելու համար՝ Արտակ Խաչատուրովն ասաց. «Առաջարկում ենք, օրինակ, որ ոչ թե 160 հազար տուգանեն կենտրոնը բեռնաթափելու համար, այլ ավտոբուսի գծերը երկարեն, փորձնական մեկ-երկու անգամ արվեց, կարծես թե հաջող էր, բայց հիմա էլ, ավտոբուսի գծերը թույլ են տալիս միայն ավտոբուսներին երթևեկել, բայց նկատում ենք, որ այդ գծերը մշտապես դատարկ են, հիմա ժամանակավոր առաջարկում ենք, քանի ավտոբուսներն ամբողջ ծավալով չեն գործում, այդ գծերից օգտվեն նաև որոշակի ծառայություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունները կամ օրինական գրանցված տաքսիները, պայմանով իհարկե, որ ավտոբուսին չեն խանգարի, դա ևս թեթևացնող միջոց է: Մեզ մոտ համակարգը ճկուն չի գործում»:

 

Աննա Բզնունի

09 Փետրվար, 2024 14:08
Վեր