«Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարական պետություն է և իրականացնում է փոփոխություններ՝ երկրի դիմակայունության բարձրացման համար: Ինչ վերաբերվում է տարածքաշրջանային ապակայունացմանը, ցանկացած մարդու մոտ առաջանում են մտավախություններ»:
Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինքն ունի՞ վախ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է սկսվել երրորդ լայնամասշտաբ պատերազմը:
Նա հայտնեց, որ կարևոր է արձանագրել հարաբերությունների միջպետական բնույթը:
«Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերին: Եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպետք է հարգի իր կողմից ստորագրած փաստաթղթերը, կարող է իր հարևան ցանկացած երկրի վրա հարձակվել»,-նշեց նա:
Հաղորդավարի դիտարկմանը, թե եթե Հայաստանը ստանա իր ուզած միջազգային երաշխիքները, հավատու՞մ է, որ Ալիևը կպահպանի իր պայմանավորվածությունները, վարչապետը նշեց, որ հավատում է Աստծուն ու կարծում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հետևել իր ստանձնած պարտավորություններին: