Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հարցազրույց է տվել «Известия»-ին, որի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու համար:
Հարցին, թե որն է այսօր Ռուսաստանի դերն այս վիճելի հարցի վերջնական լուծման գործում, նա պատասխանել է.
«Այո, Ղարաբաղի հարցը փակված է։ Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ցավոք սրտի, չստացվեց. այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը»։
Նա խոսել է նաև Մոսկվայի և Բաքվի միջև խաղաղապահ կոնտինգենտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների մասին, հայտնել, որ նրանք մնում են տարածաշրջանում: Նշել է, որ խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ, նրա մնալու ժամկետը լրանում է 2025 թվականին։