Ինչ-որ բան փոխելու համար, պետք է ինչ-որ բան փոխել մտածելակերպում Zarkerak - Ինչ-որ բան փոխելու համար, պետք է ինչ-որ բան փոխել մտածելակերպում
Zarkerak Zarkerak - Ինչ-որ բան փոխելու համար, պետք է ինչ-որ բան փոխել մտածելակերպում
Ինչ-որ բան փոխելու համար, պետք է ինչ-որ բան փոխել մտածելակերպում

Ինչ-որ բան փոխելու համար, պետք է ինչ-որ բան փոխել մտածելակերպում

«Երկրում բան չի փոխվել», այս արտահայտությունը հաճախ լսվող, սակայն հաճախ նաև ամենատարածված անհիմն արտահայտություններից մեկն է։ Ինչո՞ւ է հիմք չունեցող, որովհետև «բան չի փոխվել» արտահայտությունը հիմնականում անում են նրանք, ովքեր համարում են, որ իրենց կյանքում ցանկացած փոփոխություն պետք է անեն ուրիշները, իսկ իրենք պետք է վայելեն։

Անցել են սովետական ժամանակները, երբ սովորական քաղաքացին՝ իսկապես շատ բան չէր անում ինչ-որ փոփոխության հասնելու համար, նրա փոխարեն դա անում էր պետությունը, կուսակցությունը և հրամցնում էր քաղաքացուն՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու։

Հայաստանի անկախությունից հետո ձևավորվեց մի իրավիճակ, երբ փոփոխություններ իսկապես լինում էին, սակայն դրական փոփոխությունները հիմնականում զգում էին քաղաքական և իշխանական էլիտաները, իսկ շարքային քաղաքացիները  քաղում էին այդ փոփոխությունների բացասական հետևանքները։ Կոռուպցիա, մենաշնորհներ, պետական միջոցների յուրացում և այլն, սրանց պտուղները քաղում էին չինովնիկները, իսկ քաղաքացիներին բաժին էին հասնում «անպտուղ» փոփոխությունները։

2018 թվականի հեղափոխությունից հետո իրավիճակն էապես փոխվել է։ Իհարկե՝ սխալ կլինի ասել, թե ամեն ինչ այնքան իդեալական է դարձել, որ «բան չի փոխվել» արտահայտությունն այլևս ավելորդ է։ Սակայն չտեսնել փոփոխություններն էլ՝ մեղմ ասած սխալ է։ 5-6 տարվա ընթացքում փոխվել է շատ բան, այն ինչ նախկինում փակ էր շատերի համար, այսօր արդեն բաց է։ Մենաշնորհների, համակարգային կոռուպցիայի վերացում, խոսքի ազատություն, ազատ ընտրություններ, բիզնեսի ազատականացում, մրցակցության ավելացում։ Չտեսնել այս ոլորտներում առկա փոփոխությունները՝ նշանակում է չտեսնել իրականությունը։

Բնականաբար, այսօր էլ կան խնդիրներ, որոնք չեն լուծվել և որոնց արմատները շատ խորն են։ Սակայն գլոբալ փոփոխություններից բացի՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքը նախևառաջ ցանկանա գնալ փոփոխությունների։

Պետությունը լավ, թե վատ, բայց ստեղծում է այն միջավայրը, որում քաղաքացին կարող է էական փոփոխությունների հասնել։ Սակայն քաղաքացին պետք է նաև գիտակցի, որ ցանկացած փոփոխության հնարավոր է հասնել ինքնակրթվելով, զարգանալով և մտածելով։ Նստել համակարգչի մոտ, կամ բազմոցին և գրել «բան չի փոխվել» երեք բառանոց արտահայտությունը՝ բնականաբար՝ ամենահեշտն է, սակայն այն երբեք բան չի փոխի, եթե հաջողության հասնելու միակ գործիքդ այդ երեք բառերն է։

Կյանքում բան փոխելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ինչ-որ բան փոխել սեփական մտածելակերպում, որը, բնականաբար՝ բարդ է, բայց ոչ անհնարին։

Ինչ-որ բան փոխելու համար ցանկացած մարդ պետք է ունենա նպատակ։ Իսկ, եթե կա նպատակ, ապա պետք է գնալ դրա հետևից։ Ցանկացած նպատակի մեջ կա սովորելու բան, որը ինչ-որ քայլ է մյուս նպատակին հասնելու համար։

Ընդհանրապես, մարդը եթե ձգտում է ինչ-որ բան փոխել, չպետք է հանձնվի ինքն իրեն։ Դա, թերևս՝ ամենավատ հոգեբանական «ծրագիրն» է, որը մարդը ներդնում է իր մեջ իր կամքով։

Մկրտիչ Իսրայելյան 

12 Փետրվար, 2024 14:35
Վեր