«Պետք է արձանագրել, որ միջազգային երեք ձևաչափերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են»,- այս մասին երեկ բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, խոսեց Ադրբեջանի նախագահի կոշտ հռետորաբանության, ՀՀ-ի անվտանագային ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հնարավոր ռազմական էսկալացիայի մասին:
Փաշինյանի նշված և հարցազրույցի ընթացքում հնչեցրած այլ հայտարարությունների Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:
«Պատահական չէ, որ այս հարցազրույցը տեղի ունեցավ Ադրբեջանում ընտրություններից անմիջապես հետո, ընդ որում նաև Շառլ Միշելի և Ալիևի հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ Ալիևը վերահաստատեց իր պատրաստակամությունը բրյուսելյան հարթակում բանակցությունները շարունակելու վերաբերյալ: Այստեղ հնարավորություն է տրվում հայկական կողմին վերահաստատել ոչ միայն իր կողմից ստանձնած պարտականությունը՝ բրյուսելյան հարթակում բանակցությունները շարունակելու, այլ նաև ասել, թե ինչ սկզբունքների շուրջ է ինքը պատրաստ շարունակել այդ բանակցությունները և կարևոր էր այս հնարավորությունը, երբ Նիկոլ Փաշինյանը նշմարեց այն սկզբունքները, որոնք համաձայնեցված են և որի շուրջ ինքը պատրաստ է շարունակել բանակցությունները: Դրանք են, ըստ էության, Գրանադայում ստորագրված փաստաթղթում նշված սկզբունքները, թեև մինչև Գրանադա նաև այլ պայմանավորվածություններ են եղել, գրավոր արձանագրումներ են եղել, որոնցից մեկն է նաև վարչապետի նշած ռուսական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ուժի կիրառման բացառման վերաբերյալ»:
Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանում ընտրություններից առաջ Ալիևն իր հարցազրույցում հնչեցրել է մտքեր, որոնք հարված են խաղաղության գործընթացին: Խուրշուդյանը նշեց, որ Ալիևի կողմից հնչող հայտարարությունները խնդրահարույց են. «Ալիևը հայտարարել էր նաև, որ իր համար անընդունելի է, որ Հայաստանը շարունակում է զինվել և որ դա կարող է հետևանքներ ունենալ ՀՀ-ի համար և այլն: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի ամրապնդել իր մարտունակությունը, դիմադրողականությունը և սահմանները և դա առաջնային խնդիր է, երկրորդը, իհարկե, բանակցությունները միջազգային հարթակներ տեղափոխելն է, որովհետև երկկողմ հարթակում բանակցությունները որևէ երաշխիք իրենց մեջ չեն պարունակում, միայն միջազգային հարթակներն են, որ շատ թե քիչ զսպող մեխանիզմ են դառնում Ալիևի համար և նաև այդ հարթակներում է, որ հնարավոր է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը ներառի բոլոր համաձայնեցված սկզբունքները»:
Խոսելով անվտանգային ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հայտարարության և այն մասին, թե դա ինչպես կընդունվի ռուսական կողմից և արդյոք կազդի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման վրա՝ մեր զրուցակիցն ասաց. «Հայ-ռուսական հարաբերություններին վնասում է նախ և առաջ Ռուսաստանի պահվածքը, այն հակահայկական քաղաքականությունը, որն արդեն ակնհայտ է տարածաշրջանում: Մյուս կողմից վարչապետը բավականին զգույշ է արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով, դա կարելի է հասկանալ, եթե դա նշանակում է այն, որ Հայաստանի ղեկավարության կարծիքով՝ խոսքերը գործերից առաջ չպետք է ընկնեն և ավելի լավ է քայլեր արվեն, հետո նոր դրանք բացատրվեն, այդ թվում դիվերսիֆիկացիայի, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, ես միայն կողմ կլինեմ դրան, և ես հույս ունեմ, որ այդ քայլերը կլինեն: Այն, որ Հայաստանն արդեն սկսել է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը՝ անկնհայտ է և իրողություն, հուսամ նոր քայլեր կլինեն, որովհետև տեղի ունեցածը և արդեն առկա իրողությունները բավարար չեն Հայաստանի իրական անվտանգության ապահովման և Ռուսաստանից կախվածությունը վերացնելու հարցում»:
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ՌԴ-ն կորցրել է այն հիմնական լծակը, որով ազդում էր ՀՀ-ի վրա. «Ռուսաստանը մեծ հաշվով կորցրել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական լծակը, դա Արցախի հարցն է: Ռուսաստանն ինքն իր ձեռքով զրկեց իրեն ՀՀ-ի վրա ազդելու այս մի լծակից և հիմա իր ձեռքում մնացել է երեք լծակ. առաջինը՝ Լարսը փակելու և գազի մատակարարումը դադարեցնելու կամ թանկացնելու լծակն էր, որը փորձ արվեց կիրառել անցյալ տարի դեկտեմբերին, իմ ունեցած տեղեկություններով Հայաստանից ուղերձ էր գնացել, որ եթե մենք ԵԱՏՄ-ի հետ առևտուր անելու հնարավորություն չունենք և դա փակվում է մեզ համար, ուրեմն ԵԱՏՄ-ում մնալու մեր նպատակահարմարությունն էլ վերանում է և ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից, եթե Լարսը չբացվի և անմիջապես դրանից հետո Լարսը բացվեց և, ոչ միայն Լարսն է բացվել, այլ նաև գազի գների մասին խոսակցություններն են դադարել և վերահաստատվել է գազի նույն գինը և ատոմակայանի միջուկային վառելիքը մատակարարվում է: Հիմա այդ լծակը չի աշխատում, որովհետև այդ ուղղությամբ Հայաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի:
Մյուս լծակն Ադրբեջանի՝ որպես բութ գործիք Հայաստանի դեմ օգտագործումն է, այս լծակն էլ մենք տեսնում ենք, որ կարծես թուլանում է, որովհետև ԵՄ-ն և Արևմուտքը ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, հիմա այդ ճնշմանն ավելացել է նաև Ադրբեջանի ընտրությունները չճանաչելու սպառնալիքը և դրա ներքո Ադրբեջանը համաձայնել է վերադառնալ բրյուսելյան հարթակ: Երրորդ լծակը՝ Հայաստանի ներսում եղած 5-րդ շարասյունն է, ռուսահպատակ տարբեր քաղաքական ուժեր, ընդ որում դրանք ոչ միայն բացահայտ ռուսամետ ուժեր էլ, այլ կան նաև որոշ իրենց իբրև արևմտամետ դաշտում դիրքավորած, բայց իրականում ծպտյալ ռուսական շահեր սպասարկող ուժեր: Այդ ուժերը ևս չունեն այնպիսի ազդեցություն Հայաստանում, որ կարողանան ՌԴ-ի հրահանգով ցանկացած պահի ապակայունացնել իրավիճակը և դրանով ճնշել Հայաստանի իշխանություններին՝ գնալու ինչ-որ զիջումների: Մեծ հաշվով Հայաստանն այսօր ունի դիմադրողականության բավականին մեծ ռեսուրս ռուսական ցանկացած ազդեցության դեմ և դա նշանակում է, որ մեծ հնարավորություն է բացվել շարունակել և խորացնել եվրոպական ինտեգրման քայլերը»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ նշելով, որ դրանք խորանում են: Խուրշուդյանի կարծիքով էլ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջընթացը տեսանելի է. «Առաջին անգամ ԵՄ-ն քննարկում է եվրոպական խաղաղության գործիքի ՀՀ-ի հանդեպ կիրառման հարցը, որը նշանակում է, որ անվճար Հայաստանին զենք-զինամթերք կմատակարարվի և դա ընդամենը ժամանակի հարց է: Սա, իհարկե, միակ հանգամանքը չի, SEPA-ի շրջանակներում մեր պարտավորությունները կատարելուց հետո, բնականաբար, կարծում եմ՝ նոր, ավելի ընդլայնված փաստաթուղթ ստորագրելու կարիք կլինի, որն իմ կարծիքով՝ Ասոցացման համաձայնագիրն է լինելու, սա էլ ժամանակ է պահաջնում, որովհետև նախ մեր տնտեսության կարողությունները պետք է զարգացնել, որպեսզի ունակ լինի ապրանքներ մատակարարել եվրոպական շուկաներ»:
Անդրադառնալով նաև ռազմական էսկալացիայի հավանականությանը և Փաշինյանի պատասխանին, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին: Խուրշուդյանը նշեց, որ այս պահին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ ավելի նվազ է, քան կար անցյալ տարի Արցախի հայաթափումից հետո մինչև տարեվերջ. «Վերջին շրջանում ավելի ուխտադրուժ պետություններ, քան Ադրբեջանն ու Ռուսաստանն են՝ չկան, այդ երկուսը շատ նման են իրար իրենց ագրեսիվությամբ, ծավալապաշտությամբ և միջազգային հարաբերությունների համար անընդունելի մնացած այլ մոտեցումներով:
Ադրբեջանին այդ թղթերը չէ, որ պետք է պահեն, այլ այնպիսի անվտանգային ճարտարապետության ձևավորումը տարածաշրջանում և ռազմաքաղաքական բալանսի վերականգնումը, ինչպիսին, որ Արևմուտքը պետք է հաստատի․ այդ ուղղությամբ քայլեր Արևմուտքի կողմից մենք տեսնում ենք և դրանցից ամենակարևորը՝ Թուրքիային ՌԴ-ից պոկելն է, Թուրքիային արևմտյան ազդեցության տակ վերադարձնելը, որովհետև այդ իմաստով հիմնական ապակայունացնող գործոններից մեկը տարածաշրջանում, իհարկե, Թուրքիան է, և եթե այն վերադառնում է արևմտյան խաղի կանոնների շրջանակ, դա նշանակում է, որ թուրքական ուղղությամբ սպառնալիքներն էապես կարող են չեզոքացվել»:
Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ ՀՀ-ի վարած քաղաքականությունը տանում է դեպի խաղաղություն. «ՀՀ-ի վարած քաղաքականությունը բավականին հավասարակշռված է՝ առանց կտրուկ քայլերի և հիմնված է Արևմուտքի հետ գործակցության վրա»:
Աննա Բզնունի