Գարունը մոտենում է, զարկերակային գերճնշում ունեցողներին հիվանդությունն իր մասին հիշեցնել է տալիս․ սրտաբանի խորհուրդները՝ ինչպես ինքնուրույն կառավարել հիվանդության սրացման այս շրջանը և երբ դիմել բժշկի Zarkerak - Գարունը մոտենում է, զարկերակային գերճնշում ունեցողներին հիվանդությունն իր մասին հիշեցնել է տալիս․ սրտաբանի խորհուրդները՝ ինչպես ինքնուրույն կառավարել հիվանդության սրացման այս շրջանը և երբ դիմել բժշկի
Zarkerak Zarkerak - Գարունը մոտենում է, զարկերակային գերճնշում ունեցողներին հիվանդությունն իր մասին հիշեցնել է տալիս․ սրտաբանի խորհուրդները՝ ինչպես ինքնուրույն կառավարել հիվանդության սրացման այս շրջանը և երբ դիմել բժշկի
Գարունը մոտենում է, զարկերակային գերճնշում ունեցողներին հիվանդությունն իր մասին հիշեցնել է տալիս․ սրտաբանի խորհուրդները՝ ինչպես ինքնուրույն կառավարել հիվանդության սրացման այս շրջանը և երբ դիմել բժշկի

Գարունը մոտենում է, զարկերակային գերճնշում ունեցողներին հիվանդությունն իր մասին հիշեցնել է տալիս․ սրտաբանի խորհուրդները՝ ինչպես ինքնուրույն կառավարել հիվանդության սրացման այս շրջանը և երբ դիմել բժշկի

Երկու շաբաթից գարուն է, մի եղանակից մյուսին անցումն իրենց «մաշկի վրա» հատկապես զգում են զարկերակային գերճնշում (հիպերտենզիա) ունեցողները, այսպես ասած, «հիպերտոնիկները»հիվանդության սրացման շրջանն  է։

«Եղանակների փոփոխությունը՝ հատկապես գարնանային և աշնանային շրջանում, հանգեցնում է զարկերակային ճնշման տատանման ակտիվացման։ Եղանակային պայմանները՝ մասնավորապես անբարենպաստ են զարկերակային գերճնշում ունեցողների համար, թիրախային խմբում են 60-ից բարձր թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, ընդ որում այս տարիքային խմբում շուրջ 60 տոկոսը ռիսկի գոտում են։ Հետևաբար, զարկերակային հիպերտենզիա ունեցողներն այս շրջանում պետք է ավելի զգոն լինեն և որևէ խնդիր նկատելու դեպքում դիմեն բժշկի»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է «Հերացի» պոլիկլինիկայի սրտաբան Անի Մալխասյանը։

Անի Մալխասյան

Սրտաբանը բացատրում է, որ ինքնուրույն էլ կարելի է հասկանալ, որ առկա է ճնշման խնդիր, դրա համար նախ հարկավոր է տեղյակ լինել, թե որ տարիքում զարկերակային ճնշման որ չափումներ են նորմալ․ «16-20 տարեկանների համար նորմա է սիստոլային ճնշումը (վերին ճնշում)՝ 100-120 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը (ստորին ճնշում)՝ 70-80 մմ ս.ս., 20-40 տարեկանների համար՝  սիստոլային ճնշումը՝ 120-130 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 70-80 մմ ս.ս., 40-60 տարեկաների դեպքում՝ սիստոլային ճնշումը՝ մինչև140 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ մինչև 90 մմ ս.ս., 60 տարեկանից բարձրերի դեպքում՝ սիստոլային ճնշումը՝ 150 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 90 մմ ս.ս։ 18-ից բարձր անձանց մոտ զարկերակային ճնշումը պետք է չափվի և նորմալ  ցուցանիշների դեպքում հետագայում չափվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում՝ երեք տարին մեկ անգամ, իսկ 50  տարեկանից բարձր տարիքային խմբում էլ ավելի ինտենսիվ պետք է հետևել ճնշման թվերին, որոշ դեպքերում ընդհուպ՝ ամեն օր»։ 

Ընդհանուր առմամբ, հասուն մարդու զարկերակային ճնշման կատարյալ նորման համարվում է 120/80 մմ ս.ս.-ը․ «Բոլոր մարդկանց համար մինչև 140/90 ճնշումը համարվում է նորմալ,140/90 թվից բարձր թվի դեպքում ենք խոսում զարկերակային բարձր ճնշման մասին»։

«Հենց այս սեզոնին է, որ զարկերային բարձր ճնշման տարատեսակ ախտանշաններ կարող են ի հայտ գալ։ Ամենահաճախ հանդիպող ախտանշաններից մեկը գլխացավն է, գլխապտույտը, դեմքի կարմրությունը, գլխում պուլսացիայի զգացումը,  սրտխփոցը, կրծքավանդակում դիսկոմֆորտը, անհանգստության զգացումը, նաև՝ հաճախամիզությունը, գիշերամիզությունը, որոնք ոչ միշտ, բայց ևս կարող են արտահայտվել»,- նշում է սրտաբանը։    

Միևնույն ժամանակ  բացատրում է, որ եթե ձեռքի տակ ճնշման չափման սարք չկա, ու ճնշման տատանման ախտանշանները նոր-նոր են ի հայտ գալիս, գուցե մարդն ինքն էլ չկողմնորոշվի՝ ճնշումը բարձրացե՞լ է, թե՞ իջել․«Նախ հասուն մարդու մոտ ցածր է համարվում 100/60 մմ ս.ս.-ից ցածր ճնշումը: Ցածր ճնշման դեպքում հիմնական ախտանշաններ են գլխացավը, ականջներում խշշոցի զգացումը, մշուշված տեսողությունը, ընդհանուր թուլությունը,  ընդ որում՝ որոշ դեպքերում  կարող են ախտանշանները զարկերային բարձր ճնշման հետ նման լինել։ Մարդն ուղղակի կարող է ունենալ վատ ինքնազգացողություն և չհասկանալ՝ ճնշումը բա՞րձր է, թե՞ ցածր»։

Ընդ որում՝  մասնագետը նշում է, որ բառիս բուն իմաստով «շահում են» այն մարդիկ, որոնց մոտ խրոնիկ այս հիվանդության ախտանշանները գոնե արտահայտվում են, քանի որ հնարավորություն են ստանում կառավարելու ընթացքը․ «Զարկերակային հիպերտենզիան հաճախ կարող է ասիմպտոմ՝ առանց ախտանշանների ընթացք ունենալ, և դա է պատճառը նաև, որ այս հիվանդությանն անվանում են  «համր սպանող»։ Պետք է փաստեմ, որ հիվանդության բարդություններից մահացությունը բարձր է, հիվանդությունը կարող է ռիսկի գործոն լինել նաև սրտային անբավարարության համար, կարող է առաջացնել սրտի ռիթմի մի շարք խանգարումներ, կարող է պատճառ դառնալ խրոնիկ երիկամային անբավարարության զարգացման, ախտահարել ուղեղի անոթները՝ հանգեցնելով այս օրգան համակարգում տարբեր հիվանդությունների՝ ընդհուպ ինսուլտի»։

Ըստ Մալխասյանի, պետք չէ թերագնահատել նաև զարկերակային ցածր ճնշման հետևանքները, դրանք կարող են հանգեցնել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման, հատկապես տարեցների դեպքում՝ գլխապտույտի,  սիրտանոթային տարբեր հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ սրտի կաթվածի։ 

Վերադառնալով զարկերակային հիպերտենզիային՝ Անի Մալխասյանն ընդգծում է, որ հիվանդության վաղ առաջացումը  կանխելու համար կարևոր են սքրինինգային ծրագրերը «Խնդիրների վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման  համար մեր երկրում իրականացվում են  սքրինինգային ծրագրեր 35-68 տարիքային խմբի համար, տեղամասային պոլիկլինիկաներում տարեկան մեկ անգամ կատարվում են  արյան մեջ խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակի որոշում, նաև մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում և զարկերակային ճնշման չափում», - ընդգծում է մասնագետը։ Խորհուրդ է տալիս զարկերակային գերճնշում ունեցողներին տարեկան առնվազն մեկ անգամ այցելել բժշկի, անգամ, եթե դեղամիջոցներով կարողանում են տևական ժամանակ կառավարել հիվանդության ընթացքը։

Սրտաբանը հիշեցնում է, որ նստակյաց  կենսակերպը, ոչ առողջ սնունդը,ֆիզիկական պասիվ վիճակը զարկերակային հիպերտենզիայի հարցում էական դեր ունեն․ «Խիստ կարևոր է հետևել կենսակերպին, շատ կարևոր է սահմանափակել մսի օգտագործումը, աղի օգտագործումը՝ մինչև օրական 5 գրամ, պետք է սահմանափակել նաև ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել ծխելուց, սննդակարգում ավելացնել թարմ մրգեր, բանջարեղեն, ձկնամթերք։ Նաև կարևոր է ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն՝ շաբաթական 5-7 օր՝ առնվազն  30 րոպե տևողությամբ»,- ընդգծում է մեր զրուցակիցը։ Շեշտում է, որ այս պարզ կանոնները ոչ միայն արդեն իսկ հիվանդություն ունեցողներին կօգնեն խուսափել բարդություններից, այլ նաև կօգնեն կանխել դրա վաղ առաջացումը։ 

Սրտաբանն էլ մտահոգված նկատում է, որ զարկերակային ճնշում ունեցողների տարիքային շեմն իջել է, հիվանդությունը՝ երիտասարդացել է․ «Ապրելակերպը, սթրեսը՝ այս բոլորը նպաստող գործոններ են»։

Այսպիսով, ճնշման տատանումներ ունեցողներին  և գանգատներից բողոքողներին Անի Մալխասյանը նախ խորհուրդ է տալիս հետևել տատանումների միջակայքերին և պարբերականությանը․ «Ցանկալի է ճնշումը չափել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, պետք է չափել հանգիստ վիճակում, երկու անգամ, հասկանալ որքանով է տարիքին համապատասխան նորմայի մեջ, արդյոք տատանվում է օրվա ընթացքում»,- նշում է նա և հավելում․«Նպատակը զարկերակային ճնշումը ցանկալի միջակայքում պահելն է․ եթե պարբերաբար չափումների արդյունքում տեսնում եք, որ ճնշումը չի գտնվում նորմայի ցանկալի վիճակում՝ պարբերաբար առնվազն 10 մ․մ․ ս․ս-ով բարձր է, այդ դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Հիշեցնեմ, որ ինքնաբուժությունը բացարձակ չի խրախուսվում, նախ պետք է ընտրել տվյալ օրգանիզմի համար համապատասխան դեղորայք ու դրա դեղաչափը։ Ինքնուրույն այս կամ այն դեղն ընդունելով հնարավոր է ոչ միայն չհասնել դրական արդյունքի, այլ՝ ունենալ հիվանդության  բարդություններ»։

Ըստ մասնագետի՝ որքան էլ ճնշման տատանումները կարգավորող ավանդական մեթոդները կիրառվեն, մասնագետին այցը և հիվանդությանը համապատասխան դեղերն ընդունելը հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն տարբերակն են։

Ի դեպ, ըստ սրտաբանի սիրտանոթային հիվանդություններից ամենատարածվածներից մեկն աշխարհում հենց զարկերակային հիպերտենզիան է՝ այն ախտորոշված է մոտ 1 միլիարդ մարդու մոտ։  

Մոլորակի բնակչության կենսակերպն էլ հուշում է, որ ապագայի կանխատեսումներն էլ դրական չեն․ «Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների թիվն աշխարհում շարունակելու է աճել՝  2025-ին հասնելով մոտավորապես 1,5 միլիարդի»,- ընդգծում է սրտաբան Անի Մալխասյանը։

 

Մարիամ Մկրտչյան

16 Փետրվար, 2024 15:53
Վեր