«Զուլալի»-ն հայկական ձեռագրով, հայկական կինոլեզվով պատմված համամարդկային պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում․ Հերմինե Ստեփանյան

Մոտ երկու տարի է, ինչ Հայաստանում՝ թե՛ քաղաքացիների, թե՛ կինոգործիչների շրջանում, խոսվում է ու քննարկվում Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքի հիման վրա նկարահանվող համանուն ֆիլմը։ Ու կար սպասում։ «Զուլալի»-ն շուտով կբարձրանա մեծ էկրան: Ֆիլմի ստեղծման  պատմության  մանրամասների մասին  Zarkerak.am-ը զրուցել է  ռեժիսոր Հայկ Օրդյանի հետ։

«Գիրքը շատ հետաքրքրեց ինձ երկու պատճառով, առաջինը՝ շատ հարազատ և ծանոթ էր ինձ․ ներկայացված է Տավուշի միջավայրը՝ մթնոլորտը,մարդիկ, գույները։ Հետաքրքիր դրամատուրգիական կառուցվածք ուներ՝ պատմությունը կառուցվում էր խճանկարի նման։ Եվ սա դրդեց ինձ անպայման էկրանավորել  այն»,- ասաց Օրդյանը։

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2019 թվականից և իրականացվել Տավուշի մարզի Նավուր և Այգեձոր գյուղերում։ Ֆիլմի գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը և Արտյոմ Մելիքյանը, իսկ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է։

«Ֆիլմի առաջին պատկերները տեսնելով՝ Մաեստրոն միանգամից թուղթ և գրիչ խնդրեց և ասաց՝ ուզում եմ նոտագրել։ Կարծում եմ՝ Մաեստրոյի գրած երաժշտությունը ամբողջությամբ ի մի է բերել ֆիլմի գեղարվեստական միտքը»,- հավելեց նա։

Հայկ Օրդյանը պատմեց, որ ի սկզբանե որոշել է ֆիլմում հնչեցնել տավուշյան բարբառը, սակայն այս հարցին հետաքրքիր լուծում է տրվել․ «Եթե կերպարը ուղղակի մտքեր է արտահայտում կադրից դուրս, նրա խոսքը գրական հայերենով է՝ պահպանելով տավուշյան ակցենտը, իսկ երկխոսությունները  բարբառով են։ Փորձել ենք ամեն ինչ անել, որ ֆիլմում օգտագործված բարբառը հասկանալի լինի հանդիսատեսին»։   

Դերասանուհի Հերմինե Ստեփանյանը, որը ֆիլմում մարմնավորում է Զուլալիի կերպարը, ասում է՝ առաջիններից մեկն է եղել, որ իմացել է ֆիլմի ստեղծման գաղափարի մասին։ Ռեժիսորի հետ քննարկումներից հետո համաձայնել է մարմավորել իրեն առաջարկված կերպարը։

«Հարցն այն է, որ  սրտով, մտքով և հոգով պետք է կառչես գործին։ Հենց Զուլալին եղավ այդ գործն ինձ համար։ Իրականում Զուլալին բարդ կերպար է, նա ինքն իր իրականության մեջ է ապրում՝ մեկ այլ աշխարհում»,-ասաց Հերմինեն ։

Ըստ նրա՝ «Զուլալի»-ն հայկական ձեռագրով, հայկական կինոլեզվով պատմված համամարդկային պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում։ Առանցքում մարդն է՝ մի կտավի վրա, որտեղ պատկերված է մեր իրականությունը, հայ մարդը, հայկական բնությունն ու ավանդույթները։

«Ֆիլմի ասելիքն այն է, որ  պետք է ուշադիր լինենք մեր շրջապատի մարդկանց նկատմամբ և նկատենք, թե ինչքան բան կա նրանց մեջ, որ մենք նույնիսկ չենք պատկերացնում»,-ասաց Հերմինե Ստեփանյանը։

 

Վարսիկ Սիմոնյան

20 Հոկտեմբեր, 2021 17:14
Վեր