Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարց օրակարգում չունենք․ Վահրամ Դումանյան Zarkerak - Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարց օրակարգում չունենք․ Վահրամ Դումանյան
Zarkerak Zarkerak - Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարց օրակարգում չունենք․ Վահրամ Դումանյան
Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարց օրակարգում չունենք․ Վահրամ Դումանյան

Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարց օրակարգում չունենք․ Վահրամ Դումանյան

«Որեւիցե տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ կառավարության ղեկավարից կազմից որեւէ պաշտոնյա կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես ԱԳ նախարարը, ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել, եթե հղում ունեք կխնդրեմ ինձ տաք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին հարցին։

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում հետաքրքրված է ռուսական դպրոցների բացմամբ։ 

Դումանյանն ասել է, սակայն, թե մի քիչ այլ կերպ է եղել հայտարարությունը, նրա խոսքով՝ հավանաբար որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսեւորելու մասին խոսք եղել է, բայց ռուսական դպրոց բացելու մասին՝ ոչ․ «Մեր նախարարությունը, ես, որեւիցե շփում չենք ունեցել պարոն Լավրովի հետ։ Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության, եկեք ծանոթանանք, հասկանանք»,- հավելել է Վահրամ Դումանյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչու է առանձնացվում հատկապես ռուսերենը, ինչին ի պատասխան՝ լրագրողներն ասացին՝ քանի որ այլ երկրի արտգործնախարար չի հայտարարել, որ հետաքրքրված ենք գերմանական կամ չինական դպրոցների բացմամբ․

«Մենք հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլյարիզացիայով, այդ թվում՝ ռուսաց լեզվի։ Որքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի ճկուն ու ինֆորմացած կլինենք, ի վերջո հո կաղապարված չենք մեր սահմաններով, 21-րդ դարում շփումների կարիք եւ անհրաժեշտություն ունենք, լեզուների իմացությունն առավելություն է՝ հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ լեզուն»,- արձագանքել է ԿԳՄՍ նախարարն ու հիշեցրել, որ օրեր առաջ այստեղ էր Փարիզի համալսարանական հիվանդանոցների ղեկավարությունը՝ մասնակցելու կոնֆերանսի, որի ժամանակ պատերազմի ընթացքում մեր զինվորներին վիրահատած բժիշկներն առաջարկել են մեր բժիշկների վերապատրաստումը կազմակերպել Ֆրանսիայի առաջատար կլինիկաներում, սակայն ինչքան էլ մեծ է ցանկությունը, բայց մենք լեզվի խոչընդոտ ունենք։ Դումանյանն ասել է, որ ինքը հենց այդ կոնֆերանսի ժամանակ առաջարկել է Բժշկական համալսարանում ֆրանսերեն սովորել, ինչին համաձայնել է նաեւ բուհի ռեկտորը։

Դումանյանի կարծիքով՝ միայն ռուսերենի չէ, այլ լեզուների պոպուլյարիզացիա է հարկավոր, դա, ըստ նրա, շատ հնարավորություններ է բացում։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ նախարարն նշել է, որ այս պահին ոչ Հայաստանում ռուսական դպրոց բացելու, ոչ էլ Ռուսաստանում հայկական դպրոց բացելու քննարկումներ չկան։

21 Հոկտեմբեր, 2021 12:37
Վեր