Օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ՀՀ տնտեսական գործունեության լիցենզավորվող գործունեություններին ավելի հասանելի և մատչելի կլինի. Վահան Քերոբյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ նախարարությունը որոշ ժամանակ առաջ նախաձեռնել է լիցենզավորվող գործունեության տեսակների ուսումնասիրություն այն նպատակով, որ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ՀՀ տնտեսական գործունեության լիցենզավորվող գործունեություններին ավելի հասանելի և մատչելի լինի:

«Այս ուսումնասիրության արդյունքում 78 գործունեության տեսակից առանձնացրել ենք 13-ը, որոնց նկատմամբ կարող ենք թույլ տալ լիցենզավորվելու ավելի հեշտ պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին»,-ասաց նախարարը:

Այսպիսով՝ ԵԱՏՄ, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, ԱՄԷ-ի, Վրաստանի, ԻԻՀ-ի իրավաբանական անձանց համար հեշտացնում են լիցենզավորվելու հնարավորությունը:

«Գործունեությունները հետևյալն են՝ մասնավոր պահնորդական գործունեություն, որ լիցենզավորում է Ոստիկանությունը, ինկասացիոն ծառայությունների մատուցում, որ լիցենզավորում է Ֆիննախը, փոստային կապ, միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում, քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի  տեխնիկական հսկում, ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտություն»,-ներկայացրեց Քերոբյանը:

Այսպիսով, ըստ նախախարի, էապես բարելավվում է այս ոլորտների գործարար միջավայրը, և օտարերկրյա ընկերությունները կկարողանան ավելի հեշտ մասնակցել ՀՀ-ում տնտեսական գործունեությանը՝ պարզեցված ընթացակարգով լիցենզավորվելու միջոցով:

21 Հոկտեմբեր, 2021 12:40
Վեր