Դեկտեմբերին «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով դրամահավաք կկազմակերպվի

Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ սույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում առաջին անգամ կանցկացվի հեռուստամարաթոն, որի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը կուղղվի Արցախի զարգացմանն ու շենացմանը:

Այս և մի շարք այլ հարցերի քննարկման, սփյուռքի հայ համայնքի հետ կապերի ամրապնդման համար հոկտեմբերի 7-16-ը Արցախի Հանրապետության պատվիրակությունն՝ ի դեմս ԱՀ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Ղուլյանի, ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի, աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Այցի ընթացքում աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչների՝ խոշոր բիզնեսմենների և պաշտոնյաների հետ։ Մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել. հայ համայնքը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Արցախում կատարել ներդրումներ, աջակցել արցախյան բրենդի արտահանմանը, ակտիվ մասնակցություն ունենալ դեկտեմբերի 10-ին կայանալիք հեռուստամարաթոնին: Նպատակ ունենք, միավորելով ամբողջ հայկական սփյուռքի ներուժը, միտքը և կարողությունները, վերականգնել Արցախի սոցիալ-տնտեսական իրականությունը, ինչպես նաև օգնել մեր տեղահանված հայրենակիցներին կառուցել իրենց ապագան Արցախում՝ ընդգրկելով նրանց տարբեր նորարարական և իրատեսական ծրագրերում: Աշխատում ենք «Կանգնիր Արցախի կողքին» նախագծի վրա, որի նպատակն է կազմակերպել Արցախում համահայկական միջոցառում, որը օնլայն կհեռարձակվի հայկական և օտարերկրյա տարբեր հեռուստաալիքների կողմից», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Ղուլյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

21 Հոկտեմբեր, 2021 15:30
Վեր