Գարնան «նվերները»՝ քթահոսություն, աչքերի կարմրություն, մաշկային ցանավորում․ ինչպե՞ս պաշտպանվել ու կանխարգելել սեզոնային ալերգիաները․ բժշկի խորհուրդները Zarkerak - Գարնան «նվերները»՝ քթահոսություն, աչքերի կարմրություն, մաշկային ցանավորում․ ինչպե՞ս պաշտպանվել ու կանխարգելել սեզոնային ալերգիաները․ բժշկի խորհուրդները
Zarkerak Zarkerak - Գարնան «նվերները»՝ քթահոսություն, աչքերի կարմրություն, մաշկային ցանավորում․ ինչպե՞ս պաշտպանվել ու կանխարգելել սեզոնային ալերգիաները․ բժշկի խորհուրդները
Գարնան «նվերները»՝ քթահոսություն, աչքերի կարմրություն, մաշկային ցանավորում․ ինչպե՞ս պաշտպանվել ու կանխարգելել սեզոնային ալերգիաները․ բժշկի խորհուրդները

Գարնան «նվերները»՝ քթահոսություն, աչքերի կարմրություն, մաշկային ցանավորում․ ինչպե՞ս պաշտպանվել ու կանխարգելել սեզոնային ալերգիաները․ բժշկի խորհուրդները

«Գրիպ չեմ, ալերգիաս է»․ գարնան այս ամիսներին հազացող, փռշտացող, արցունքոտ աչքերով մարդկանց շատ կտեսնենք․ գարնանային ալերգիաների սուր շրջանն է։

ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ-ալերգոլոգ Մարիամ Մովսիսյանի հետ Zarkerak.am-ը զրուցել է գարնանային ալերգիաների տեսակների, պատճառների ու դրանց կանխարգելման մեթոդների մասին։  

«Գարնան ընթացքում ակտիվանում են  սեզոնային ալերգիաները, որոնց մեջ մտնում են ալերգիկ ռինիտը, բրոնխիալ ասթման, ատոպիկ դերմատիտը՝ մաշկաբորբը։ Այս երեք հիվանդությունները մի ընտանիքի են պատկանում, որովհետև երեքն էլ  կարող են պայմանավորված լինել այսպես կոչված, շնչառական ալերգեններով։ Դրանց թվին են պատկանում տարբեր խոտաբույսերը, ծառերը, հացազգի տարբեր  բույսերը։ Հենց դա է պատճառը, որ այս հիվանդությունների սրացումը համընկնում է բույսերի ու ծառերի ծաղկման ամիսների հետ»,- բացատրում է մասնագետը։

Մարիամ Մովիսիսյան

Ալերգոլոգը նշում է, որ կախված նրանից, թե ալերգիան ինչից է, դրա սկսվելու ու ավարտվելու ժամկետներն էլ տարբեր են․ «Եթե մարդը ունի ալերգիա խոտաբույսերի և ծառերի նկատմամբ՝ սրացումը սկսվում է գարնան սկզբին՝ մարտից մինչև օգոստոս։ Հացահատիկային բույսերից  ալերգիաների դեպքում սրացումները ամռխն ամիսներից հասնում են մինչև հոկտեմբեր»։

Գարնանային ալերգիկ հիվանդությունների բնույթը հասկանալու համար բժշկուհի Մովսիսյանի խոսքով դրանց տեսակները պետք է «դեմքով ճանաչել»․ «Ալերգիկ ռինիտի գանգատների շարքում է քթահոսությունը, քթի փակվածությունը, փռշտոցը, կոկորդի, աչքերի, ականջների քորը։ Եթե առկա է աչքերի ալերգիա՝ կոնյուկտիվիտ, կարող է այս ախտանշաններին միանալ աչքերի կարմրածությունը, քորը, արցունքահոսությունը»։

Ըստ մասնագետի, բրոնխիալ ասթմայի դեպքում ի հայտ են գալիս հազ, դժվարացած շնչառություն, հևոցներ, խեղդոցի, օդի պակասի զգացողություն․ «Իսկ արդեն ատոպիկ դերմատիտը դրսևորվում է մաշկային ցանի տեսքով։ Պացիենտները ունենում են մաշկի մշտական չորություն, սրացումների ժամանակ ցանավորում հատկապես  արմնկափոսերի, ծնկափոսերի դեմքի շրջանում, նաև նկատվում են կարմրություն ու քոր»։

Վաղուց անցել են ժամանակները, երբ ալերգիաները համարվում էին կյանքին ուղեկցող, իրենց մասին որոշակի շրջաններում մշտապես զգացնել տվող հիվանդություններ․ «Հիմա ալերգիաներն ունեն իրենց բուժումը, և ինչ-որ չափով նաև հնարավոր է կանխարգելել գանգատները։ Հաճախ պացիենտը բուժում ասելով հասկանում է, որ ինչ-որ խնդիր կա, դեղը խմեց, անմիջապես անցավ, ու էլ չի կրկնվի։ Բայց ալերգիաների դեպքում բժիշկներս որպես բուժում դիտարկում ենք նաև այն հանգանմանքը, որ հիվանդությունը դեռ շարունակվում է, բայց որևէ գանգատ չկա, դրանք վերահսկվում են։ Ալերգիաների երեք տեսակների դեպքում էլ կան բուժման տարբեր մոտեցումներ, տարբեր դեղեր»։

Ըստ Մովսիսյանի, ալերգիա ունեցողների համար շատ կարևոր է հատկապես հիվանդության սրման շրջանում  գտնվել ալերգոլոգի հսկողության տակ, հետևել ցուցումներին․ «Oրինակ՝ բրոնխիալ ասթմայի դեպքում, երբ պացիենտը չի հետևում իր առողջությանը և ժամանակին ճիշտ բուժում չի ստանում, հետագայում շատ ավելի ծանրանում է վիճակը։ Ընդ որում, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի դեպքում ինքնաբուժությունը հակացուցված է, որովհետև պացիենտն այսպես կարող է ավելի խորացնել հիվանդությունը»։  

Ալերգիաների ինքնաբուժության հարցում մասնագետը հատկապես մտահոգիչ է համարում հորմոնաբուժությունը․ «Շատ պացիենտներ սիրում են իրենց նշանակված դեղերից ընտրել որևէ հորմոնալ դեղ  և երկարատև ու անհարկի օգտագործել այն՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Սա բերում է լուրջ հետևանքների, որովհետև կողմնակի էֆեկտներ են ի հայտ գալիս։ Չպետք է մոռանալ, որ ցանկացած դեղ ունի իր նշանակման ժամանակահատվածը, դոզավորումը․ նշանակված ժամանակից ավելի ու երկարատև բարձր դոզաներով օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել»։

Մասնագետը նշում է նաև, որ ալերգիկ հիվանդությունների դեպքում կարևոր է ինչպես դեղորայքային բուժումը, այնպես էլ արտաքին գործոններից ֆիզիկական պաշտպանվածությունը․ «Երբ պացիենտն ունի աչքերի  ալերգիա, խորհուրդ է տրվում  ակնոց կրել։ Երբեմն օգնում է նաև գլխարկների կրումը, որն ինչ-որ  չափով փակում է ծաղկափոշումը ներշնչումը։ Թեև դիմակներ կրելու հետ կապված ցուցում չունենք, բայց մի հետաքրքիր փաստ ասեմ՝ կորոնավիրուսի ժամանակ դիմակներ կրելիս ալերգիա ունեցող պացիենտների գանգատները գարնանայի սեզոնին բավականին նվազել էին։ Եթե պացիենտը ցանկություն ունի, կարող է դիմակ կրել»։

Ըստ ալերգոլոգի, մի շարք կանխարգելիչ միջոցառումներ կան, որոնց ալերգիա ունեցողները ցանկալի է հետևեն․ «Քանի որ ալերգենները օդի մեջ են, ցանկալի է մեքենա վարելիս պատուհանները փակել։ Տան ներսում ևս խորհուրդ է տրվում փակել պատուհանները, օդափոխել այն ժամանակ, երբ ալերգիա ունեցող պացիենտը տանը չէ։  Խորհուրդ է տրվում տուն գալուց անմիջապես հետո փոխել արտաքին հագուստը և լողանալ»։

Պարզվում է, որ ալերգիաների դեպքում կան մրգի ու բանջարեղենի տեսակներ, որոնք այս սեզոնին օգտագործելիս պետք է լավ ծանրութեթև անել․ «Գոյություն ունի բերանային ալերգիկ համախտանիշ, որը դիտվում է սեզոնային ալերգիկ ռինիտ ուենցող պացիենտների մոտ։ Այս դեպքում որոշակի թարմ մրգեր և բանջարեղեն  օգտագործելիս պացիենտի մոտ կարող են  դրսևորվել բերանի խոռոչի հետ կապված գանգատներ։ Օրինակ, եթե անձն ունի ալերգիա բարդու ծաղկափոշուց և թարմ վիճակում օգտագործում է խնձոր, կիվի, բերանի խոռոչում կարող  է առաջանալ ծակծկոց, քոր, այտուց։ Բերանային ալերգիկ համախտանիշի դեպքում նման ախտանշաններ կարող են ի հայտ գալ նաև լոլիկ, վարունգ, գազար, ավոկադո, կարտոֆիլ ուտելիս»։

Ալերգիաները շարունակելու են ապրել  մեր կողքին, վստահեցնում է ալերգոլոգը, դրանց ծավալներն էլ աճելու են․«Մի իրավիճակում ենք, երբ ընտանիքներում ալերգիայի գոնե 1-2 դեպք նկատվում է։ Ընդ որում, ալերգիկ հիվանդություններն ավելի հաճախ դիտվում են մանկական հասակում, դեռահասների մոտ, երիտասարդների մոտ։  Բայց կարող ենք ասել, որ դրանք ցանկացած տարիքում էլ կարող են սկսվել»։

Ի դեպ, ըստ մասնագետի, որքան էլ տարօրինակ է, բայց ալերգիաների ծավալների աճի հիմքում մաքուր ապրելն է, ահա ինչու․ «Ալերգիայի ցուցանիշների աճի հիմքում ընկած է «հիգենիայի տեսություն» կոչվածը։ Ալերգիաները շատ ավելի տարածված  են զարգացած երկրներում և գնալով տարածվում են զարգացող երկրներում, դա կապում են նրա հետ, որ զարգացած երկրներում մարդիկ շատ ավելի մաքուր են ապրում, շատ ավելի  մաքուր են պահում երեխաներին, ավելի շատ են լվացվում։ Արդյունքում, պարազիտար վարակները քչանում են ու դա է պատճառը, որ մեր իմունիտետը մանկական տարիքում, այսպես  ասած, մի քիչ  «պարապ է»  մնում  ու իրեն նոր զբաղմունք է գտնում։  Այն անվնաս մասնիկները, որոնք սովորաբար իմունային համակարգի որևէ ռեակցիա չեն առաջացնում, տվյալ անհատի մոտ բերում են որևէ ալերգիկ հիվանդության դրսևորման»։

Ալերգոլոգ Մարիամ Մովսիսյանը կոտրում է միֆը, որ գարնանային ալերգիա ունեցողները պետք է  հաճախ գտնվեն անտառներում․ «Անտառ գնալ արգելում ենք, որովհետև, ինչպես նշեցի, ալերգիաների պատճառը ծաղկափոշին է, բույսերը, խոտերը։ Հիմա պատկերացրեք, որ ալերգիա ունեցողը հայտնվում է հենց այն միջավայրում, որտեղ առկա է ծաղկափոշու անկառավելի հոսք և քանակ։ Ընդհակառակը, խորհուրդ ենք տալիս գարնան ամիսներին քաղաքից դուրս գնալիս լինել շատ ավելի զգույշ, ունենալ դեղորայք, օգտագործել պաշտպանիչ միջոցներ»։

 

Մարիամ Մկրտչյան

17 Ապրիլ, 2024 15:49
Վեր