Այն բանից հետո, երբ ընդդիմադիր գործիչ Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ Տավուշից գալիս է Երևան՝ այդ քայլերթն անմիջապես շտապեց ողջունել բավական ուշագրավ քրեաօլիգարխիկ «աստղաբույլ», որը կազմված էր հիմնականում նախկին իշխանություների օդիոզ դեմքերից։
Գալստանյանի կողքը ուղիղ և անուղղակի իմաստով հայտնվեցին մարդիկ, որոնք անցնում են տարբեր քրեական և կոռուպցիոն գործերով։ Ավելին, վերջին շրջանում Հայաստանի իրավապահ համակարգերը և դատարանները սկսել են բազմաթիվ գործեր քննել և բավարարել ապօրինի հարստացման, ապօրինի ձեռք բերված գույքի և ֆինանսական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցերը։ Այսօր դատարաններում են գտնվում 1 միլիարդ 300 միլիոն դոլարի ապօրինի գույքի բռնագանձման դատական հայցեր: Սա բավական պատկառելի գումար է, որը ստիպել է նախկին պաշտոնյաներին, քրեաօլիգարխիկ համակարգի առանձին դեմքերի համախմբվել Բագրատ Սրբազանի շուրջը։
Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ ու նրանց հետ փոխկապակցված մարդիկ սկսել են զգալ հարյուր միլիոնավոր դոլարների գույքի և փողի կորստի «հոտը»։
Իրականում այսօրվա հավաքների հետևում երևում են նրանց ականջները, ովքեր տասնամյակներով կեղեքել են երկիրն ու ժողովրդին, իսկ այսօր արդեն կանգնել են հարստությունը կորցնելու վտանգի առաջ։
«Տավուշը հանուն հայրենիքի»․ այսպես է կոչվում Բագրատ Գալստանյանի շարժումը, սակայն ինչպես արդեն Երևանում պարզվեց, շարժման իրական նպատակը ոչ թե Տավուշն է, սահմանազատումն ու Հայրենիքի փրկությունն է, այլ իշխանափոխությունը, իսկ ավելի ճիշտ ապօրինի հարստացածների ունեցվածքի փրկությունը։ Թերևս ճիշտ կլինի, որ ընդդիմադիր Բագրատ Գալստանյանը շարժման կարգախոսը դարձնի «Տավուշը հանուն թալանի փրկության»։
Սա հասկանում է նաև ժողովուրդը և հենց դրանով է թերևս պայմանավորված, որ խաչակրաց հանրահավաքներին օրեցօր ավելի քիչ մարդ է մասնակցում, հիմնականում նրանք, որոնք ուղղակի կապ ունեն նախկինների հետ, կամ սնվում են նախկինների դրամապանակից։
Մկրտիչ Իսրայելյան