«Մունք» տեխնոդպրոցի նոր ու ապագա հասցեները՝ Տաշիրից մինչև Կապան, Վանաձորից մինչև Վարդենիս․ հավատալով  Հայաստանի ՏՏ ապագային՝ անկախ փորձություններից Zarkerak - «Մունք» տեխնոդպրոցի նոր ու ապագա հասցեները՝ Տաշիրից մինչև Կապան, Վանաձորից մինչև Վարդենիս․ հավատալով Հայաստանի ՏՏ ապագային՝ անկախ փորձություններից
Zarkerak Zarkerak - «Մունք» տեխնոդպրոցի նոր ու ապագա հասցեները՝ Տաշիրից մինչև Կապան, Վանաձորից մինչև Վարդենիս․ հավատալով Հայաստանի ՏՏ ապագային՝ անկախ փորձություններից
«Մունք» տեխնոդպրոցի նոր ու ապագա հասցեները՝ Տաշիրից մինչև Կապան, Վանաձորից մինչև Վարդենիս․ հավատալով  Հայաստանի ՏՏ ապագային՝ անկախ փորձություններից

«Մունք» տեխնոդպրոցի նոր ու ապագա հասցեները՝ Տաշիրից մինչև Կապան, Վանաձորից մինչև Վարդենիս․ հավատալով Հայաստանի ՏՏ ապագային՝ անկախ փորձություններից

 «Հու՞նցս․․․»

 «Լավիմ․․․»

Լոռու մարզի Տաշիր համայնքում նոյեմբերից գործող «Մունք» տեխնոդպրոցում Արցախի ու Տաշիրի բարբառները հենց այսպես էլ միավորվում են, ու սկսում է կրթական հերթական օրը՝ դպրոցականներն իրենց արցախցի դասավանդողների օգնությամբ սովորում են ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն։

Իսկ մինչև 2023-ի բռնի տեղահանության օրերն Արցախում գործունեություն ծավալող «Մունք» տեխնոդպրոցի մասին Zarkerak.am-ն էլի է պատմել․ թե ինչպես էր դրամահավաք կազմակերպվում Մարտունու  Հաղորտի գյուղում տեխնոդպրոցի շենք ունենալու համար, հետո, թե ինչպես այն վերջապես իրականություն դարձավ, ու թե ինչպես էր հաջողվել ՏՏ կրթության միջոցով արցախցի դեռահասներին տալ բանալի՝ աշխարհին հենց իրենց փոքրիկ համայնքից ավելի մոտ լինելու՝ Մարտունուց մինչև Ստեփանակերտ։ Վերադառնանք Հայաստան․․․

 

Տեխնոդպրոցում դասերի մասին մեզ տաշիրցի 10-րդ դասարանցի Անի Պողոսյանն է պատմում, ի դեպ իրենց դասարանում միակը չէ, որ հաճախում է տեխնոդպրոց․ «Սկզբում գնացել էի ուղղակի ինքնազարգացման նպատակով, բայց հիմա արդեն «Մունքի» շնորհիվ մասնագիտությունս էլ եմ որոշել՝ դառնալու եմ ծրագրային ճարտարագետ»։  

Անին անկեղծանում է, ասում է՝ մտքով չէր անցնի, որ հենց նման իրադարձությունների արդյունքում իրենց քաղաքում կհիմնվի ՏՏ կրթություն տվող կենտրոն։ Ուրախությամբ է փաստում, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ իրենց մոտ թե՛ հարակից գյուղերում, քանի որ նման կառույցի պակաս համայնքում վաղուց էր զգացվում։

Անի Պողոսյան

Անին  նկատում է՝ ինչ-որ սիմվոլիկ բան կա, որ իրենց արցախցի  դասավանդողները՝ տեխնոառաքյալները, տեսնելով հայրենիքի կորստի ողջ ծանրությունը, փորձում են օգնել իրենց՝ մնալ սեփական համայնքներում, ապրել ու աշխատել այնտեղ․ «Մինչև տեխնոդպրոցն այստեղ տեղափոխելնը` ես ու երևի համադասարանցիներիցս շատերը ցանկություն ունեինք Երևան տեղափոխվել՝ ավելի մեծ  հնարավորությունների հետևից։ Բայց իրենք` կարելի է ասել, մեր աչքերը բացեցին, բացատրեցին, որ այսօր առանց քո հայրենիքից դուրս գալու դու կարող ես օգտվել բոլոր հնարավորություններից՝ աշխատելով աշխարհի հետ ՏՏ ոլորտում։ Մինչև իրենց գալը մենք մեր հողի ու մեր քաղաքի արժեքն ամբողջությամբ չենք ընկալել, հիմա ավելի շատ ենք սկսել գնահատել»։  

Անի Պողոսյանն անկեղծանում է՝ գիտի, թե ինչ դժվարությամբ են «Մունքի» տեխնիկան Արցախից հասցրել Տաշիր․«Ամեն անգամ, թեկուզ ստեղնաշարով աշխատելիս, գիտենք, որ դրա վրա մեր հասակակից բազմաթիվ արցախցիներ մեծ երազանքներով են աշխատել։ Մեր առջև նպատակ ենք դրել՝ իրականացնել ոչ միայն մեր անձնական, այլ բոլորի ընդհանուր երազանքը, որ մեր աշխատանքով ավելի լավ երկիր ունենանք»։

«Մունք» տեխնոդպրոցը դեռ 2019-ից գործունեություն ծավալող «Ես» կրթական հիմնադրամի ծրագիրն է։ «Ես»-ի հիմնադիր Աշոտ Ավանեսյանը պատմելով Արցախից Տաշիր մի ամբողջ դպրոց  տեղափոխելու ընթացքի մասին, նշում է․«Շատ կարևոր էր, որ մենք կարողացանք մեր տեխնիկայի մեծ մասը տարհանել մեզ հետ։ Հետո թիմով  տեղափոխվեցինք Տաշիր, քաղաքի ընտրությունն էլ պատահական չէր։ «Տաշիր»  բարեգործական հիմնադրամի  աջակցությամբ մեր շուրջ 20 աշխատողների ընտանիքները  ժամանակավոր տուն ստացան, որ կարողանանք տեղավորվել և սկսել մեր գործունեությունn ու կարևորը՝ թիմը պահեցինք։ Մեկ ամսվա ընթացքում կարողացանք ամբողջ դպրոցը վերականգնել։ Հիմա թե՛ Տաշիր համայնքի, թե՛ հարակից մի քանի գյուղերի դպրոցականներ ներգրավված են»։

Աշոտ Ավանեսյան

Ասում է՝ միայն Տաշիրում չէ, որ տեխնոհասցե ունեն, նաև ընդգծում է, որ գործունեության 5-6 ամիսներից ու արձանագրված ցուցանիշներից գոհ են․ «Վանաձորում կարողացանք կենտրոն հիմնել՝ մեզ համայնքում անվճար շենք տրամադրեցին, առաջին ամսվա ծախսերն էլ հոգաց «Հովնանյան» հիմնադրամը։  Շուտով Կապանում կունենանք շարժական լաբորատորիա, դրամահավաք էինք նախաձեռնել, որը գրեթե մոտենում է ավարտին։ Արդեն մայիսի վերջին 75 հոգու համար նախատեսված  շարժական լաբորատորիայից կկարողանան օգտվել Կապանի, նաև Դավիթ Բեկ, Եղվարդ բնակավայրերի դպրոցականները։  Ամենայն հավանակությամբ, թեև դեռ վերջնական պայմանագրերը չկան, աշնանը նաև Վարդենիսում և հարակից չորս գյուղերում կունենանք շարժական լաբորատորիա»։

Աշոտն անկեղծանում է, որ առանց համայնքների, նաև հիմնադրամների աջակցության, դրամահավաքների կազմակերպման «Մունքի» վերածնվելու գործընթացը հեշտ չէր լինի․ «Արցախից՝ գրեթե զրոյական բյուջեով էինք եկել։ Բայց եկել էինք մեկ նպատակով՝ այն ամբողջն ինչը եղել է Արցախի «Մունքում»՝ բովանդակությամբ, թիմով, գաղափարով՝ բերել Հայաստան»։

Աշոտը նաև նշում է, որ հիմա միայն Լոռու մարզում 350-ից ավելի ուսանողներ ունեն, բայց իր ու թիմի համար ցավալի է արձանագրել, որ նրանց միայն մի փոքր տոկոսն են արցախցիներ․ արցախցի սովորողների մոտ 90 տոկոսը սփռված են Հայաստանում ու ՏՏ կրթություն ստանալու պրոցեսը կիսատ է մնացել․ «Չնայած ամեն ինչին, այն ուսանողները, ովքեր չէին հասցրել մասնագիտական կրթություն ստանալ, որոշ մասի հետ տարբեր գործընկերների միջոցով շարունակում ենք հեռավար ձևով աշխատել։ Մեր շատ ուսանողներ էլ տեխնիկայի խնդիր ունեն»։  

Մեր զրուցակիցը բացատրում է նաև, թե ինչու էր սկզբունքային ռազմավարություն՝ գործունեությունը վերսկսել ոչ շատ զարգացած համայնքում․ «Մեզ համար շատ կարևոր է ծայրամասային, քիչ զարգացած, քիչ հնարավորություն ունեցող հատվածներն ընդգրկելը, Տաշիրն այդպիսին է։  Ստանդարտ խնդիրներով Երևանից հեռու մարզի փոքր քաղաք է, որտեղ կա ենթակառուցվածքների խնդիր, ժամանակակից կրթություն,այդ թվում՝ ՏՏ կրթություն ստանալու բաց»,- պատմում է նա։ Աշոտը՝ հատկապես կարևորում է, որ իրենց տեխնոառաքյալների շարքում ընդգրկվեն դասավանդողներ հենց համայնքներից՝ նաև տեղում երիտասարդական կյանքն ակտիվացնելու և աշխատատեղեր բացելու համար։  

Անզեն աչքով էլ կտեսնենք, որ հեշտ ճանապարհ չեն ընտրել Աշոտն ու «Ես» կրթական հիմնադրամի թիմը, բայց ասում է, պարտավոր էին ընդունել մարտահրավերը․ «Մենք ունենք տեսլական՝ երկարաժամկետ պլանավորում, ունենք Հայաստանի ապագայի պատկերացում, ուղղակի այլ ճանապարհ չունես, պետք է անցնես այդ ճանապարհը։ Չվերականգնվել՝ նշանակում է ոչինչ չանել, իսկ վերականգնման պրոցեսում պետք է լինենք մաքսիմալիստ, որովհետև դանդաղ, կիսատ փորձեր անելով  չենք կարող արդյունքի հասնել։  Մենք ուղղակի ստիպված ենք ամեն ինչ փորձել անել մաքսիմալ արագ և մաքսիմալ մեծ ծավալով, մեր թիմն ուղղակի այլ ճանապարհ չի տեսնում։ Մեր ապագայի նպատակն այն է, որ Հայաստանը չպետք է  սահմանափակվի Երևանով․ մարզերում, սահմանամերձ գյուղերում երեխաները պիտի աշխարհի լավագույն հնարավորությունները ստանան՝ կրթվելու, աշխատելու համար»։

«Ես» հիմնադրամը մի անգամ փորձել է արդեն Արցախում ու հաջողել է, Աշոտի խոսքով՝ ուրեմն նույն ուղով հնարավոր է անցնել ևս մեկ անգամ․ «Չանելու համար հազարավոր պատճառներ կան, բայց դրանք ընդամենը դառնում են արդարացումներ։ Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, ինչ առաքելություն ունենք, և ինչին պետք է ծառայենք մեր գիտելիքով ու ռեսուրսով»։

Հիմա «Մունք» տեխնոդպրոցին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ֆինանսավորում, ըստ Աշոտի՝ հենց այս հարցում կրիտիկական վիճակում են․ «Այս պահին մեր հիմնական խնդիրը  ֆինանսավորման հարցը լուծելն է։ Ապրիլի 1-ից չունենք հիմնական ֆինանսավորում, բայց ունենք սկզբունքային որոշում, որ շարունակելու ենք աշխատել այնքան, մինչև կարողանանք գտնել այն։ Հիմա նորից սկսում ենք ակտիվացնել մեր պարբերական դրամահավաքը»,- ընդգծում է Աշոտ Ավանեսյանը։  

«Ես» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սասուն Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Արցախում իրենց մշակած կրթական ծրագրից շատ չեն շեղվում, բայց և մշտապես թարմացնում են ծրագիրը, ամեն օր շփվելով ուսանողների հետ գիտեն նրանց ինչ է պետք և ինչպես պետք է փոխանցել։ Տեխնոդպրոցի տեխնիկական հագեցվածությունը ժամանակակից գիտելիքներ փոխանցելու լայն հնարավորություն է տալիս։

«Նախ մեր կրթական  հիմնական ուղղություններին  ծանոթանալու հմտություններ ենք սովորեցնում՝ մասնագիտության մեջ  կողմնորոշվելու հնարավորություն տալով։ Առաջին փուլում 12 հմտություն ենք սովորեցնում, դրանք անցնում են 1-1,5 տարվա ընթացքում՝  անկախ ընտրած մասնագիտությունից, այդ հմտություններն ուսումնասիրում են 14-17  հոգանոց խմբերով։  Այս պահի դրությամբ միայն Տաշիրում ունենք  280 աշակերտներ, այս թիվն անընդհատ փոփոխվում է»,- ասում է նա։

«Տաշիրում քիչ չեն դեռահասները, ովքեր սիրում են իրենց բնակավայրը, ու նաև մեր միջոցով են  իրենց հայրենի քաղաքում մնալու ու արարելու հնարավորություն գտել։ ՏՏ կրթություն ստանալով՝  նրանց համար ավելի տեսանելի է դառնում սեփական քաղաքում ապրելու առավելությունը։ Նրանց մոտիվացիան փոխանցվում է մեզ, մեզնից իրենց, էներգիայի իսկական շրջապտույտ է ստացվում։ Պարզ տեսնում եմ, որ ունենք ուսանողների այն կորիզը, որն իր առաջ նպատակ է դրել»,- ընդգծում է նա։   

Սասունը պատմում է, որ  տեխնոդպրոցի՝ քայլ առ քայլ վերականգնումով նաև իրենց թիմը փորձեց վերականգնվել ծանր հարվածներից հետո․ «Պետք է անկեղծ լինեմ, նույնիսկ չեմ կարող համեմատել այն էմոցիաները, որ ունեինք Արցախում, ու դրանից հետո այն բացը, որը հիմա ունենք։ Բայց հաճելի անակնկալի եկանք, երբ պարզվեց, որ Տաշիրում մեզ սպասում են ու այստեղ մեր կարիքը շատ ավելի է, քան կարող էինք պատկերացնել։ Իրականում, «Մունքի» աշխատակիցները շատ ավելի հեշտ տարան ադապտացիայի փուլը հենց այս աշխատանքի միջոցով»։  

Սասունը նաև ասում է՝ շատ կուզեր, որ իրենց հնարավորությունները թույլ տային Տաշիրի բոլոր 26 գյուղեր հասնել ու տեխնոկրթություն առաջարկել։ Եվ որ ամենակարևորն է՝ ուզում է, որ իրենց ուսանողների շարքում շատ լինեին արցախցիները, հիմա նրանք ընդհանուր թվի 7-8 տոկոսն են, այս ցուցանիշը թիմի համար հեռու է գոհացնող լինելուց․ «Նոր կյանք կառուցելու հնարավորություն պետք է տալ ու չհիասթափվել։ Մենք այդ ճանապարհն ենք ընտրել ու ուզում ենք հնարավորինս շատ մարդկանց այդ գաղափարով «վարակել»»։  

 

Մարիամ Մկրտչյան

14 Մայիս, 2024 14:25
Վեր