Աղետի հետևանքով նվազագույնը 300 միկրո և փոքր ձեռնարկություններ են տուժել, 500-600 մարդ կարող է դառնալ գործազուրկ. որո՞նք են պետության անելիքները. Գագիկ Մակարյանի դիտարկումները Zarkerak - Աղետի հետևանքով նվազագույնը 300 միկրո և փոքր ձեռնարկություններ են տուժել, 500-600 մարդ կարող է դառնալ գործազուրկ. որո՞նք են պետության անելիքները. Գագիկ Մակարյանի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Աղետի հետևանքով նվազագույնը 300 միկրո և փոքր ձեռնարկություններ են տուժել, 500-600 մարդ կարող է դառնալ գործազուրկ. որո՞նք են պետության անելիքները. Գագիկ Մակարյանի դիտարկումները
Աղետի հետևանքով նվազագույնը 300 միկրո և փոքր ձեռնարկություններ են տուժել, 500-600 մարդ կարող է դառնալ գործազուրկ. որո՞նք են պետության անելիքները. Գագիկ Մակարյանի դիտարկումները

Աղետի հետևանքով նվազագույնը 300 միկրո և փոքր ձեռնարկություններ են տուժել, 500-600 մարդ կարող է դառնալ գործազուրկ. որո՞նք են պետության անելիքները. Գագիկ Մակարյանի դիտարկումները

Մայիսի 26-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղը ստեղծեց աղետալի իրավիճակ: Բացի մարդկային կորստից, աղետալի ջրհեղեղը պատճառեց նաև նյութական կորուստներ, բնակիչներից շատերը կորցրին իրենց գույքը, ունեցվածքը, ավերվեցին և վնասվեցին մի շարք ենթակառուցվածքներ: Պատկան կառույցները ջրհեղեղի հենց առաջին օրից տեղում աշխատանքներ են իրականացնում և գնահատում աղետի պատճառած վնասները:

Տեղի ունեցածը՝ ըստ մասնագետների, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ՀՀ տնտեսության վրա: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Zarkerak.am-ի հետ զրույցում խոսեց աղետի պատճառած վնասների, պետության արձագանքի և ՀՀ տնտեսության առջև ծառացած մարտահրավերների մասին. «Ցավոք,եղան մարդկային զոհեր: Մարդիկ նաև տուժեցին նյութապես՝ նրանց գույքն ու ունեցվածքը ոչնչացավ, ջուրը հեղեղեց տարավ, և դրանք պետք է պետությունը կոմպենսացնի: Բացի այս, իմ հաշվարկով նվազագույնը 300 միկրո և փոքր ձեռնարկություններ տուժել են այն աստիճան, որ կարող է դադարեցնեն իրենց գործունեությունը, փակվեն կամ հայտնվեն շատ պարտավորությունների տակ, որովհետև հնարավոր է, որ նաև նրանց զգալի մասը վարկեր է վերցրել, որպեսզի ապրանքներ ձեռք բերի, առևտուր անի և այլն:

Դրանք հիմնականում սննդի կետեր են, որոնք առաջին հարկերում են գտնվել, կարող են լինել օֆիսներ, այդ բիզնեսներն են հիմնականում տուժել: Այդ 300 կազմակերպության տակ աշխատում է նվազագույնը 500-600 մարդ, մենք չպետք է թույլ տանք, որ այդ 500-600 մարդը դառնա գործազուրկ: Չպետք է մոռանալ, որ այդ կազմակերպությունները նաև իրենց գործունեության շնորհիվ գեներացնում են այլ բիզնեսներ կամ աշխատատեղեր: Այսինքն՝ այդ բիզնեսների առկայությունը նաև իր հերթին գեներացնում էր հարյուրավոր այլ բիզնեսներ, իսկ քաղաքացիներն էլ իրենց եկամուտները, առևտուրն էին գեներացնում համայնքում, քաղաքում և այլուր»:

Գագիկ Մակարյան

Ստեղծված պայմաններում պետությունը կարող է մի քանի գործողություն անել՝ նշեց Մակարյանը․ «Առաջինը՝ զիջումների գնալ տվյալ տնտեսվարողներին հարկելու մասով, կարող է այդ բիզնեսների հարկերի վճարումը երկու-երեք տարի հետաձգել կամ ընդհանրապես՝ զիջել, երկրորդը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի փոքր ծրագրեր, կարելի է այդ ծրագրերի թիվն ավելացնել, կամ Էկոնոմիկայի նախարարությունը, որը որոշակի դրամաշնորհային գումարներ էր տրամադրում բիզնես սկսելու կամ զարգացնելու համար, կարող է դրանք այս նպատակի համար տրամադրել: Օրինակ՝ քովիդի ժամանակ ընդունվեցին 23-24 միջոցառումներ, դրանցից թիվ 19-րդ միջոցառումն ուղղված էր սեփական բիզնես սկսելուն․ բիզնես գաղափարը ներկայացնում էիր, մրցութային հանձնաժողովը որոշում էր կայացնում, այսինքն՝ բիզնեսի ֆինանսավորման միջոցառում էր իրականացվում:

Կարող են այդ միջացառումները նորից մեկնարկել, կարող են լինել մարդիկ, որոնք օրինակ՝ իրենց բիզնեսը կորցրել են և ուզում են նոր բիզնես սկսել, այսինքն՝ պետությունը պետք է այստեղ անպայման աշխատանք կատարի ու աջակցի: Աղետի գոտում պետական մարմինները՝ իհարկե, շտաբ են ստեղծել, բայց լավ կլինի՝ մի շտաբ էլ ստեղծեն, որն ուղղված կլինի զբաղվածության և ձեռնարկատիրության նպատակների իրականացմանը և այս ձևով խնդիրները սկսեն լուծել»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրեր առաջ ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ նախարարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տուժած բիզնեսների համար կմշակի աջակցության ծրագրեր: Խոսելով այս նախաձեռնության մասին՝ Գագիկ Մակարյանն ասաց. «Կարելի է ասել, որ պետությունը սկսել է աշխատել, սակայն պետք է արագացնել: Մենք ունենք փաստ, ակնհայտորեն մարդիկ տուժել են, կորցրել են իրենց ունեցվածքը կամ ապրանքը, որն իրենց ձեռնարկատիրական գործունեության հիմնական առարկան էր հանդիսանում, հետևաբար՝ այստեղ ավելի ճիշտ է ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատել տվյալ մարդկանց կորուստներն ինչքան են կազմել և այդ գումարները փորձել վերականգնել, իսկ, եթե դրան զուգահեռ նաև բիզնեսը զարգացնելու այլ գործիքներ կարողանա Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել, դա՝ բնականաբար գովելի կլինի: Գովելի կլինի նաև այդ ընթացքում խորհրդատվություն տրամադրելն այդ տնտեսվարողներին, որպեսզի իրենք ավելի լավ կառավարեն բիզնեսը: Ամենաառաջնային բազային օգնությունը պետք է լինի նրանց ունեցվածքի, կորուստների վերականգնումը»:

Անդրադառնալով աղետի պատճառած վնասներին՝ Գագիկ Մակարյանն ասաց. «Իմ հաշվարկով քաղաքացիների և միկրո բիզնեսի կորուստները կարող են մոտավորապես 2 միլիոն դոլարի սահմաններում լինել, այսինքն՝ եթե պետությունը 2 միլիոն դոլար հատկացնի միկրո և փոքր բիզնեսին և նաև քաղաքացիներին, դրանով կկարգավորվի իրավիճակը: Այս իրավիճակը կարող է տանել մարզի կարողությունների վատացման, որը կանդրադառնա նաև ՀՆԱ-ի վրա, մարդիկ կարող են հուսահատվել, դժգոհել, հեռանալ երկրից և այլն, այսինքն՝ պետությունը շատ արագ պետք է արձագանքի: Հաջորդը՝ ենթակառուցվածքների վնասն է, որը շատ ավելի մեծ թիվ է կազմում, առնվազն 14 կամուրջ է վնասվել, եղածները կարող է ամրացնելու կարիք ունենան, ճանապարհները պետք է նորից ասֆալտապատվեն, այսինքն՝ այս ամբողջը կկազմի շատ ավելի մեծ թիվ՝ մինչև 30 միլիոն դոլար: Փաստորեն՝ մենք ունենում ենք տնտեսության ընդհանուր դանդաղում, պետությունն իր ֆինանսական միջոցները փոխարենն ուղղեր տնտեսության զարգացմանը և առաջընթացին, հիմա պետք է ուղղի վերականգնողական աշխատանքներին, որն էլ տնտեսության զարգացման ընթացքը կարող է դանդաղեցնել և նաև ազդել ՀՆԱ-ի վրա»:

Խոսելով ժամկետների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Բիզնեսի, բնակչության վնասները կոմպենսացնելը կարող է արվել շատ արագ՝ 1-2 ամսվա ընթացքում, իսկ ենթակառուցվածքների կառուցումը կարծում եմ՝ մինչև տարվա վերջ»:

Գագիկ Մակարյանը ստեղծված իրավիճակում դրական գնահատեց պատկան մարմինների գործողությունները. «Պետական որոշ մարմիններ, հիմնականում՝ ՆԳՆ-ն և ՏԿԵՆ-ը, շատ արագ կարողացան տիրապետել իրավիճակին, որը շատ գովելի է, ընդամենը երկու-երեք օր տևեց այդ ցայտնոտային վիճակը: Պետական ինստիտուտները պետք է հանգեն ճիշտ եզրակացությունների, որ աղետների դեմ պայքարը, արտակարգ իրավիճակների կառավարումը մեր պետության համար կրիտիկական է: Ճիշտ է, մենք ջրհեղեղների առաջ համարյա չենք կանգնել, լեռնային բնությունը թույլ է տվել, որ ջրհեղեղներ հաճախ չլինեն, բայց նաև որպես երկրաշարժի գոտի, պատերազմական ռիսկում գտնվող պետություն՝ մենք ունենք կրիտիկական  որոշակի զգայնականություն աղետների հանդեպ, հետևաբար՝ պետական ինստիտուտները պետք է զինվեն համապատասխան տեխնիկայով, գործիքներով, որովհետև հնարավոր է,որ իրենք կարող էին մինչև աղետը գնահատել ջրի բարձրացման մակարդակը, չափել, զգուշացնել կամ պատնեշներ կառուցել:

Կարևոր է նշել նաև այն, որ պետական մարմինները բիզնեսի ներկայացուցիչներին քիչ են ներառում աղետների և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուսուցումների մեջ, նախապատրաստական գործողությունների մեջ, նրանք կարող են իրենց անձնակազմին ուսուցանել, կարող են իրենց գործընկեր փոքր, միջին ձեռնարկություններին օգնել, որ տիրապետեն այդ գիտելիքներին»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն ընդգծեց, որ պետությունն այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունի. «Պետությունը պետք է կրթի հասարակությանը և բիզնեսին, կրթել չի նշանակում դպրոցներում, բուհերում անպայման ինչ-որ ծրագրեր իրականացնել, դրանք կարող են լինել հաղորդումների, սեմինարների, քննարկումների և այլ ձևերով: Կարելի է օգտագործել համայնքապետարանները, մարզպետարանները, որ իրենք այդ գործը անեն, շատ լուծումներ կան, որոնք պետական մարմինները կարող են իրականացնել: Օրինակ, երբ ջրհեղեղը եղավ, հեռախոսներին հաղորդագրություն ստացանք, թե ինչ պետք է անել ջրհեղեղների դեպքում, այս մեսիջները կարելի էր նախօրոք անել և ոչ միայն հաղորդագրությունների միջոցով, այլ հարկավոր է դա դարձնել համատարած ծրագիր և հասարակությանը կրթել ու բարձրացնել նրանց գրագիտությունը»:

 

Աննա Բզնունի

05 Հունիս, 2024 15:53
Վեր