Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Հայաստանին, թելադրել իր կամքը. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Հայաստանին, թելադրել իր կամքը. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Հայաստանին, թելադրել իր կամքը. Դավիթ Ստեփանյան
Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Հայաստանին, թելադրել իր կամքը. Դավիթ Ստեփանյան

Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Հայաստանին, թելադրել իր կամքը. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե Ուկրաինան մնում է միայնակ, թուլանում է և պարտվում է ռուսների դեմ պատերազմում, հաջորդը մենք ենք լինելու՝ հետխորհրդային տարածաշրջանի երկրները: Այնպես, որ Ուկրաինան անուղղակիորեն պաշտպանում է մեր բոլորի շահերը»: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ռուսական դիզվառլիքի մատակարարման շուրջ ձեռքբերված համաձայնության, ԱՄՆ-Կիև լարվածության և Եվրոպայում սկսված ցույցերի հավանական ազդեցությանը Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա:

Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ մեզ համար ամենաանհանգստացնողը Եվրոպայում՝ Ֆրանսիայում ու Իտալիայում այժմ ընթացող բողոքի ցույցերն են, որոնք աշխատում են ի օգուտ աջակողմյան ուժերի:

«Ինձ ավելի շատ են հուզում և անհանգստացնում այն տենդենցները, որ այս օրերին նկատվում են Եվրոպայում: Մենք տեսնում ենք, որ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում կայացած ընտրություններում հաղթել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը: Տեսնում ենք, որ Ֆրանսիայում կատարվողը լրջորեն բարձրացնում է ծայրահեղ աջ «Ֆրանսիայի ազգային ճակատի» ազդեցությունը և մեծացնում դրա առաջնորդ Մարին Լը Պենի երկրի ղեկավար դառնալու շանսերը: Թե՛ Լը Պենը և թե՛ Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան գործիչները բազմիցս են հայտարարել, որ իրենք Ուկրաինային աջակցելու անհրաժեշտություն չեն տեսնում, և որ իրենց իշխանության գալու դեպքում փորձելու են կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ: Այսինքն՝ Ուկրաինան տուժելու է»,-ասաց Ստեփանյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ ուկրաինական պատերազմը հետխորհրդային տարածաշրջանում լրջորեն թուլացրել է նախագահ Պուտինի ամբիցիաները, որովհետև, ըստ էության, բախվել է մի խնդրի, որը չի կարող լուծել: Ավելին, Ստեփանյանը նշեց, որ շրջանառվող որոշ վարկածների համաձայն՝ ֆրանսիական քաղաքներում կատարվողի հետևում կանգնած է Ռուսաստանը, որովհետև Մոսկվայում լավ հասկանում են, որ նման իրադարձությունները բարձրացնում են աջերի իշխանության գալու հավանականությունը, որից հետո Ֆրանսիան ուղղակի դուրս կգա փաստացի ձևավորված «հակառուսական» ու «հակապուտինյան» կոալիցիայից:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող են Ֆրանսիայում աջերը ընթացիկ բողոքի ակիցաները օգտագործել ի օգուտ իրենց, քաղաքագետը բացատրեց. «Լը Պենը խոստանում է կասեցնել անօրիանկան ներգաղթը, մաքրել երկիրը արդեն ներգաղթածներից, փակել սահմանները և այսպիսով լուծել այս խնդիրը: Հասկանալի է, որ ցանկացած շարքային ֆրանսիացու համար դուրեկան չէ, որ ինչ-որ ներգաղթյալներ եկել ու թալանում են իր ունեցվածքը: Չնայած թալանողների ու ավերողների մեջ կան նաև ֆրանսիացիներ՝ տեղացիներ, սակայն խնդիրը ընկալվում է ներգաղթյալների համատեքստում: Աջերը խաղալու են այս ամենի վրա և դրանք օգտագործելու են ընտրություններում: Ոչ ոք չի ասում, որ խնդիրը հենց մուսուլմանների կամ այլ ներգաղթյալների մեջ է, դա հարցի մի մասն է,  սակայն աջերը կներկայացնեն այնպես, որ ողջ խնդիրը միայն դա է և իրենք կկարգավորեն միգրացիոն քաղաքականությունն ու ամեն բան լավ կլինի: Ընտրություններում էլ մարդիկ շարժվելու են զգացմունքային ձևով և սա իրապես կարող է նրանց համար իշխանության գալու հնարավորություն լինել: Սակայն խնդիրը ավելի խորն է՝ կապված վառելանյութի թանկացման, դրա հետևանքով արտաքին շուկաներից կախվածության, այլ ոլորտներում չդադարող գնաճի հետ: Հետևաբար միայն միգրացիոն քաղաքակաության կարգավորմամբ որևէ բան չի փոխվի»:    

Ստեփանյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակում անկում է ապրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ռեյտինգը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական դիզելային վառելիքի արտահանման շուրջ Պուտինի ու Թրամփի գործարքն և ՌԴ դեմ պատժամիջոցների կասեցումը չի նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն՝ քաղաքագետը նշեց. «Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ ԱՄՆ քաղաքականության մեջ և առհասարակ ամերիկյան ընկալումներում փոփոխություն չկա: Եղելությունը բավականին պարզ է. Թրամփը պատրաստվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին և այս ֆոնին երկրի ներսում և ընդհանրապես աշխարհում բավականին աճել է դիզվառելիքի գինը: Այս ամենն էլ իր հերթին Իրանի դեմ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախաձեռնած պատերազմի հետևանքն է: Հիմա՝ ընտրությունների նախաշեմին թե՛ դեմոկրատները, և թե՛ հանրապետականները Թրամփին մեղադրում են նման իրավիճակ ստեղծելու համար, իսկ ընտրողը, ինչպես միշտ, հետաքրքրված է սեփական բարեկեցությամբ:  Այս ամենի արդյունքում ԱՄՆ նախագահի վարչակազմի համար անհրաժեշտություն է ձևավորվել նվազեցնել և կարգավորել դիզվառելիքի գինը: Ներկա պահին սրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի հետ համագործակցությունն է, որտեղ չնայած բենզինի բացակայությանը՝ կա դիզվառելիքի մեծ պաշար: Սա գիտակցելով Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գնացել է այսպիսի գործարքի: Սա իրավիճակային գործարք է»:

Ստեփանյանը նաև նշեց, որ Վաշինգտոնի նման քաղաքականությունը շարունակելու է ճեղքվածքներ ավելացնել ՆԱՏՕ-ի և ԵՄ դաշնակիցների հետ հարաբերություններում: Ըստ նրա՝ սրանք առաջին հերթին պայմանավորված են հենց Թրամփի նախագահության հանգամանքով, քանի որ հենց նա իր դաշնակիցներից ոչ միայն պահանջում է Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ պաշտպանական ծախսերի կրկնապատկում կատարել, այլ նաև մեծ մաքսատուրքեր է սահմանում նրանց համար:

Ըստ քաղաքագետի՝ դեռ վաղ է խոսել Եվրոպայի համար լուրջ անվտանգային ռիսկերի կամ անվտանգության ճարտարապետության փլուզման մասին, սակայն Ուկրաինայի պարտության դեպքում խնդիրը այստեղ կարող է դառնալ այն, որ Ռուսաստանը իր դիրքերը կամրապնդի ԵՄ սահմանների մոտ: Ըստ նրա՝ նման սցենարի դեպքում Եվրոպան կկարողանա գտնել իր համար անվտանգության ապահովման նպաստավոր լուծման ճանապարհներ:

«Անվտանգության ռիսկեր ոչ թե Եվրոպայի համար են առաջանալու, այլ հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար: Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան արդեն հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին՝ թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, թե՛ Մոլդովային, թե՛ Ղազախստանին, թե՛ Ղրղզստանին ու Միջին Ասիայի մյուս երկրներին հերթով թելադրել իր կամքը»,-ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի հանդեպ Դոնալդ Թրամփի նման քաղաքականությունը չի կարող հարվածել Հարավային Կովկասում նրա հանդեպ ձևավորված վստահությանը՝ մասնավորապես ԹՐԻՓՓ-ի իրագործման համատեքստում՝ Ստեփանյանը ասաց. «Երբեք չի կարելի որևէ արտաքին ուժի վստահել՝ լինի դա ԱՄՆ, Ֆրանսիա թե Ռուսաստան: Պետք է հիշել, որ ցանկացած պահի ներքին քաղաքականությունից դրդված նույն Թրամպը, Պուտինը կամ իշխանության գալու դեպքում Լը Պենը, կարող են այնպես անել, որ քո շահերը ոտնահարվեն: Սա այն պատճառով, որ նման գործիչների համար ամենակարևորը իրենց ընտրվելն է, այստեղ առաջնայինը քաղաքական պոպուլիզմն է և վերջիվերջո իր երկրի շահը: Հիմա ԱՄՆ-ի և Հայաստանի շահերը համընկնում են տարածաշրջանում: Այն ինչ մենք ունենք այս պահին, այդ համընկնման արդյունքն է: Սակայն սա չի նշանակում, որ նույն Թրամփը կամ մեկ ուրիշը, երբ տեսնի, որ Հայաստանում իր շահերը զիջելով օրինակ՝ Ռուսաստանին, Ադրբեջանին կամ Թուրքիային ու դրանից շահում է գլոբալ մակարդակով, ապա կարող է հանգիստ դա անել: Ընդհանրապես վստահությունը քաղաքական կատեգորիա չէ»:

Ըստ քաղաքագետի՝ բալանսավորված ու բալանսավորող քաղաքականությունը միակ հանարավոր քաղաքականությունն է, որը թույլ է տալիս Հայաստանին «մնալ ջրի երեսին որպես երկիր, որպես պետականություն»:

«Որևէ մեկը չի ասում, որ հիմա պետք է ամեն ինչ տանք ԱՄՆ-ին այնպես, ինչպես ժամանակին տվել ենք Ռուսաստանին: Հավերժ դաշնակիցներ չկան, շահերն անընդհատ փոփոխվում են: Այս առումով Թրամփի ու Պուտինի միջև դիզելային գործարքը դրա վառ ապացույցն է: Պետք է սրան նայենք ու մեր եզրահանգումներն անենք: Չի կարելի բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղում՝ լինի դա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի թե Ռուսաստանի զամբյուղը»,-ասաց Ստեփանյանը:

Նա նաև նշեց, որ եթե Եվրոպայում լինի քաղաքական որոշում, ապա Ուկրաինային ԱՄՆ-ի հավանական աջակցության դադարեցման դեպքում ԵՄ երկրները կկարողանան լրացնել այդ բացը:  

«Գործող ԵՄ ղեկավարությունը՝ հանձինս Ֆոն Դեր Լայենի, Գերմանիայի իշխանությունները՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիան՝ Մակրոնի գլխավորությամբ հասկանում են, որ Ուկրաինայի խնդիրը դա համաեվրոպական խնդիր է: Նրանք նաև պատրաստակամ են ԱՄՆ-ի նման քաղաքականության դեպքում աջակցել Ուկրաինային, վերջիվերջո ամերիկյան մատակարարումների համար վճարում է ԵՄ-ն, ԱՄՆ-ն ոչ մի բան չի նվիրում Ուկրաինային»,-հավելեց Ստեփանյանը:

 

 

20 Հոկտեմբեր, 2026 16:57
Վեր