Ծպտյալ հակահեղափոխականները Zarkerak - Ծպտյալ հակահեղափոխականները
Zarkerak Zarkerak - Ծպտյալ հակահեղափոխականները
Ծպտյալ հակահեղափոխականները

Ծպտյալ հակահեղափոխականները

Հետհեղափոխական պետական կառավարման համակարգի միջին օղակը գործում է բացառապես հակահեղափոխական սկզբունքով։ Պետական կառավարման համակարգում, մասնավորպես տեղական ինքնակառավարման հատվածում, կան պաշտոնյաներ, որոնք աշխատավարձ են ստանում ոչինչ չանելու, կամ քաղաքացիների շահերը որքան հնարավոր է ոտնատակ անելու համար։ Երևանի քաղաքապետարանը նման պաշտոնյաների իրական որջ կարելի է համարել, որտեղ տարբեր վարչություններում «տնավորվել» են պաշտոնյաներ, որոնք իրենց աշխատելաոճով հարվածում են ոչ միայն իրենց անմիջական վերադասներին, այլև ընդհանուր քաղաքական մեծամասնությանը։

Քաղաքացիների շահերը հիմնականում անտեսվում կամ ուղղակի ծաղրուծանակի են ենթարկվում հատկապես շինարարության, ճարտարապետության և նմանատիպ այլ ոլորտները համակարգող վարչություններում։ Այստեղ քաղաքացիների հետ աշխատանքային հանդիպումները, կամ աշխատանքային նիստերը որոշ պաշտոնյաների կողմից վերածվում է իսկական կրկեսի։ Ավելին, լինում են դեպքեր, երբ այս վարչությունների միջին օղակի պաշտոնյաներն իրենց իրավունք են վերապահում ծաղրել քաղաքացիներին, արհամարել նրանց կարծիքները, տեսակետները, ինչի հետևանքով քաղաքացիների մոտ օբյեկտիվորեն առաջանում բացասական կարծիք ընդհանուր պետական կառավարման, քաղաքական մեծամասնության և երկրի ղեկավարության հանդեպ։ Փաստացի, այդ ցածր դասի պաշոնյաները, որոնք ծվարել են հեղափոխության և քաղաքական մեծամասնության թևի տակ՝ գործում են հենց իրենց վերդասների դեմ, դրանով հարվածի տակ դնելով ընդհանուր իշխանությանը։

Կառավարման միջին օղակում տիրող այս ամենաթողությունը բնականաբար հանրության լայն շրջանակների և քաղաքական ղեկավարության համար աննկատ է մնում, քանզի նման հանդիպումները նիստերը չեն լուսաբանվում, չեն ձայնագրվում, ինչը անպատասխանատու պաշտոնյաներին հնարավորություն է տալիս իրենց զգալ «ինչպես իրենց տանը»։

Խնդիրը գուցե առաջին հայացքից մանրուք թվա, սակայն հենց այս միջին օղակի պաշտոնայներ են իրենց վարքով ու անպատասխանատու գործելաոճով հարվածում ընդհանուր իշխանության և ինչու չէ նաև պետության վարկանիշին, այլ կերպ ասած հենց այս օղակի պաշտոնյաներն են դավաճանում իրենց վերադասներին, հարվածի տակ դնում հեղափոխական արժեքները։

Երկրի քաղաքական ղեկավարությունն այսօր զբաղված է արտաքին մարտահրավերների դեմ պայքարով և օբյեկտիվորեն հաճախ չի նկատում թե ինչ է կատարվում պետական կառավարման ներքին օղակներում։ Սակայն անկախ այս հանգամանքից, իշխանության բարձրադիր օղակները չպետք է աչքաթող անեն այս խայտառակ իրավիճակը, հակառակ դեպքում որոշ ժամանակ անց կբախվեն նաև ներքին կառարման համակարգում «ծաղկած» դավաճանների բանակի ամենաթաղության հետ։

Մկրտիչ Իսրայելյան

19 Ապրիլ, 2024 20:37
Վեր