Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2027 թվականի հունվարի 1-ից Առողջության ապահովագրության համարկարգին միանալու են նոր խմբեր, դրանք են՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, անկախ աշխատավարձի չափից՝ բոլոր գրանցված աշխատողները և առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ ունենք էլի մի քանի խմբեր, ում մասով պետք է քննարկում իրականացնենք»,-հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ 2028 հունվարի 1-ից ներառելու են բոլոր քաղաքացիներին. «Ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներ, ուսանողներ և այլն: 2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: 1 միլիոն 700 հազար հոգուց ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ, սա նշանակում է, որ դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել: Մատուցված ծառայությունների թիվը 8 միլիոն 399 հազար 491 է, 97.4 միլիարդ դրամի կատարողական ենք ունեցել: Մայիսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կար, որ հնարավորինս արագ ստանային ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի, նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողացանք կառավարել այս դիմելիությունը, բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք դիմելիության որոշակի կայունություն»:


