Սկսվեց նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը։ Նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, նոր քաղաքական փուլ։ Բայց առաջին իսկ նիստից հետո մի բան արդեն շատ ծանոթ թվաց՝ ընդդիմության քաղաքական մտածողության մակարդակը։
Ընդդիմադիր պատգամավորը հարց է ուղղում՝ արդյոք պաշտոնյան Թուրքիայում սովորելու տարիներին թուրք տեսե՞լ է։
Ու այստեղ արդեն նույնիսկ քաղաքական հայացքների կամ իշխանություն-ընդդիմություն դասական հակադրության մասին չէ։ Այստեղ շատ ավելի պարզ խնդիր կա՝ ի՞նչ մակարդակի քաղաքական բանավեճ ենք մենք ակնկալում խորհրդարանում։
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարող են լինել ամենասուր քննարկման թեմաներից մեկը։ Կարելի է հարցնել Հայաստանի անվտանգային շահերի, Թուրքիայի արտաքին քաղաքականության, հայ-թուրքական հարաբերությունների, սահմանների, պատմական խնդիրների, տնտեսական կախվածությունների, տարածաշրջանային հաղորդակցությունների մասին։
Կարելի է հարցնել՝ ինչպե՞ս է պաշտոնյան գնահատում Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ի՞նչ է փոխվել վերջին տարիներին, որտե՞ղ են Հայաստանի կարմիր գծերը, ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ կան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Բայց այդ ամենի փոխարեն հարցնել՝ Թուրքիայում սովորելիս թուրք տեսե՞լ է, թե՞ ոչ։
Սա արդեն քաղաքական հարց չէ։ Սա քաղաքական բանավեճի իմիտացիա է։
Եվ ամենավատն այն է, որ նման հարցերը միայն տվյալ պատգամավորի մասին չեն խոսում։ Դրանք ցույց են տալիս, թե ինչքան ցածր նշաձող է երբեմն սահմանվում ընդդիմադիր քաղաքականության համար։
Ընդդիմությունը կարող է իշխանությանը քննադատել։ Պետք է քննադատի։ Պետք է հարցեր տա, պահանջի պատասխաններ, բացահայտի սխալները, ստիպի իշխանությանը հաշվետու լինել։
Բայց ընդդիմությունը պարտավոր է նաև ցույց տալ, որ ինքն ավելի բարձր քաղաքական մակարդակ ունի։
Որովհետև եթե ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանում հարցը վերածում է «թուրք տեսե՞լ ես» տրամաբանության, հասարակության մոտ շատ բնական հարց է առաջանում՝ իսկ եթե այս մարդիկ վաղը իշխանություն լինեն, պետական կառավարման ի՞նչ խնդիրներ են քննարկելու։
Հայաստանի խորհրդարանը դպրոցական բանավեճերի ակումբ չէ։ Այստեղ քննարկվում են երկրի անվտանգությունը, տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը, բանակը, ժողովրդագրությունը, կրթությունը, էներգետիկան, ներդրումները, պետական կառավարման արդյունավետությունը։
Այստեղ պետք է հարցնել՝ ինչ անել, ոչ թե պարզապես փորձել ինչ-որ մեկին անհարմար դրության մեջ դնել։
Սա նաև շատ ավելի խորքային խնդիր է։ Հայաստանում տարիներ շարունակ ընդդիմության մի հատված կարծել է, թե իշխանությանը քննադատելու համար բավական է իշխանության ցանկացած քայլի հակառակն ասել։ Հիմա էլ կարծես նույն տրամաբանությունն է շարունակվում՝ միայն թե երբեմն քաղաքական բովանդակության փոխարեն ստանում ենք էժան պոպուլիզմ և ազգային զգացմունքների վրա խաղալու փորձ։ Իսկ հասարակությունը դրանից արդեն հոգնել է։
Մարդկանց այսօր հետաքրքրում է ոչ թե այս կամ այն պաշտոնյան Թուրքիայում գտնվելու ամիսներին քանի թուրք է տեսել։ Մարդուն հետաքրքրում է՝ թե ինչպե՞ս է Հայաստանը հարաբերություններ կառուցելու Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։
Ինչպե՞ս է Հայաստանը դառնալու ավելի անվտանգ և ավելի ուժեղ պետություն։
Ահա այս հարցերի շուրջ է պետք տեսնել ընդդիմության իրական կարողությունը։
Իսկ եթե խորհրդարանի առաջին նիստերից մեկը սկսվում է «Թուրքիայում թուրք տեսե՞լ ես» մակարդակի հարցով, ապա պետք է ուղղակի արձանագրել՝ Սամվել Կարապետյանը կրկեսը բերել է խորհրդարան։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ընդդիմությունը իշխանությանը քննադատում է։
Խնդիրն այն է, որ երբեմն թվում է՝ ընդդիմությունը դեռ չի հասկացել, որ իշխանության այլընտրանք լինելու համար միայն իշխանությանը դեմ լինելը բավարար չէ։
Պետք է ունենալ գաղափար։
Պետք է ունենալ ծրագիր։ Պետք է ունենալ մասնագիտական թիմ։ Եվ, ամենակարևորը, պետք է կարողանալ տալ այնպիսի հարցեր, որոնցից հետո հասարակությունը մտածի՝ «այո՛, սրանք իսկապես պատրաստ են պետություն կառավարելու»։
Իսկ «թուրք տեսե՞լ ես» հարցով կարելի է մի քանի րոպե սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացնել կամ դառնալ ծիծաղի ու մեմերի առարկա։ Բայց պետություն դրանով չեն կառավարում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


