Մենք հատեցինք 25 միլիոն դրամի շեմը, մենք հատեցինք 30 միլիոն դրամի շեմը, 55 միլիոն դրամի շեմը։ Օրեր անց վստահաբար «Մունք« տեխնոդպրոցի ֆեյսբուքյան էջում կհայտնվի ֆոնդհայթայթման վերաբերյալ վերջին՝ ամենասպասված հրապարակումը՝ մենք հատեցինք 67 միլիոն դրամի շեմը։ Այո, հենց այսքան է հարկավոր, որ Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում ստեղծվի «Մունք« տեխնոդպրոցը՝ ժամանակակից կրթության հնարավորություն արցախցի երեխաների համար։
«Ես» հիմնադրամ․ բացահայտելով արցախցի երեխաների մասնագիտական ես-ը
«Մինչև տեխնոդպրոցի հիմնադրման գործընթացը սկսելը, մենք ստեղծել ենք «Ես» կրթական ծրագիրը և հետագայում «Ես» կրթական հիմնադրամը։ Ծրագրի նպատակը Արցախում և Մարտունու շրջանի գյուղերում ժամանակակից կրթության միջոցով ենթակառուցվածքներից մինչև աշխատանքի ապահովման խնդիր լուծելն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է «Ես» կրթական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանը։

«Ես» կրթական հիմնադրամը Արցախցի պատանիներին առաջարկում է կրթություն ստանալ հետևյալ ուղղություններով՝ ռոբոտաշինություն, ծրագրավորում, դիզայն և 3D մոդելավորում։
2019-ից մեկնարկած կրթական ծրագիրն այժմ իրականացվում է Մարտունու շրջանի 5 համայնքներում, շահառուների թիվը 100-ից ավելի է։ Կրթական կետերից մեկն էլ գտնվում է Ստեփանակերտում, այստեղ էլ շուրջ 6 տասնյակ երեխաներ են տեխնոլոգիական կրթություն ստանում։

Կրթության մոդելը․ անցնել բացահայտման փուլերով
Կրթության մոդելի առաջին փուլում պատանիների պոտենցիալը և նախասիրությունները բացահայտելն է․ «2019-ին սկսվել է բացահայտում փուլը, որը շարունակական պրոցես է։ Բացահայտում փուլն իրականացվում է շարժական մինիլաբերի միջոցով։ Առաջին փուլում բոլոր 4 մասնագիտություններից մասնակիցներն անցնում են փոքր դասընթացներ, շատ պրակտիկ մակարդակով, սովորում են գործիքներ, ստանում հմտություններ»,- պատմում է Աշոտը։
Մինիլաբերում պատանիների նախասիրությունները բացահայտում են տեղացի մասնագետները․ «Տեխնոդպրոցի հիմնադրումից հետո համայնքների քանակը շատ արագ տեմպերով կաճի։ Մոտ 4 տարվա ընթացքում համարյա ամբողջ շրջանը կներառենք»,- ապագայի պլաններն է ներկայացնում Աշոտը։

Առաջին փուլն անցած մասնակիցները, երբ արդեն կողմնորոշվում են մասնագիտական ընտրության մեջ և որոշում, թե մասնագիտական առաջարկվող ճյուղերից հատկապես որն է առավել սիրելի, անցնում են խորացված գիտելիքներ ստանալու երկրորդ փուլին․ «Հենց այստեղ էլ առաջանում է տեխնոդպրոց ունենալու անհրաժեշտությունը»,- նշում է Աշոտը, ապա հավելում, որ կրթության երրորդ փուլում արդեն մասնագիտական գիտելիքներ ստացած արցախցիները պետք է ունենան նաև աշխատանքային տարածք ոլորտային ընկերությունների կողմից աշխատանքի պատվերներ ստանալու և իրականացնելու համար։

Կառուցելով տեխնոդպրոցը․․․ որովհետև Մունք կարող ենք
Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում է նախատեսվում կառուցել Մունք տեխնոդպրոցը, միջոցները ստացվում են ֆոնդհայթայթումից, որին արդեն իսկ մասնակցել են մեծ թվով անհատներ և կազմակերպություններ․ «Շատ մեծ ռեսուրս գեներացվեց ծրագրի շուրջ ու այդ ամենի համադրությունը, իհարկե, պետք է բերի լավագույն արդյունքի»,- մեզ հետ զրույցում ասում է Աշոտը։

Տեխնոդպրոցի տարածքի հարցը ևս լուծված է․ «Շինությունը մեզ նվիրում է Հաղորտի համայնքը, համայնքի ղեկավարն իր աշխատանքային սենյակը հանձնել է մեզ, վերանորոգման աշխատանքերն արդեն սկսված են, բայց բավականին քիչ գումար ենք ծախսում վերանորոգման վրա»։
Պահանջվող 67 միլիոն դրամը առավելապես կուղղվի տեխնիկա, սարքավորումներ, համակարգիչներ ձեռք բերելուն, որոշ աշխատանքներում կաջակցի նաև Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։ Խոսելով ֆոնդհայթայթման ընթացքի մասին՝ Աշոտը նկատում է․ «Բավականին հաջող ընթացավ։ Որովհետև մարդիկ տեսնում են, որ իրատեսական է»։

Իրատեսական են նաև արդեն ամռանը տեխնոդպրոց ունենալու պլանները։ Տեխնոդպրոցում կրթություն կստանա շուրջ 300 շահառու։ Դպրոցը կունենա իր ավտոբուսը, որը Հաղորտիից և հարակից գյուղերից պատանիներին կբերի դպրոց։
Այստեղ նրանք կստանան ոլորտային գիտելիքներ ոլորտային մասնագետների օգնությամբ․ «Երկրորդ փուլում մենք խնդիր ենք դրել մեր առաջ միջազգային շուկայի համար մրցունակ մասնագետներ պատրաստել, իհարկե, կրթություն մատուցողը ևս պետք է նման մակարդակի լինի»,- նշում է Աշոտը։
Բերել աշխատաշուկան Արցախ
«Հետո արդեն իրենց աշխատանքի տեղավորելու հարցն է, գործընկերների միջոցով տեղում իրենց համար աութսորսի միջոցով աշխատանքը գտնելը, թիմերի ձևավորումը»,- կրթության երրորդ փուլն է ներկայացնում Աշոտը։ Այսպիսով, հիմա կնքվում են պայմանագրեր ու հուշագրեր, որ «Մունք» տեխնոդպրոցի սաները կրթություն ստանալուց հետո հենց դպրոցի տարածքում գտնեն ոլորտային պատվիրատուներ, զբաղվեն օրինակ վեբ էջերի պատրաստմամբ, թվային մարքեթինգով, 3D մոդելավորմամբ և այս ամենը Արցախից՝ չլքելով Արցախը։

Աշոտն ասում է, կրթական ծրագրի առանցքում պատանիներն են, որոնք մեծ ոգևորվածություն ունեն․ « Ձևավորվում է համայնք, որտեղ առաջին հերթին համախմբվածություն կա»։
Թեև տեխնոդպրոցի տարածքը դեռ պատրաստման փուլում է, «Ես» կրթական հիմնադրամում արդեն կան աշակերտներ, ովքեր անցել եմ կրթական բոլոր փուլերով և հիմա ստանում են աշխատանքի պատվերներ՝ զբաղվում են վեբ ծրագրավորմամբ։
Մնալ Արցախում․․․
Խոսքը 17-ամյա Արևիկ Քարամյանի և իր 3 ընկերների հիմնադրած StartSystems ստարտափի մասին է։ «Ես» կրթական հիմնադրամի շրջանավարտ, այժմ խմբակավար Արևիկը պատմում է․ «Հայաստանի ու Արցախի մասշտաբով ճանաչում ունեցող ընկերություն ենք ու մեր պատվերներն էլ բավական շատ են»։

Արևիկը նշում է․ «Մեր առջև կար նպատակ, որ մեզնից պետք է ձևավորվի վեբ ծրագրավորման ընկերություն, որը պիտի իրեն շատ լավ դրսևորի ու արդարացնի մեզ հետ կապված հույսերը։ Մենք հաստատ կարողացանք դա անել»։
Արևիկն ասում է, որ «Ես» կրթական հիմնադրամում փորձում են ստեղծել նոր կազմակերպություններ հենց շահառուների կողմից, որ նրանք ունենան սեփական ընկերություններն Արցախում ու աշխատեն Արցախից։
«Մեր արած քայլերի գերագույն նպատակը Արցախը էլ ավելի լավը դարձնելն է։ Իմ բոլոր պլանները կապված է այստեղի հետ, այստեղից դուրս կյանքը չեմ պատկերացնում»։
Ինչ է տալիս «Ես»-ը կամ ոգևորված աչքերի գաղտնիքը
«Ես» կրթական հիմնադրամի սան, տեխնոդպրոցի ապագա շահառու 12-ամյա Մանե Մարտիրոսյանն ասում է․ « Նախ մի քիչ զարմանալի է, բայց հիմնադրամում կրթությունն ինձ տվել է հայրենասիրություն։ Ես 12 տարեկան եմ ու մի տարի առաջ լրիվ ուրիշ էր մտածելակերպս, հետո եկա ու հասկացա, որ շատ բաների վրա ժամանակս անիմաստ եմ վատնել»։

Մանեն ասում է՝ ուզում է, որ տեխնոլոգիական կրթությունը Արցախում պահի երիտասարդներին․ «Ես կարող եմ ինչ-որ բան փոխել և կարող եմ ուրիշին էլ ստիպել փոխել իր մտածելակերպը։ Կա այստեղ ապագա, այստեղ էլ կարող ենք լավ մարդ դառնալ, միջազգային շուկայում հայտնի մասնագետ»։
Մանեն պատմում է, որ «Ես» կրթական հիմնադրամ ժամանակին անգամ Հաղորտիի տարեցներն էին գալիս․ «Մեր գյուղից տարեց մարդիկ էլ սկզբում մասնակցում էին, հավեսով գալիս, նստում էին դասերին»։
Մանեն վստահեցնում է, որ ոգևորված են Հաղորտիում ստեղծվող տեխնոդպրոցով ու անկեղծանում, որ չէին սպասում ֆոնդհայթայթման նման տեմպերի ու արդյունքների․«Մոտ 10 օր առաջ սկսվել են տեխնոդպրոցի շինարարական աշխատանքները։ Երեխեքով գնացել էինք, որ համայնքապետարանը սարքենք տեխնոդպրոց»,- ոգևորված պատմում է Մանեն, որ նաև «Հաղորտին է հաղորդում» տելեգրամյան էջն է վարում և ինչպես ինքն է ասում․ «Տեքստեր ենք գրում,որ տանք լսարանին, որ նրանք էլ հասկանան՝ իզուր չեն տալիս գումարն այս նախագծի համար»։

Ո՞րն է հաջողության գաղտնիքը, հարցնում ենք Մանեին, ինչպե՞ս հնարավոր եղավ իրենց նախագծի վրա նման ուշադրություն կենտրոնացնել․ «Հաջողությունը մեր ոգևորված աչքերի մեջ էր»։
Արևիկն էլ հավելում է․ «Ոգևորվածությունը շատ մեծ է, ու կարևոր է, որ դպրոցը ստեղծում ենք մենք բոլորս, երևի նկատեցիք, որ ոչ մեկս չի ասում՝ տեխնոդպրոցը ստեղծվում է։ Ասում ենք՝ մենք ստեղծում ենք, իսկ ավելի շուտ ՝ մունք ստեղծում ենք»։
Մարիամ Մկրտչյան


