Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական սահմանապահ ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որ երկրի ուժայինները կանխել են Իրանի Իսլամական հանրապետությունից դեպի Ադրբեջանի տարածք առանձնակի խոշոր չափի թմրանյութ տեղափոխելու փորձը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, սահմանը խախտելու մտադրություն ունեցող անձինք չեն ենթարկվել սահմանապահների հրահանգներին և կրակ են արձակել վերջիններիս ուղղությամբ:
Ավելի ուշ, կողմերի միջև ծագած փոխհրաձգության հետևանքով իրավախախտներից մեկը՝ Իրանի քաղաքացի 50-ամյա Նադիրզադե Աղաջան Նասիրօղլուն հրազենային վիրավորում է ստացել, ապա՝ ձերբակալվել, իսկ նրա գործընկերը դիմել է փախուստի:
Ադրբեջանցի իրավապահները հայտնաբերել և առգրավվել են 7 կգ 935 գրամ կշռող հոգեմետ միջոց (մարիխուանա), ինչպես նաև զենք ու զինամթերք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: