Փաշինյանը Հայաստանը փորձում է տեղավորել համաշխարհային խաղի կանոնների տրամաբանության մեջ Zarkerak - Փաշինյանը Հայաստանը փորձում է տեղավորել համաշխարհային խաղի կանոնների տրամաբանության մեջ
Zarkerak Zarkerak - Փաշինյանը Հայաստանը փորձում է տեղավորել համաշխարհային խաղի կանոնների տրամաբանության մեջ
Փաշինյանը Հայաստանը փորձում է տեղավորել համաշխարհային խաղի կանոնների տրամաբանության մեջ

Փաշինյանը Հայաստանը փորձում է տեղավորել համաշխարհային խաղի կանոնների տրամաբանության մեջ

Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը` պատմական և իրական Հայաստանների անհամատեղելիության մասին, բուռն արձագանք գտավ հանրության շրջանում։ Շատերը նրան մեղադրում են, որ այդպիսով վարչապետը կատարում է դրսի ուժերի, կամ այլ երկրների պատվերը և փորձ է անում մոռացության մատնել հայ ժողովրդի պատմական անցյալը։

Հայ ժողովրդի պատմությունը, հատկապես վերջին ավելի քան երկու հարյուր տարիների պատմությունը, չափազանց բարդ ընթացք է ունեցել։ Այն հարուստ է եղել ողբերգական իրադարձություններով, որոնք փոխկապակցված են եղել ոչ միայն տարածաշրջանային, այլև տվյալ ժամանակաշրջանի աշխարահաքաղաքական իրողությունների հետ։ Տարածքների կորուստ, էթնիկ բնակչության ցեղասպանություն, տեղահանություն, քաղաքական և իրավական առումով վիճելի և հաճախ պարտադրված պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել և ունեն թե այն ժամանակվա և, թե նաև այսօրվա Հայաստանի վրա։

Մի պահ մոռանանք Փաշինյանին ուղղված քարոզչական և քաղաքական նպատակներ հետապնդող մեղադրանքները և փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը՝ թերևս ցանկանում է Հայաստանը տեղավորել միջազգային քաղաքական և իրավական խաղի կանոնների շրջանակում։ Հայաստանի քաղաքականությունը անկախությունից հետո ինչ-որ առումով դուրս է եղել համաշխարհային քաղաքականության խաղի կանոններից։ Հարևաններից առնվազն երկուսի նկատմամբ տարածքային պահանջներ, չլուծված ցավոտ խնդիրներ, որոնք միանշանակ մեզ համար օբյեկտիվ են, սակայն չեն տեղավորվում այսօրվա աշխարհի տրամաբանության մեջ։ Աշխարհը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և մինչև առնվազն 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը, փակ է պահել տարածքային պահանջների թեման։ Համաշխարհային խաղի կանոնները, կամ այն կանոնները որոնք համաշխարհային կենտրոնները սահմանել են՝ չի ընդունում պատմական իրադարձությունները ներկայի օրակարգ բերելու և դրանցով առաջնորդվելու գաղափարը։ Այս սկզբունքով է ինչ-որ առումով նաև պահպանվել համաշխարհային խաղաղությունը։ Այս սկզբունքով են նախկին թշնամի պետությունները հաշտվել և սկսել համատեղ գոյատևել, զարգանալ ու առաջ գնալ։

Որքան էլ, որ պատմական իրադարձությունները ծանր են եղել և ծանր հետք են թողել հայ ժողվորդի ու Հայաստանի վրա, այդուամենայինիվ՝ դրանք չպետք է դառնան այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի հարց։ Սա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անկեղծ ցանկությունն է, այլև ավելի քան կես դար գործող աշխարհակարգի խաղի անքակտելի կանոնը։

Այլ հարց է, թե արդյոք այսօվա համաշխարհային իրավիճակը երաշխավորում է գործող խաղի կանոնների պահպանումը և արդյոք՝ ինչն այսօր համշախարհային կանոն է, վաղը չի դառնա պատմական անցյալ։ Այս առումով՝ Հայաստանը պետք է լուրջ և հավասարակշռված քայլերով անցնի այս բարդ փոփոխությունների ճանապարհը, հատկապես, որ հենց մեր հարևաններից երկուսը, որոնց հետ են մեր հիմնական խնդիրները, շատ դժկամությամբ են ենթարկվում համաշխարհային խաղի կանոններին։

Մկրտիչ Իսրայելյան

17 Ապրիլ, 2024 13:45
Վեր