Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում 2024-ին մեռելածինների թիվը կազմել է 444, 2023-ին՝ 423, 2022-ին՝ 427. 2013-ից սկսած մեռելածինների ամենափոքր թիվն արձանագրվել է 2023-ին:
Շաբաթներ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում գրանցվել է մեծ առաջընթաց՝ թե՛ մայրական, թե՛ մանկական մահացության դեպքերը նվազել են:
2024-ին մանկական մահացության դեպքերը 1-4 տարեկանների շրջանում կազմել են 39, 2023-ին՝ 44, 2022-ին՝ 29: Հիմնական պատճառներն են՝ բնածին անկանոնությունները, ձևախախտումային խանգարումները, շնչառական օրգանների հիվանդությունները, վարակիչ և մակաբուծային հիվանդությունները, նաև՝ դժբախտ պատահարներերը:
2024թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 7 դեպք, 2023-ին դեպքերը 4-ն էին, 2022-ին՝ 8:
Համաշխարհային հետազոտություններից մեկի համաձայն աշխարհում 1000 կենդանի ծնվածի հաշվով 25-ը մահացած է ծնվել, այս ցուցանիշը փոքր ինչ բարենպաստ է 2023-ի նկատմամբ, երբ 1000 ծնված հաշվին մահերի թիվը 26 էր:
Zarkerak.am-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով մանրամասնել, թե որոնք են մահացության ցուցանիշների նվազման վրա ազդող հիմնական գործոնները և ինչ գործողություններ են արվում թվերը պակասեցնելու առումով:

«Վերջին տարիներին արձանագրվել է որոշակի դրական տեղաշարժ երեխաներին և կանանց մատուցվող ծառայությունների որակի, նյութատեխնիկական ապահովման և մատչելիության առումով հետևաբար նաև` բարելավվել են մահացության և հիվանդացության ցուցանիշները»,- հայտնեցին նախարարությունից:
Վստահեցրին, որ հատուկ ուշադրություն է դարձվում ՀՀ-ում պերինատալ կորուստների, նորածնային մահերի նվազեցմանն ուղղված քաղաքականությանը, ընդլայնվել են հղիների նախածննդյան հսկողության ծավալները, ներառվել են նոր հետազոտություններ՝ ժամանակին բացահայտելու հղիի մոտ առկա և պտղի ու նորածնի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները.«Նորածնային 6 սքրինինգներից բացի 2024-ից ներդրվել է ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգը, որի նպատակն է կանխարգելել նորածնային շրջանում հանկարծամահությունը և հաշմանդամությունը» :
_1739525569.jpg)
Նաև ընդգծեցին, որ բարելավվել է նորածինների, ծննդօգնության ոլորտներում կիրառվող դեղորայքային սպասարկումը.«Պետության կողմից գնվում և բժշկական հաստատություններին են տրամադրվում պարենտերալ սնուցում` ծայրահեղ ցածր քաշով նորածինների համար: Նախարարության միջնորդությամբ ներկրվել են այս ոլորտներում անհրաժեշտ և մինչ այդ ոչ հասանելի դեղեր»:
Տեղեկացրին, որ ընդլայնվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծավալները` դառնալով անվճար մինչև 18 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ տարբեր թանկարժեք հետազոտություններ և միջամտություններ.«Ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց միջոցով բուժում ստանալու համար երեխաներին նախկինում ստիպված էին տեղափոխել այլ երկիր, մասնավորապես` ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիա, մասնակի փոխհատուցվում է էպիլեպսիայի վիրահատական բուժումը, լյարդի փոխպատվաստումը»:
«Պետության կողմից գնվում և բժշկական հաստատություններին են տրամադրվում առաջնային իմունային անբավարարության, յուվենիլ ռևմատոիդ արթրիտի, Կավասակիի համախտանիշի և շարունակական բուժման համար անհրաժեշտ թանկարժեք դեղեր», - անդրադառնալով մանկական մահացության ցուցանիշների նվազեցման քայլերին նշեցին Առողջապահության նախարարությունից:



