Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախորդ տարի մենք հուշարձանների պահպանության նպատակով բյուջեից կրկնակի ավելի գումարներ ենք ծախսել՝ ավելի քան 800 միլիոն դրամ, իսկ 2018-ի համեմատ բյուջեն ավելացել է 8 անգամ, այսինքն՝ 2018-ին մենք ունեինք 116 միլիոն դրամի չափով հատկացում՝ ամբողջ հուշարձանների պահպանության ոլորտին, իսկ այս տարի մեր հատկացումը 1 միլիարդ 800 միլիոն դրամի շրջանակներում է: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ դրա շնորհիվ իրենք կարողանում են այնպիսի հուշարձաններում աշխատանք տանել, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ: ԿԳՄՍՆ-ի աշխատանքների մի ուղղությունն այն է, որպեսզի կարողանան ամրակայել դրանք, մեկ այլ կարևոր ուղղություն է ենթակառուցվածքների ստեղծումը:
«Եթե առիթ ունենաք, օրինակ, Լոռի բերդ այցելել, այդտեղ արդեն ավարտել ենք տեղեկատվական-մոդուլային կենտրոնի տեղադրումը, որը սրճարան-տոմսի վաճառք-սանհանգույցներով արդիական միջավայր է, որը քաղաքատիպ ծառայության հնարավորություն է տալիս այցելուներին: Առաջիկայում Զորաց քարերում, Բջնիում կտեղադրենք: Մեր նպատակն է ամրակայել, ունենալ ենթակառուցվածք, քայլուղիներ ենք նաև կառուցում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պետք է աշխատանք տանել զբոսաշրջության ոլորտի հետ, որպեսզի լինեն զբոսաշրջային երթուղիներ, որպեսզի քաղաքացիներն այցելեն և տեսնեն այդ վայրերը:
Անդրեասյանի խոսքով՝ դա մեկանգամյա միջոցառում չէ, այդ ուղղությամբ աշխատանքը պետք է լինի շարունակական:


