Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պատերազմի կարճաժամկետ լինելու դեպքում իրավիճակը չէր հասցնի ակնհայտորեն ազդել տնտեսության վրա, երկարաժամկետի պարագայում՝ հետևանքները կլինեին բավական ուժեղ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իսրայել-Իրան պատերազմի՝ ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցությանը՝ ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Մակարյանի խոսքով՝ Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեծ է՝ գերազանցում է մոտավորապես 750 միլիոն դոլարը. «Իրանական կողմից մենք համարյա ստանում ենք 550 միլիոն դոլարի ապրանքներ, օրինակ՝ մետաղական ապրանքներ, որոնք շինարարության մեջ ենք օգտագործում, ցեմենտ, նավթամթերք, նաև սնունդ՝ յուղ, ձեթ և այլն: Հայաստանն էլ մոտավորապես 200 միլիոնի է արտահանում, որոնց մեջ սարքավորումներ են, գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Առաջին հարվածը, որը Հայաստանը ստացավ՝ այն էր, որ մեր շատ ներմուծողներ, որոնք պարսկական նավահանգիստն օգտագործում էին պարսկական և չինական, Արևելյան Ասիայի երկրներից եկող ապրանքների համար, Հայաստան ներկրելու պատճառով՝ դրանք բավականին խաթարվել էին: Երբ խոսում ենք տնտեսական ռիսկերի մասին, ոչ թե միայն պետք է հաշվի առնենք, որ Իրանի հետ ունենք մեծ առևտուր, այլ գումարած դրան առնվազն չորս պետության հետ: Ցամաքային տեսանկյունից Իրանը և Վրաստանը Հայաստանի համար ունեն լուրջ դերակատարություն»:
Տնտեսագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակն ավելի շատ կարող էր ազդել ներմուծման ծավալների վրա. «Կարող էին ապրանքների գները թանկանալ, Հայաստանն էլ այդ ներմուծման ծավալներն ուրիշ տեղից չէր հասցնի բերել: Գնաճ էլ կլիներ, եթե այդ ապրանքները չբերեինք, մնացած արտադրողները տեսնելով, որ Իրանից չի բերվում՝ գները կբարձրացնեին, կամ դեֆիցիտի պատճառով գները կբարձրանար: Այստեղ մեկ ռիսկ էլ կա՝ այն բիզնեսները, մարդիկ, որոնք ներկրում են կատարում, կամ արտահանում են, եթե տեսնեն, որ հնարավոր է պատերազմը սկսվի, հնարավոր է, որ Իրանի հետ մեր արտաքին առևտուրը հիմա նվազի: Հնարավոր է շատերը չդիմեն ռիսկի՝ նոր պատվերներ անել: Կարող է արտաքին առևտուրը 10 տոկոսի չափով նվազել, բայց եթե խաղաղություն լինի՝ կվերսկվի»:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ կար նաև միգրանտների մեծ հոսքի ռիսկ. «Կարող էին մեզ մոտ միլիոնավոր միգրանտներ գալ, նաև Հայաստանի միջոցով այլ երկրներ գնալ, բայց հիմա դեռ այդքան չէ քանակը, որ խուճապ առաջացնի: Ռիսկ է նաև այն, որ Հայաստանն Իրանի հետ ունի էական ծրագրեր, որտեղ Իրանը մասնակցում է տենդերների, օրինակ՝ շինարարական տենդերների Սյունիքի մարզում, էներգետիկ և շինարարական ոլորտում կային պետական մակարդակով համագործակցություններ, որոնք կարող էին խաթարվել: Իրանը երկարաժամկետ պատերազմի մեջ ներքաշվելով թուլանալու էր, և տարածաշրջանում բալանսավորման դերակատարությունը, որն ուներ՝ անշուշտ կնվազեր: Իհարկե, կարող էր մեզ համար լինել առավելություն այն, որ Հայաստանն այդ պատերազմի պատճառով, եթե իր դիվանագիտությունը ճկուն շարունակեր, կարող էր ավելի առանցքային դեր ստանալ»:
Մակարյանը նաև ընդգծեց, որ անկախ նրանից, որ պատերազմն ավարտվել է, շատ մարդիկ Իրանից աստիճանաբար կփորձեն հեռանալ. «Նրանք կփորձեն ՀՀ-ում գույք գնել, նույնիսկ բիզնեսները հնարավոր է տեղափոխեն Հայաստան, որը կարող է Հայաստանի համար օգտակար լինել՝ իր տնտեսական ակտիվության ավելացման առումով»:
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ այժմ մեր տնտեսության մեջ էական փոփոխություններ չեն նկատվում, սակայն եթե պատերազմը շարունակվեր, կարող էր տնտեսության համար լրջագույն խնդիրներ առաջացնել:


