Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը հայտնվել է հայ հանրության քննադատության թիրախում, ըստ իս՝ հայտնվել է օբյեկտիվորեն։ Սամվել Կարապետյանը, որի դղյակներին ու հարստությանը նախանձով է նայում նույնիսկ ռուսական վերնախավի էլիտան, այսօր օրն անցկացնում է բանտում։
Անհերքելի է Սամվել Կարապետյանի ներդրումներն ու աջակցությունը Հայաստանին։ Ռուսաստանի և աշխարհի ամենահարուստ հայն ու նրա ընտանիքն այսօր հայտնվել են բավական խղճահարույց վիճակում, և փորձում են մեղավորներ փնտրել այլ տեղերում։
Կարապետյանի ընտանքի անդամները, որոնք աշխարհի ճոխությունները կարող էին իրենց թույլ տալ մոլորակի ցանկացած վայրում, այսօր փորձում են մարդկանց համոզելով ու որոշակի գումար տալով բերել դատարանների դիմաց, որպեսզի ցույց տան իբր կողմանկիցների բանակ ունեն։
Իրականում Սամվել Կարապետյանի այսօրվա վիճակի հիմնական մեղավորը ինքն է։ Սամվել Կարապետյանն ինքն է «ստորագրել» Հայաստանի պետության դեմ դուրս գալու «համաձայնագրի» տակ։
Տարիներ շարունակ Սամվել Կարապետյանի անունը հնչել է ոչ միայն որպես խոշոր գործարարի, այլ որպես անհատի, ով աչքի է ընկել ազգանպաստ գործունեությամբ։ Ցավոք, այսօր այդ նույն Սամվել Կարապետյանը հայտնվել է բոլորովին այլ իրավիճակում, հայտնվել է այն ճամբարում, որտեղ դիրքավորված են հակապետական մունետիկները։
Իրականում Սամվել Կարապետյանը հնարավորություն ուներ ոչ միայն բարձր պահել իր անունը Հայաստանում, այլև իր հսկայական՝ բարոյական և նյութական աջակցությամբ ավելի հզորացնել ու բարեկեցիկ դարձնել Հայաստանը։
Սամվել Կարապետյանն ասում է այսօրվա իշխանությունը քանդել է երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, բայց մոռանում է, որ երկար տարիներ հենց ինքն ու իր նմանները կապվելով Հայաստանի նախկին քրեաօլիգարխիկ իշխանությունների հետ ձևավորեցին այնպիսի համակարգ, որը հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգությունը և ուղղակի ծնկի բերեց երկիրը։
Սա միայն Սամվել Կարապետյանի ողբերգությունը չէ, սա ողբերգական օրինակ է այն բոլոր հայտնի և մեծահարուստ մարդկանց համար, որոնք մտածում են, թե կկարողանան դեմ դուրս գալ սեփական երկրի ու հայնրենիքի դեմ ու շարունակեն վայելել իրենց հաճույքները։
Փողը, հարստությունը, անունն ու պատիվը անցողիկ են, մնայուն են Պետությունն ու ազգային արժեքները։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։