Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Զարմանում եմ Ռոբերտ Քոչարյանի ինքնավստահության վրա, որովհետև ինքն ինչպես միշտ ժողովրդից կտրված է, նա այլ երկրից նշանակված ֆեյք նախագահ է եղել ու դրանում գնալով ավելի ենք համոզվում»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Ղազարյանի խոսքով՝ Քոչարյանն օրգանական կապ չունի ժողովրդի հետ. «Ժողովրդի հետ շփումը նա համարում է շատ ծանր, քարոզարշավին մասնակցելը ևս: Խոսել, որ իր շանսերը բարձր են՝ զարմանալի է, իրեն կասեմ, որ ինքնախաբեությամբ չզբաղվի, նա առհասարակ շանս չունի: Մենք տեսնում ենք՝ չորս տարի իրենք ինչ աշխատանք են կատարել, հօգուտ ՀՀ գեթ մեկ քաղաքացու գեթ մեկ աշխատանք չի իրականացվել, մեկ նախագիծ չի ներկայացվել, մեկ գործ չի արվել՝ լինելով խորհրդարանում երկրորդ ուժը»:
Անդրադառնալով Արման Թաթոյանի կողմից ստեղծվող «Միասնության թևեր» քաղաքական ուժին՝ պատգամավորը նշեց. «Արման Թաթոյանը չի կարող լինել ինքնուրույն ուժ, որովհետև նա Սերժ Սարգսյանի պրոյեկտն է և ուզած-չուզած ինչքան էլ փորձի ներկայանալ որպես առանձին ուժ, միևնույն է նա Սերժ Սարգսյանի հոգեզավակն է: Չեմ կարծում, որ նա ժողովրդի կողմից սիրված դեմք է, ժողովուրդն իր գործունեությունը տեսել է և ծանոթ է, այս առումով էլ, երբ գալիս են ընտրությունները, մարդիկ միշտ նայում են՝ մարդն ինչ է արել ու ինչ է անելու, ըստ դրա էլ հասկանում՝ վստահում են, թե՝ ոչ, չեմ կարծում, որ մեր հայրենակիցները վստահում են Արման Թաթոյանին»:
Ալխաս Ղազարյանը խոսեց նաև Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված ուժի և նրանց շանսերի մասին. «Բացարձակ չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանի ուժը կարող է ՔՊ-ին մրցակից լինել, որովհետև այդ ուժն ակնհայտորեն դրսից ուղղորդվող է և ՀՀ իրականության հետ առհասարակ կապ չունեցող ուժ է, իրենց հայտարարություններից երևում է, որ իրենք ոչնչից տեղյակ չեն: Մենք Սամվել Կարապետյանի մասին գիտենք այնքանով, որ ՀԷՑ-ի կառավարումն իրենց էր վստահված և վերջերս պարզ դարձավ, թե ինչպիսի կառավարում են իրականացրել, եթե մի հիմնարկի կառավարում չեն կարողացել հավուր պատշաճի իրականացնել, ինչպես կարող են երկրի կառավարում վստահել նրանց, էլ չասեմ, որ Կրկեսի շինարարությունն արդեն դարեր է տևում: Մենք նույն պրոյեկտից տեսնում ենք Վարդանիկին Գյումրիում, ոչինչ չի արվում այնտեղ, չի կարելի ստի ու կեղծիքի վրա փորձել ժողովրդին մոլորեցնել՝ մտածելով, թե ժողովուրդը ոչինչ չի հասկանում: Ժողովուրդը մեկ օրգանիզմի նման զգում է՝ ով է իրեն խաբում, ով՝ ճիշտ ասում, այնպես որ իզուր ճամարտակել պետք չէ»:
Ղազարյանն ընդգծեց, որ իրենք իրենց նախընտրական խոստումներին հավատարիմ առաջ են գնում. «Բոլոր խոստումների հետ կապված մենք ամեն օր ենք հաշվետու մեր ժողովրդին, այնպես չի, որ ընտրությունների ժամանակ ենք ասելու այս ինչ բանը խոստացել ենք, անում ենք: Կարծում եմ՝ ժողովուրդը, որ պատուհանից էլ նայում է՝ իր կյանքի որակի փոփոխությունը զգում է, խաղաղությունը զգում է: Մեր շանսերը գնահատում եմ այնպես, ինչպես աշխատում ենք, իսկ մեր աշխատանքը ժողովուրդը գնահատել է: Ժողովուրդը հավատում ու վստահում է ՔՊ-ին»:
Ներկայիս եղած ուժերի մեջ Ղազարյանը ՔՊ-ին մրցակից չի տեսնում. «Բոլորը նախկիններից սերված «ճուտիկներ» են, հետևաբար որևէ հզոր ուժ, որը կարող է ինչ-որ ծրագիր առաջարկել՝ ես չեմ տեսնում: Նախկիններն իրենք իրենց ոչնչացրել, մաշեցրել են: Իրենք կատաղի պայքարը սկսել են, թեժ մրցակցություն սպասվելու է, բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք հնարավորինս արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, այդ առումով մենք հանձնառու ենք: Իսկ ատելության խոսքը քիչ վերահսկելի է, մեր կողմից հնարավորինս կփորձենք լինել քաղաքական խոսույթի շրջանակներում, մնացածի փոխարեն չենք կարող ասել»:
Պատգամավորի խոսքով՝ ժողովրդի համար արդարության վերականգնման ամենալավ միջոցն ընտրություններն են. «Կարևորը մեր ուժը ՀՀ-ում այլևս ապահովել է ոչ կեղծված, արդար ընտրություններ, մնացածը ժողովուրդը կորոշի իր խղճով»:


