Ռուսաստանը փորձում է խաղից դուրս չմնալ Zarkerak - Ռուսաստանը փորձում է խաղից դուրս չմնալ
Zarkerak Zarkerak - Ռուսաստանը փորձում է խաղից դուրս չմնալ
Ռուսաստանը փորձում է խաղից դուրս չմնալ

Ռուսաստանը փորձում է խաղից դուրս չմնալ

Ռուսաստանի արագ արձագանքը ապաշրջափակման թեմային ցույց է տալիս, որ Մոսկվան լավ հասկանում է՝ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր քաղաքական ու տնտեսական իրականություն։ Տարածաշրջանում սկսվում է հաղորդակցությունների վերաձևավորման փուլ, որտեղ յուրաքանչյուր պետություն փորձում է իր տեղը գտնել ապագա տնտեսական քարտեզի վրա։

Մոսկվան գիտակցում է, որ եթե այժմ չմասնակցի այս գործընթացին, ապագայում կարող է բախվել մի իրավիճակի, երբ առանց իրեն են կայացվելու որոշումներ։ Այդ պատճառով էլ վերջին օրերին Ռուսաստանի ակտիվությունն ակնհայտ է։ Կրեմլը ձգտում է ապաշրջափակման գործընթացում հանդես գալ ոչ թե որպես հետևող, այլ՝ որպես մասնակից։ Ռուսաստանի շտապողականության հիմքում նաև որոշակի անհանգստություն կա։ Մոսկվան նկատում է, որ նոր հաղորդակցական ուղիները կարող են փոխել տարածաշրջանի տնտեսական հավասարակշռությունը։ Եթե ապագա ճանապարհները ձևավորվեն առանց ռուսական մասնակցության կամ վերահսկողության, դա կթուլացնի Ռուսաստանի գործնական ներկայությունը Հարավային Կովկասում։

Հենց այս պատճառով էլ Մոսկվան փորձում է հնարավորինս արագ հաստատել իր մասնակցությունը՝ կանխելով այն սցենարը, որտեղ ապաշրջափակման գործընթացը կանցնի իր ազդեցությունից դուրս։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե «Ռուսական երկաթուղիներ»-ը քննարկում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական բեռների փոխադրման հարցը, հենց այս տրամաբանության մեջ է։ Սա ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլև քաղաքական ազդակ․ Մոսկվան փորձում է ցույց տալ, որ պատրաստ է լինել ապաշրջափակման գործընթացի հիմնական մասնակիցներից։

Նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել նաև օրեր առաջ Ղազախստանի պատրաստակամությունը՝ Ադրբեջանի միջանցքով Հայաստան հացահատիկ մատակարարելու վերաբերյալ։ Սա վկայում է, որ հաղորդակցությունների բացման թեման այլևս պարզապես քաղաքական հռետորաբանություն չէ․ այն վերածվում է իրական տնտեսական գործընթացի, որից Ռուսաստանը չի ցանկանում ուշանալ։

Այս փոփոխությունների ֆոնին Հայաստանի առջև բացվում է նոր հնարավորությունների դաշտ։ Եթե Հայաստանը կարողանա ճիշտ կառուցել իր մասնակցությունը, ապա կարող է դառնալ ոչ թե պարզապես տարանցիկ տարածք, այլ տարածաշրջանային հաղորդակցությունների կարևոր հանգույց։

Սակայն այստեղ ևս կան ռիսկեր։ Արտաքին դերակատարների մրցավազքի պայմաններում Հայաստանը կարող է դառնալ ուրիշների ծրագրերի հավելված, եթե չկարողանա հստակ ձևակերպել իր շահերն ու առաջնահերթությունները։

Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կարևոր է հանդես գալ նախաձեռնող դիրքից՝ մասնակցելով գործընթացին որպես հավասար գործընկեր, այլ ոչ թե որպես դիտորդ։

Ապաշրջափակումը պարզապես ճանապարհների բացում չէ։ Դա Հարավային Կովկասի նոր խաղ է, որտեղ յուրաքանչյուրը փորձում է ամրապնդել իր դիրքը։ Իսկ Ռուսաստանը՝ հասկանալով, որ կարող է դուրս մնալ գործընթացից, շտապում է ներգրավվել, որպեսզի իր ներկայությունը պահպանվի նաև ձևավորվող նոր տնտեսական համակարգում։

Հայաստանի խնդիրն այս համատեքստում պարզ է՝ լինել գործընթացի ակտիվ մասնակից,

Եթե Հայաստանը կարողանա հստակ ձևակերպել իր շահերն ու պահպանել հավասարակշռությունը, ապաշրջափակումը կարող է դառնալ ոչ թե նոր կախվածություն, այլ նոր հնարավորություն՝ ավելի ինքնուրույն և մրցունակ Հայաստան կառուցելու համար։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

27 Հոկտեմբեր, 2025 14:02
Վեր