Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Թաթոյանն ուզում է ասել, որ ինքը նախկին իշխանություն չէ, ուզում եմ հիշեցնել, որ պարոն Թաթոյանը Սերժ Սարգսյանի սրտի ՄԻՊ-ը և փոխնախարարն էր, դրա համար թող իրեն չփորձի զատել նախկին իշխանությունից»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Խոսելով Թաթոյանի այն հայտարարության մասին, թե Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող՝ Հակոբյանը նշեց. «Եթե մենք առանց նախկին իշխանության չենք կարող, այսինքն՝ առանց իրեն էլ չենք կարող: Մարդիկ ունեն հիշողություն, նրանց անընդհատ պետք չէ դնել կարճ հիշողություն ունեցող ամեոբայի տեղ, մարդիկ բոլորը գիտեն ինքն ով է: Թաթոյանն ուզում է իրեն առանձնացնել նախկին իշխանությունից, նոր կուսակցություն է հիմնել՝ ինչ-որ թռչող կենդանիների անվանումներով, մտածում է, որ պետք է մարդիկ չհիշեն իր դեմքը, տարբեր իրողությունների դեպքում իր լռությունը, իր փոխնախարար աշխատած տարիները: Միգուցե որոշ երիտասարդներ, որոնց տարբեր նվերներ խոստանալով բերում է հանդիպման, իր կենսագրությունը չեն կարդացել և չգիտեն՝ ով է Թաթոյանը, բայց այս նախընտրական շրջանը շատ լավ շրջան է հիշեցնելու համար բոլորին, թե ովքեր են իրենք, ինչ անցյալ ունեն»:
Պատգամավորի դիտարկմամբ՝ բոլորը հիշում են Թաթոյանի ընդդիմադիր քաղաքական ակտիվությունն ընդդիմադիրների կողքին. «Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ի դիմաց հավաքված կատաղած ամբոխին, երբ հրահանգում էին գնալ ՔՊ խմբակցության պատգամավորների տներ և իրենց բռնի բերել ԱԺ ինչ-որ բան ստորագրելու և հրապարակում էին մեր հասցեները, համարները, ինքը կանգնած էր այդ բեմում, դրա համար թող իրեն չզատի նույն «Հայաստան» դաշինքից, Սերժ Սարգսյանի կուսակցությունից, ինքը նույն նախկին իշխանությունն է»:
Հասմիկ Հակոբյանը նաև ընդգծեց, որ նախկին իշխանությունները մասնակցեն, թե չմասնակցեն ընտրություններին՝ դա ոչինչ չի փոխի. «Այսօր ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարները հենց նախկին իշխանություններն են, որոնք տարբեր մասերի են բաժանվել, տարբեր անուններով կուսակցություններ են հիմնել, հիմա էլ փորձում են նման հայտարարություններով իրենց առանձնացնել, բայց ոչ մեկը թող չմտածի, որ ՀՀ քաղաքացին կարճ հիշողություն ունի: Քաղաքացին ուզում է ունենալ խաղաղ ներկա և ապագա, ինչի առաջարկը և գործնական քայլերն արել է միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը»:
Անդրադառնալով նաև Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե 3 պատերազմ բերած ղեկավարը չի կարող խոսել խաղաղությունից՝ պատգամավորն ասաց. «Թաթոյանը թող հետ պտտվի, նայի, թե պատերազմն ով է բերել, հիշի իր շեֆի՝ Սերժ Սարգսյանի ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, երբ ինքն էր ղեկավարում ՀՀ-ն, թե ինչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը, թե Սերժ Սարգսյանը, իր նախկին կոլեգան՝ Ռոբերտ Քոչարյանն ինչպես են հասցրել բանակցություններն այն իրավիճակին, որ այլ տարբերակ, քան պատերազմը՝ չի մնացել: Թող մի քիչ զարգացնի իր քաղաքական գիտելիքները, հետո գա և քաղաքական հայտարարություններ անի»:
Թե արդյոք ժողովուրդը կվստահի Թաթոյանին և նրան ձայն կտա՝ Հակոբյանը նշեց. «Միգուցե լինեն մարդիկ, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն և կգնան ու նրան կընտրեն, բայց ես պարոն Թաթոյանին չեմ համարում այն մրցակիցը, որը կարող է անհանգստացնել, սակայն հարգանքով ենք վերաբերում բոլոր քաղաքական մրցակիցներին: Ընդդիմադիրների հետ աֆիլացված ոչ մի մարդ, նախկին իշխանության հետ ուղիղ առնչություն ունեցող մարդը չի կարող վայելել ժողովրդի սերը և հարգանքը»:
Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրելուն՝ Հասմիկ Հակոբյանը նկատեց. «Չեմ կարող վարչապետի փոխարեն պատասխանել, բայց տրամաբանությունն այն է, որ երկրի վարչապետը չի կարող ինչ-որ նախկին փոխնախարարի հետ գնալ բանավեճի, եթե այդ նախկին փոխնախարարը վարչապետի հայտ չի ներկայացրել և բանավեճի նախընտրական շրջանը չէ: Թաթոյանը ո՛չ նախկին նախագահ է, ո՛չ նախկին վարչապետ է, որ գա և բանավեճի վարչապետի հետ»:


