Չորրորդ Հանրապետությունը՝ որպես փրկություն Zarkerak - Չորրորդ Հանրապետությունը՝ որպես փրկություն
Zarkerak Zarkerak - Չորրորդ Հանրապետությունը՝ որպես փրկություն
Չորրորդ Հանրապետությունը՝ որպես փրկություն

Չորրորդ Հանրապետությունը՝ որպես փրկություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱՍ առաջին

Մի քանի օր առաջ, մի քանի արքեպիսկոպոս հանդիպեցին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաջորդ օրն էլ Մայր Աթոռի կազմակերպած գերագույն ժողովը չի կայացել։ Կարծես թէ Կտրիչն Ներսիսյանի նավը սկսում է խորտակվել։ Եթե կարդանք միայն ներհայաստանյան մամուլը Նիկոլ Փաշինյանը զուտ անձնական իշխանության համար է ամեն ինչ անում, իսկ եկեղեցականներին ստիպում է շանտաժներով։ Իհարկե Նավասարդ Կճոյանի Բենթլիի մասին մարդիկ չեն մոռացել եւ միամտություն է կարծել թէ այս եկեղեցականները լիարժեք մաքուր են ու չեն խախտել, որեւէ եկեղեցական կանոն, սակայն ամեն ինչ լրիվ այլ պատճառներ ունի, ամեն ինչ շատ ավելի խորքային է։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ ՀԱԵ-ի ղեկավարությունը վաղուց է մտել քաղաքական դաշտ եւ դա անում է ամենայն հավանականությամբ ոչ կամավոր։ 2018թ հեղափոխության ժամանակ օրերի ընթացքում Գարեգին Երկորդը կհեռանար, եթե Նիկոլ Փաշինյանը կամենար, սակայն նա չարտոնեց դա։ Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ եկեղեցին անկախ ամեն ինչից մերն է, հայկական է ու չի խառնվի քաղաքական գործերին։ Բայց դրանից հետո Մոսկվայի ենթակա հայկական ազգային կառույցները չդարձան ավելի պետական, հակառակը դրանք գնալով դարձան ավելի ու ավելի ագրեսիվ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կամաց կամաց ավելի է ամրացնում ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը եւ այլն։ Քանի որ Հայաստանում քաղաքական կառույցները, որոնք բացարձակապես մոսկվահպատակ են, ավելի ու ավելի են կորցրել իրենց վստահությունը, իրենց հեղիանակությունը, ապա միանգամայն բնական է, որ այստեղ եւս գործի դրվեց եկեղեցին, քանի որ այն վաղուց էր գերեվարված Մոսկվայի կողմից եւ այն որպես կառույց մեծ ազդեցություն ունի հայ ժողովրդի կյանքում։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ, որ ռուսական «հիբրիդային պատերազմի» արժեքաբանության հիմքերի համար կրոնը չափազանց մեծ տեղ ունի։ Վերջին մեկ-երկու տարում ՀՀ ներքաղաքական կյանքում արժեքաբանական հիմքերին առնչվող թեմաների մեջ եկեղեցին այս պահին երեւի ամենամեծն է, սակայն միակը չէ։ Մեր աչքի առաջ են Մոլդովայի դեպքերը, Ուկրաինական պատերազմը, Մերձբալթյան երկրներում վարվող ռուսական դիվերսիաները եւ այլն։

Ազգովի կոգնիտիվ դիսոնանսի մեջ ենք, կարծես բոլորս ընկել ենք ընկճախտի մեջ եւ, բնականաբար, նման դեպքերում շատերը չեն ընկալում` ինչ է կատարվում։ Ցավոք, մենք բազում եւ երկարաժամկետ գործընթացների արդյունքում ձեռք ենք բերել գիտակցության դիմադրողականության պակաս։

Հայկական մի ասացվածք կա՝ «Ավելի լավ է կույր աչոք քան կույր մտոք»։

Երբ սոցիումն իր եւ իր նախկինների կյանքի ընթացքում երկար ժամանակ իմացել ու ապրել է սխալ աշխարհընկալմամբ, մի օր այդ դեպրեսիան անխուսափելի է դառնում։ Այդ ամենին էլ գումարվում է օտարների կողմից մեր հանդեպ տարվող «հիբրիդային պատերազմը», որտեղ մեր ցածր դիմադրողականության պատճառով բառիս բուն իմաստով զոհ ենք դարձել։ Ամեն ինչ փորձում են ոտնահարել, նվաստացնել, լավն ու վատը խառնել, ճիշտն ու սխալը փոխել եւ այլն։ Այս ամենը, սակայն, նույն մեր գիտակցության դիմադրողականության հիվանդությունից է։ Եվ դեռ մեծ հարց է մեր սխալների մեծ մասը արդյո՞ք հենց նույն կառավարողների կողմից ներդրված չէ ի սկզբանե։ Օվերտոնի պատուհանը մեր վրա կիրառողները եւ ցանկալի արդյունքի հասածներն առաջինն են գոռում Օվերտոնի պատուհանի մասին եւ աղմկում վհուկների կեղծ որսի մասին։ Ամեն ինչ այդքան պարզ չէ իհարկե, սակայն ընկալելի է այն մարդկանց համար, ովքեր ջանք չեն խնայում ընկալելու համար։

Իրականում վերջին յոթ տարիների ընթացքում կատարվում է մեր մտածելակերպի, արժեհամակարգի, մեր ինքնության վերարժեւորում և վերջինիս խորքային փոփոխություն։

Հայաստանում ընթանում է ավանդական ազգից ազատության գինն իմացող, քաղաքական հասունություն ունեցող, պետականություն կրող ազգի ձևավորման գործընթաց: Հասարակությունը սկսում է փոխել իր արժեհամակարգը՝ համապատասխանեցնելով պետականության մարտահրավերներին։ Այս տարիները երրորդ հանրապետության ճգնաժամի գիտակցումն են, իսկ մեր գիտակցության ցնցումներն այդ ամենի հետեւանքը։ Երրորդ հանրապետությունը, փլուզված ԽՍՀՄ-ից հետո իր նախկին գաղութներին «փափուկ ուժով» իշխելու ռուսական էլիտաների պրոյեկտն էր, որի նկատմամբ իր վերահսկողությունը նրանք արագ վերադարձրեցին 1999թ Կրեմլում կատարված փոփոխություններից եւ ՀՀ ԱԺ սպանդից հետո։ «Դոմ Մոսկվի», «Սլավոնական համալսարան», ռուսական հեռուստաալիքներ, ռուսաց լեզվի ուսուցում եւ այլն, սրանք քայլեր են, որոնցով մեզ վերադարձրեցին նույն կապանքներին, որից իբր ազատվել էինք։

Այս ամենը հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, սակայն երբեմն մի քանի փաստերը իրար կապելը քիչ է։ Հարկավոր է ավելի խորը վերլուծություն։ Հենց այս ցավերի ու մտորումների մեջ էլ երկնվում է չորրորդ հանրապետությունը։

Ինչպես բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին է նշում «Իր ավանդույթներին հավատարիմ և անցյալին ուղղորդված հասարակությունը դատապարտված է չգոյության: Իր ներկային ուղղորդված հասարակությունը դատապարտված է լճացման: Եվ միայն այն հասարակությունն է ընդունակ զարգանալու, որն ուղղորդված է դեպի ապագա»։ Մենք նորովի ենք գտնում ինքներս մեզ եւ ոմանց մոտ ամերիկացիների ասած «open minded»-ն է աշխատում, իսկ ոմանց մոտ դրա բացակայությունը սահմանափակում է գիտակցությունը։ Նրանք, ովքեր իրականությունը ճիշտ են ըմբռնում, ընկալում են այն լուսավոր, բայց փշոտ ուղին, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ տանել, պատրաստ են եւ ուրախ գնալ այդ ճանապարհով։ Դեպի իրական պետականության լույսը։ Պատրաստակամների մոտ աշխատում է Ուինսթոն Չերչիլի ասած օպտիմիստի մտածելակերպը՝ «ամեն մի փոփոխության մեջ հնարավորություն են տեսնում», իսկ ովքեր որ փակ են, նեղմիտ կամ վախկոտ, ընկել են կոգնիտիվ դիսոնանսի մեջ եւ ամեն մի «հնարավորությունից վախենում են»։ Երկրորդ խմբի համար հենարան է հանդիսանում նաեւ այն կեղծ հայրենասիրական միջավայրը, որում նրանք մեծացել են։

  • Բաժակաճառերի հայրենասիրություն,
  • պոռոտախոսություն,
  • դրսում Գիքորի, ներսում Տորք Անգեղի կեցվածք,
  • կալվածատեր գեներալներ,
  • Բաքվում թեյ խմելու մակարդակով պատերազմ պատկերացրած եւ այդ ամենի արդյունքում 2020-2023թթ արհավիրքները վերապրած շերտն իր նեղմիտ դատողության համար ստացել է բոլոր հրահանգները, «հստակ գիտի»՝ ով ինչում է մեղավոր, եւ դա քննարկման ենթակա չէ։

Բնականաբար, նրանք առաջինն են աղաղակում մեր ավանդական արժեքների կործանման մասին։ Այս մասսայի հետ ամեն ինչ պարզ է, սակայն, բարեբախտաբար, ոչ բոլորն են այդպիսին։

«Միայն բարբարոս ժողովուրդներն են արագ ոտքի կանգնում հաղթանակից հետո. դա նման է փոթորկից հետո առվի ժամանակավոր վարարմանը։ Քաղաքակիրթ ազգերը, հատկապես մեր ժամանակներում, ոտքի չեն կանգնում կամ ընկնում իրենց զորավարների լավ կամ վատ բախտի շնորհիվ։ Նրանց կշիռը մարդկային պատմության մեջ կախված է ավելի կարևոր իրադարձություններից, քան մարտերը։ Փառք Աստծո, նրանց պատիվը, արժանապատվությունը, լուսավորությունը, հանճարը թվեր չեն, որոնք հերոսներն ու զորավարները, ինչպես խաղամոլներ, քաշում են մարտերի վիճակախաղում։ Հաճախ մարտը պարտվում է, առաջընթացը՝ շահվում։ Ավելի քիչ փառք, ավելի շատ ազատություն»։

Վ. Հյուգո «Թշվառները»

Այսպիսով, մենք գիտակցական, մտավոր, արժեհամակարգային փոփոխությունների փուլում ենք, որը մեր պատկերացումները, մեր իմացածը շրջում է 180 աստիճանով։ Սա հեշտ բան չէ, մենք կարծես այլ աշխարհում ենք հայտնվել։ Քաղաքական նոր մշակույթը հնարավորություն տվեց հասարակության գիտակցության մեջ մի շարք երևույթների սկզբնավորմանը։

Պետք է լինել ազնիվ ու խոստովանել, որ մենք, սկսած մեր կենցաղային քայլերից ու սովորույթներից մինչեւ մեր աշխարհընկալումները, մեղմ ասած՝ սխալ ճանապարհով էինք գնում։ Մենք «ամեն ինչ արգելաված է, բացի….» արժեհամակարգի հասարակությունն ենք եղել, մենք «ինժեներ բալա» հասկացությունների հասարակությունն ենք։ Մենք դիպլոմն ենք կարեւորում եւ ոչ թէ գիտելիքը, իսկ միայն սա արդեն բավարար է ընկալելու համար, որ մենք երաշխավորված դեգրադացիայի հաարակություն ենք եղել։ Սակայն, քանի տոկոսն է ի վիճակի խոստովանել դա։ Իհարկե՝ քչերը, եւ դա եւս օրինաչափություն է, նեղմիտ մարդը՝ սխալ հոսանքով երկար ժամանակ գնացողը սովորաբար չի գիտակցում եւ պատրաստ չէ ընդունել իր սխալները։ Երբ տիկին Աննա Հակոբյանն ամեն առիթով ասում է, որ նա ժամանակին այս կամ այն բանը սխալ է ընկալել եւ հիմա շտկում է իր սխալը, ոմանք կարծում են՝ դա ինչ-որ հնարամիտ գովազդ է։ Ո՛չ, դա սրտառուչ ու մաքուր խոստովանություն է, որին ընդունակ է միայն կրթված մարդը, մտքով ու հոգով մեծ մարդը։ Սա պետք է լրջագույն ազդակ լինի Հայաստանի քաղաքական դաշտում գործող քաղաքական ու հասարակական ինստիտուտների ինստիտուցիոնալ բարեփոխումների համար։

Անհատական մակարդակով անգամ պետք է բոլոր նախկին քաղաքական ու պետական գործիչներն ինքնախոստովանությամբ հանդես գան։ Փոքրոգին խոստովանության ընդունակ չէ։ Մեր ազգային ավանդույթներ կոչվածի զգալի մասը սին է ու սխալ։ Ինչպես լավ օրինակ է բերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ օրից չի, որ երկու եղբայրները մի տան մեջ են ապրել, կամ ննջասենյակը գոմի հարեւանությամբ է եղել։ Այո, դա խեղճ, աղքատ ապրելու հետեւանք է միայն, ուրիշ ոչինչ։

Ոչինչ սակայն անհետ չի կորչում, աղքատ ու խեղճ ապրելը բերել է նույնպիսի մտածելակերպի ու վարվելակերպի։ «Յոլա գնալու» սովորույթը, «միեւնույն է ոչինչ չի փոխվի», «միեւնույն է մեր փոխարեն ամեն ինչ որոշված է», «մեր ձայնը երբեք տեղ չի հասնի». ահա սրանք են մեր էության գծերը, որոնք այդ աղքատությամբ բերված դեգրադացիայի ամենամեծ երաշխիքներն են։ Այս ամենին ավելացել են հպատակության դարաշրջանի այլ արատավոր երեւույթներ։ ԽՍՀՄ-ը մեր մեջ սպանել է ընտանեկան բիզնես ասածը, պատասխանատու աշխատողի, գործարարության ինստիտուտը, մշակույթը եւ այլն։ Քանի որ ամեն ինչ եղել է պետական, այն էլ օտար կայսրության պետական, ապա աշխատողները ջանք ու եռանդ առհասարակ չեն ներդրել այդ գործը զարգացնելու համար եւ պետությունից միայն գողացել են։ Եղել է կոնսենսուս գործարանի տնօրենի եւ բանվորի միջեւ, երկուսն էլ գողացել են իրենց մակարդակով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մանր գործարարության ու վարպետության ոլորտում ամենամեծ հեղինակությունն ու վստահությունը վայելում են սփյուռքահայերը, ովքեր պահել են ավանդական, ընտանեկան բիզնեսի ինստիտուտը, պատասխանատու աշխատանքի մշակույթը եւ այլն։ Սա նաեւ արժանապատվության եւ պատասխանատվության հարց է։ Ովքեր են Երեւանի լավագույն վարպետները մեքենաների վերանորորգման գործում՝ իհարկե սիրիահայերը։

Սրանք օրինակներ են, թե մենք ինչեր ենք կորցրել դեգրադացիայի շղթայական գործընթացների ընթացքում։ Այո, մենք սխալ ենք մտածել, սխալ ենք ապրել, երբ կարծել ենք, թե մեր հարեւանը, որ պետությունից գողանում ու հարստանում է, դա մեր գործը չէ, որ ոստիկանություն դիմելը հարգի չէ, որ սովորելը էական չէ, կարեւորը դիպլոմն է, չէ՞ որ կաշառքով գործի կընդունվենք։ Մենք չափազանց մեծ ու խորը վնաս ենք տվել մեր մշակույթին, մենք դադարել ենք դասական լսել, թատրոն գնալ, մենք «Մեր Բակով», «Կարգին հաղորդումով», Արմենչիկներով մի քանի սերունդ դատապարտել ենք արժեքային ամայության։

Այս բոլոր երևույթները ձևավորվել են որոշակի ենթամշակույթ, որն աշխատում է պետության կայացման դեմ։ Իհարկե, վերածննդի դարաշրջանից մինչեւ Մաքս Վեբերի սոցիոլոգիայի տեսությունները լավ իմացող մարդը կասեր, որ միայն այս մի քանի օրինակները բավարար են հիմնավորելու համար, որ նման սոցիումը չի կարող ունենալ կենսունակ պետություն, սակայն մենք ստիպված ենք մի փոքր ավելի խորանալ եւ այլ օրինակներ բերել։

Ոչ միայն բարոյական չէ, երբ հոգեւորականը սրբապիղծ է, այլ անբնական է, երբ մենք այդ իրողության հետ հաշտ ենք։ Այն աստիճանի անբանական որքան հարիր է պետականություն կրող ժողովրդին։ Բարոյական չէ բանակի կենացը խմելը, բայց երեխայի քաղաքացիությունը փոխելը, որ չծառայի բանակում։ Բարոյական չէ հարստանալը մեղք համարելը, քանզի արարող, ստեղծագործ ու աշխատող մարդը պետք է հարստանա եւ հարստացնի։ Նման բաները սովորեցնում էին պետականություն չունեցող, աչքերը փակի մեջ պահելու հարմար հասարակություններին։ Այս ամենը պետականություն չունեցող հասարակության համախտանիշ է։ Չէ որ հայը վերջին մի քանի հարյուր տարում տեսել է միայն պետությունից եւ հասարակությունից գողացած հարուստներ։ Ազնիվ աշխատանքով հարստացած մարդիկ շատ քիչ են։ Սակայն այստեղ էականն այլ է։ Ոչ մի երկրում էլ ամեն ինչ իդեալական չէ։ Էականն այդ ամենի նկատմամբ մեր վերաբերմունքն է, մեր աղճատված պատկերացումները։ Մենք հստակ պետք է գիտակցենք, որ առանց ինքնիշխան պետության չի կարող լինել ապահով ժողովրդավարություն եւ հակառակը։ Քաղաքական ժառանգությունը նույնպես չափազանց կարևոր է ժողովրդավարության կայացման ու ամրապնդման համար։ Քաղաքացիական ու քաղաքական հասարակությունների ձևավորման, փոխլրացման, պետության հետ աշխատելու փորձի կարևորությունը մեր օրերում էքզիստենցիալ նշանակություն ունի։ Իսկ առանց ժողովրդավարության չի կարող լինել կայացած պետություն։ Առանց ժողովրդավարություն պետականության փորձերը միշտ ավարտվում են մեծ արհավիրքով։

ՄԱՍ երկրորդ

Սովորաբար, այո՛, արեւմտյան եվրոպայի, ԱՄՆ-ի հասարակությունները լավ գիտեն, որ ոչ ժողովրդավարական համակարգերում, ավտորիտարիզմի միջավայրում, որտեղ ծաղկում է կոռուպցիան, չկա ազատ խոսք, պետությունը կենսունակ չէ։ Նրանք լավ գիտեն, որ բացարձակ կոռուպցիայից զերծ հասարակություններ չեն լինում, ուխտն ընդհանրապես չխախտող եկեղեցականներ քիչ են լինում։ Նրանք լավ գիտեն, որ բանակը բացարձակ հերոս ու գրագետ զինվորականներից չի բաղկացած։ Հարցը իդեալական միջավայրի մասին չէ, այդպես չի կարող լինել բնության մեջ։ Հարցն այդ անախրոնիզմների հետ հաշտ չլինելու մասին է։ Սովորաբար զարգանում է այն հասարակությունը, որը մշտապես պայքարում է այդ անարդարությունների դեմ, միշտ աղաղակում ու բարձրաձայնում է սխալները։ Ինչ աստիճանի ազնիվ նպատակներով էլ լինի, երբ նախագահը մեծ իրավախախտում է անում, սկսվում է Ուոթերգեյթյան ճգնաժամի նման բան։ Զարգանում է այն հասարակությունը, որտեղ ամենահարուստները ոչ թե պետական պաշտոնյաներն են, այլ ստեղծագործ գործարարները։ Եվ այդ հասարակություններում ազատ մամուլն ու հասարակական ինստիտուտներն օգնում են պայքարել այս օրինաչափության աշխատանքի համար։ Այո, դա երբեմն դժվար է, սակայն դա է միակ ճանապարհը։ Ինչպես մեծն Չերչիլն է ասել՝ «Ժողովրդավարությունը իդեալական տարբերակը չէ, սակայն ավելի լավը չեն ստեղծել»։

Այո, անգամ ժողովրդավարության բաստիոն ԱՄՆ-ում 1976թ․-ից մինչեւ 2001թ․ հոգեւորականների սրբապղծությունները կոծկվում էին, իսկ երբ լրագրողները սկսեցին բացահայտել աննկարագրելի ճնշման տակ ընկան, եւ շատերը վախենում էին ցուցմունք տալ կամ գրել դրա մասին։ Սակայն միայն այդ բացահայտումներով հնարավոր եղավ արդարությունը վերականգնել։ Սա ազատ աշխարհի օրինաչափություններից է, այն հեշտությամբ չի տրվում, այն ծանր գործընթաց է, սակայն զարգացման անխուսափելի ճանապարհ։ Օրինակները շատ են։

Բայց, ցավոք, դարերով այլ կայսրությունների ենթակայության տակ ապրած հասարակությունն այս ամենը միանգամից չի ընկալում։ Նրան մի փոքր ավելի շատ է հարկավոր բացատրել, հարկավոր է հաճախ կրկնել այս տարրական մտքերը։ Մեր ժողովրդին ամեն քայլափոխին պետք է բացատրել, որ չի կարելի քո երկրի ղեկավարին ասել. «Գնա ընկի ինչ-որ շահի, ցարի կամ կայսրի ոտքերը, որ մեր ծաղիկը կամ ծիրանը կարողանանք ձեզ մոտ վաճառել»։ Նրան պետք է բացատրել, որ դու դրանով ինքդ քեզ դնում ես իմբիցիլի կարգավիճակում։ Անընկալելի է, երբ քո երկրի որեւէ քաղաքացի, առավել եւս որեւէ ինստիտուտի ներկայացուցիչ ծառայում է օտար երկրների շահերին եւ օտարի օգնությամբ փորձում է քո պետության մեջ պայքարել իշխանության դեմ։ Սրանից ավելի մեծ դավաճանական քայլ աշխարհում երբեք չի եղել։ Բայց, ցավոք, նա հենց դա է տեսել իր ծնված օրվանից, նա մեղավոր չէ, նրան համակարգի մամլիչն է կոտրել, նրան կրթել է հարկավոր։ Անգամ, այսպես կոչված էլիտաները, կրթված մարդիկ, հոգեւորականները չեն հասկանում, որ թշնամի են դառնում իրենց պետականության հետ, չեն հասկանում, քանի որ ինչպես կասեր Մահաթմա Գանդին՝ «Կայսրությունների դաստիարակած էլիտաները սեփական ազգի երդվյալ թշնամիներն են»։ Կործանարար է, երբ դու քո երկրի անվտանգությունը վստահում ես ուրիշին, դու քո տան բանալին տալիս ես ուրիշին, երբ դու քեզ համար չունես ինքնաբավ անվտանգային համակարգ՝ սեփական ռազմական արդյունաբերությամբ, հետախուզական համակարգերով, սեփական ռազմագիտական դպրոցով։ Հայը պետք է իր սեփական, ոչ մեկին պարտական չմնացած պետությունը կառուցի։ Սկսած 2018 թ․-ի «Ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»-ից, երբ Հայաստանի Հանրապետությունը բռնեց ժողովրդավարության ճանապարհը, խնդիրներ առաջացան քաղաքական մշակույթի ընկալման մակարդակում։ Ժողովրդավարությունը բնութագրվում է ոչ թե հպատակներով, այլ քաղաքացիներով, ժողովրդավարության անցումը Հայաստանում նույնիսկ էլիտաների շրջանակներում լիովին չընկալվեց։ Ժողովրդավարությունը՝ որպես արժեք, ցավոք, մինչ օրս այդպես էլ չի գիտակցվում մեր հասարակության որոշ շերտերի կողմից։

Եվ եթե հայը չփոխի իր մտածելակերպը, սովորույթները, աշխարհընկալումը, արժեհամակարգը, այդ պետությունը չի ստեղծվի, իսկ ռուսական հպատակության փափուկ տարբերակ Երրորդ հանրապետությունը իր տապանաքարի տակ կթողնի ողջ Հայ ժողովրդին։ Չորրորդ հանրապետությունը պետք է ծնվի ազատ, մտածող ու արարող, անարդարության հետ անհաշտ հայի շնորհիվ։ Մովսեսի քառասուն տարվա դեգերումների արդյունքում ծնված ազատ սերնդի նման մենք էլ պետք է ծնենք ազատ հային՝ մտքով ու հոգով ազատին, Հայաստանի Հանրապետությանը ծառայող, Հայաստանի Հանրապետությունում հարստացող եւ իր պետականությունը հզորացնող հային։ Իսկ այդ ազատ հայը պետք է լինի չորրորդ հանրապետության քաղաքացին։ Միայն նոր հանրապետության դեպքում, իր նոր սահմանադրությամբ, իր քաղաքացու եւ պետության իրավահարաբերություններով, իր կրթությամբ, իր արժեհամակարգով քաղաքացին կհասկանա, որ իր կյանքի նախորդ փուլը սխալ է եղել։ 2018-2025թթ․, ցավոք, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար շատ ծանր տարիներ եղան, մենք, մի կողմից ծանր կորուստների գնով «վայելեցինք» մեր սխալ արժեհամակարգի երեսնամյա վերակառուցման կեղծիքի դառը պտուղը, իմիտացիայի եւ ինքնախաբեության պտուղը, մյուս կողմից՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության դիրեկտորիայի նման ուղենշեցինք այն ուղին, որով պետք է շարժվենք։ 2025թ․ օգոստոսին Վաշինգթոնում կնքված փաստաթղթերը նոր սկիզբ են, նոր պետականության, իրական պետականության սկիզբն են։ Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում, ՀՀ չորորդ հանրապետությունը հիմք է դնում իրական անկախության, իրական պետականության։ Այս երեւույթների գիտակցությունը մենք այս պահին չունենք, կհասկանանք երեւի մի հարյուր տարի անց։

2018թ․ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ հեղափոխություն, սակայն հայի գլխում տեղի չունեցավ այդ հեղափոխությունը, այնտեղ շատ երկար ժամանակ էր նստած մնացել ստրկամտությունը։ Հիմա ժամանակն է, որ այդ հեղափոխությունը լինի ՀՀ քաղաքացու արժեհամակարգային ընկալման մեջ։ Իսկ այդ ամենի լավագույն տիրույթը չորրորդ հանրապետությունն է։ Այն պետք է լինի մեր հասարակության նոր հայեցակարգի հիմքը, անշուշտ, շեշտը դնելով պետությունը՝ որպես ինքնություն դարձնելու վրա։ Երրորդ հանրապետությունը պետք է դիտարկել անցյալ, և այս իրողության հետ օր առաջ պետք է սթափ ձևով առերեսվել։

Աշխարհաքաղաքական փոփոխությունները ստիպում են մեր գործողությունների արագությունը և արդյունավետությունը կարևորել։ Մենք իրական անկախության եւ պետականության ստեղծման հնարավորություն ենք ստացել։ Հյուսիսային հրեշը խիստ զբաղված է սեփական դերը վերջնական մսխելու խիստ կարեւոր գործով եւ որքան երկար է զբաղված, այնքան ավելի մեծ են շանսերը։ Նման հնարավորություն վաղուց չի եղել, անգամ ԽՍՀՄ փլուզման ժամանակ նման հնարավորություն չի եղել, քանի որ նախկին մետրոպոլիան վերադառնալու մեծ շանսեր ուներ, հիմա ավելի քիչ ունի։

Իհարկե, չորրորդ հանրապետության հիմնադրումն առաջին հերթին պետք է լինի լիարժեք անկախության, ռուսական լծի վերջնական թոթափման, կամ ինչպես ՀՀ Վարչապետն է ասում՝ մեկից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելուց հետո միայն։ Մեր կիսաանկախության շրջանը, մեր պետականության կերտման իմիտացիան, մեր դժբախտությունների հիմքերից մեկն է։ Բարեբախտաբար, չորրորդ հանրապետության, իրական պետականության համար կա նաեւ պատմական մեծ հնարավորություն, որից հարկավոր է օգտվել։ Աշխարհաքաղաքական վերադասավորումները փոփոխվում են, չորրորդ արդյունաբերական դարաշրջանն իր գիտատեխնիկական պոռթկումներով նպաստում է այդ ամենին։ Վաշինգթոնում կատարվեց այդ դարակազմիկ քայլը։ Չորրորդ հանրապետության հիմնադրումը նաեւ խորհրդանշական է, որի հետ պետք է ծնվի նոր քաղաքացին, նոր պետականությամբ, նոր եկեղեցիով եւ այլն։

Միջնադարում Կաթոլիկ եկեղեցին գտնվում էր արժեքաբանական խորը անկման, մեծ մեղքերի ու նյութապաշտության մեջ, սակայն ուներ մեծ քաղաքական ազդեցություն ողջ Եվրոպայում։ Հռոմի Պապերն էին որոշում, թե որ երկրում ով թագավորի, որ իշխանն ում հետ ամուսնանա եւ այլն։ Հոգեւորականները այլասերված էին, քնում էին իրենց կուսանոցների ամենագեղեցիկ կանանց հետ, ամենամեղսավոր ու հրեշավոր իշխաններին էին ծառայում, զբաղված էին տարբեր ֆինանսական խարդախություններով։

Այս ծանր ֆինանսական խարդախություններն իրականացնում էին կոնկրետ շրջանակներ, ովքեր ենթարկվում էին պապական իշխանությանը։

Կաթոլիկ եկեղեցին այնքան հեռու գնաց, որ իր բազում այլասերումների մեջ մտցրեց նաեւ հարուստներին գումարով մեղքերի թողությունը՝ Ինդուլգենցիան (լատ. indulgentia — ներում շնորհել) նշանակում է մեղքերի թողություն կամ պատժի մեղմացում։ Ըստ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի՝ կարող էր շնորհվել հավատացյալին որոշակի պայմաններով՝ ապաշխարությամբ, աղոթքով, բարեգործությամբ կամ ուխտագնացությամբ։

Սկզբում ինդուլգենցիան հոգևոր բնույթ ուներ և չէր առնչվում նյութականին։ Բայց ժամանակի ընթացքում՝ հատկապես միջնադարում, եկեղեցին սկսեց վաճառել ինդուլգենցիաներ գումարի դիմաց, իբր մեղքերի թողության կամ մաքրության արագացման համար։ Այդ ժամանակ, որեւէ զարմանալի բան չկար, կաթոլիկ եկեղեցին ծայրից ծայր թաղված էր մեղքերի, ֆինանսական խարդախությունների եւ այլ ապօրինությունների մեջ։

15–16-րդ դարերում, երբ կաթոլիկ եկեղեցին ունեցավ մեծ ազդեցություն և նյութական հարստություն, ինդուլգենցիաների վաճառքը դարձավ եկեղեցու գլխավոր եկամտի աղբյուրներից մեկը։

Հատկապես հայտնի է 1510-ական թվականների արշավը, երբ պապ Լևոն X-ը կազմակերպեց ինդուլգենցիաների վաճառքը՝ նպատակ ունենալով ֆինանսավորել Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը։

Կաթոլիկ եկեղեցու այս կարգավիճակն ու պահվածքը առաջացրեց լայն դժգոհություն թե հավատացյալների, թե աստվածաբանների շրջանում, իսկ ժողովուրդը կորցնում էր հավատքը, քանի որ ամեն ինչ տեսնում էր։

Ամենահայտնի քննադատը դարձավ Մարտին Լյութերը, գերմանացի վանական և աստվածաբան, ով 1517 թ. հոկտեմբերի 31-ին Վիտտենբերգի եկեղեցու դռանը փակցրեց իր 95 թեզիսները, որոնց մեծ մասը ուղղված էր հենց ինդուլգենցիաների վաճառքի դեմ։

Լյութերը պնդում էր, որ․

  • Մեղքերի թողությունը հնարավոր է միայն Աստծո շնորհով, ոչ թե գումարով։
  • Եկեղեցին չպետք է շահագործի հավատացյալների վախերն ու հավատքը։
  • Պապը իրավունք չունի փոխարինելու Աստծո դատաստանը։
  • Հոգեւորականները պետք է լինեն պարկեշտ, նրանք ընդամենը միջնորդ են աստծո եւ ժողովրդի միջեւ։
  • Հավատքը հոգով է, ոչ թե հրամաններով ու թղթերով։ Ցուցակը երկար էր, որը հիմնականում ուղղված էր բարոյականության վերականգնմանը, աննյութական կյանքի սկզբունքներին, ժողովրդի իրավունքներին եւ այլն։

Այս քայլը դարձավ Բողոքական բարենորոգման (Ռեֆորմացիայի) սկիզբը։

Շատ երկրներում սկսվեց բողոքական շարժում, որի հետևանքով ստեղծվեցին նոր եկեղեցական ուղղություններ՝ լյութերական, կալվինական և այլ։


Այս տարածմանը մեծապես օգնեց նոր գյուտը՝ տպագրական մեքենան, որի շնորհիվ թեզիսները բազմացվեցին և հասան հազարավոր մարդկանց։ Մարդիկ լուսավորվեցին ու զարգացան։ Գերմանիայում բազմաթիվ իշխաններ, հատկապես հյուսիսային նահանգներում, աջակցեցին Լյութերին։ Նրանց համար սա նաև քաղաքական հնարավորություն էր՝ ազատվելու Հռոմի պապի և Գերմանիայի կայսրության կենտրոնական իշխանության ազդեցությունից։ Լյութերի գաղափարներից ոգեշնչվեց նաև շվեյցարացի քարոզիչ Ուլրիխ Ցվինգլին, որը սկսեց բարենորոգումներ Ցյուրիխ քաղաքում։


Նրա հետևորդներից ամենահայտնին դարձավ Ժան Կալվինը, որը զարգացրեց կալվինիզմը՝ բարոյական խստությամբ և նախասահմանվածության գաղափարով հայտնի ուսմունք։ Կալվինիզմը արագ տարածվեց Ֆրանսիայում (հուգենոտներ), Նիդերլանդներում, Անգլիայում և Շոտլանդիայում։

Անգլիայում բարենորոգումը սկսվեց այլ ճանապարհով․
Թագավոր Հենրի VIII-ը վիճեց պապի հետ, քանի որ պապը չհաստատեց նրա ամուսնալուծությունը։ Դրա արդյունքում Հենրին 1534 թ. ընդունեց Գերագույն ակտը, որով Անգլիական եկեղեցին (անգլիկան) անջատվեց Հռոմից։

Թագավորը դարձավ ազգային եկեղեցու գլուխը, իսկ անգլիական եկեղեցին պահպանեց որոշ կաթոլիկ արարողակարգեր, բայց ընդունեց բողոքական գաղափարներ։

Կաթոլիկ եկեղեցին, տեսնելով զանգվածային դժգոհությունը, ձեռնարկեց ներքին բարեփոխումներ՝

  • 1545–1563 թթ. գումարվեց Տրիդենտի ժողովը, որտեղ վերանայվեցին ուսմունքները,
  • բարեփոխվեցին վանական կարգերը, իհարկե նաեւ առաջ եկան հակաբողոքական միավորումներ, որոնք կարողացան փրկել Կաթոլիկ եկեղեցին, սակայն վաղեմի ազդեցությունը փոխվեց։

Բողոքական բարենորոգիչները, հատկապես Մարտին Լյութերը և Ժան Կալվինը, մեծ կարևորություն էին տալիս կրթությանը և գրագիտությանը։

Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնուրույն կարդա և հասկանա Աստվածաշունչը։

Այս գաղափարը խթանեց․

  • Կրթական հաստատությունների ստեղծումը՝ դպրոցներ, աստվածաբանական և աշխարհիկ համալսարաններ։
  • Գրագիտության տարածումը՝ հատկապես Գերմանիայում, Շվեյցարիայում, Սկանդինավիայում և Նիդերլանդներում։
  • Գրքի և տպագրության դերը դարձավ առանցքային․ մարդիկ սկսեցին կարդալ ոչ միայն կրոնական, այլև գիտական և փիլիսոփայական գրքեր։

Այս շարժումներն իրականում մեծ քաղաքական ազդեցություն ունեցան եւ փոխեցին ողջ Եվրոպայի քարտեզն ու դիմագիծը։ Այս շարժումը բերեց պատերազմների ու ազդեցությունների փոփոխության, ամբողջական երկրների ղեկավարներ դուրս եկան Հռոմի ազդեցությունից ու ձեռք բերեցին անկախություն։

Լյութերի 95 թեզիսների հրապարակումից հետո նրա գաղափարները շատ արագ տարածվեցին Գերմանիայում։
Բողոքական երկրներում (օր.՝ Գերմանիա, Շվեդիա, Անգլիա) մինչև 17-րդ դարի կեսին գրագիտության մակարդակը զգալիորեն բարձր էր, քան կաթոլիկ հարավային երկրներում։ Այսօր էլ անգամ բողոքական եկեղեցու ազդեցության երկրներում կենսամակարդակն ավելի բարձր է։ Բողոքական եկեղեցին նպաստեց նաեւ ԱՄՆ-ի ստեղծմանը եւ այլ երկրների բուռն զարգացմանը։ Բարենորոգումը բերեց նոր տեսակ մարդու՝ ինքնուրույն մտածող, պատասխանատու իր հավատքի և գործերի համար։

Անհատի դերի բարձրացում՝ մարդիկ սկսեցին տեսնել իրենց անձնական արժեքը Աստծո առաջ, ոչ թե միայն եկեղեցու միջոցով։ Արվեստում և գրականության մեջ ընդգծվեց պարզությունը, ճշմարտացիությունը և անձնական հավատքը (օրինակ՝ պուրիտանական գրականություն Անգլիայում)։ Ազգային լեզուների զարգացում՝ Լյութերը Աստվածաշունչը թարգմանեց գերմաներեն, և դա խթանեց գերմաներենի գրական ձևավորումը։ Նման գործընթացներ եղան նաև անգլերենում և սկանդինավյան լեզուներում։

Գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը իր հայտնի աշխատության մեջ՝ «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» (1905), բացատրում է, թե ինչպես Ռեֆորմացիան նպաստեց կապիտալիզմի ձևավորմանը։

  • Բողոքական հավատացյալները՝ հատկապես կալվինիստները, հավատում էին, որ աշխատանքը, կարգապահությունը և տնտեսության մեջ հաջողությունը Աստծո կամքի արտահայտությունն են։
  • Աշխատանքը դիտվում էր ոչ թե որպես ծանր պարտականություն ու մեղքերի թողության համար տառապանք, այլ կոչում (վոկացիա)։
  • Այս «աշխատասիրության էթիկան» ձևավորեց այն մտածողությունը, որը հիմք դարձավ արդյունավետ աշխատանքի, խնայողության և ներդրումների մշակույթի համար։

Ռեֆորմացիան, որը սկսվեց որպես կրոնական շարժում՝ ընդդեմ ինդուլգենցիաների վաճառքի, ընդդեմ եկեղեցու կամայականությունների, ընդդեմ ծախված ու այլասերված հոգեւորականների, ընդդեմ եկեղեցու քաղաքական ազդեցության նվազման, դարձավ մարդկության պատմության ամենախորը հեղափոխություններից մեկը, որը բերեց Եվրոպական փառահեղ հեղափոխությունների շարքին, առաջին արդյունաբերական հեղափոխությանը եւ այլն։
Այն փոխեց ոչ միայն եկեղեցու կառուցվածքը, այլև մարդկանց մտածողությունը՝ հիմք դնելով ժամանակակից Եվրոպական քաղաքակրթությանը։

Դժվար չէ, այս կարճ պատմության մեջ տեսնել գրեթե հայելային նմանություններ մեր իրականության ու ժամանակի հետ։ Մեր դեպքում այս ամենին պետք է միայն ավելացնել նաեւ, այն ծանրացուցիչ հանգամանքը, որ ՀԱԵ-ի որոշ սպասավորների օտար պետությունների գործակալներ են։

Ցավոք Հայաստանի Հանրապետությունն ու Հայ ժողովուրդը պետականության կորստի պատճառով, քաղաքակրթական իր զարգացման փուլերով հետ են ընկել եւ ապրում են ծանր փոփոխությունների ժամանակներ։ Եվրոպական հեղափոխական այդ զարգացումները մենք, ինչ որ առումով, ապրում ենք այսօր։ Հարուստների ինդուլգենցիայից մինչեւ ազգային մտածողության վերածնունդ, գրագիտության ու կրթության հարցերով, ինքնուրույն որոշումների կայացման հարցերով ամեն ինչ շատ նման է մեր օրերին։ ՀԱԵ-ին այսօր դարձել է հետամնացության, կեղծիքի ու այլասերվածության հոմանիշ, որ ավելի ծանր է օտար երկրներին ծառայելու հոմանիշ, սակայն ընդամենը որոշ հոգեւորականների պատճառով։ Մեր եկեղեցում կան բազում ազնիվ ու մաքուր հոգեւորականները։ Այստեղ խնդիրը սակայն միայն առանձին անհատների կամ ՀԱԵ-ի ղեկավարության մի ստվար զանգվածի մեջ չէ։ Խնդիրն ավելի խորքային է։ Այստեղ հասունացած է մտածելակերպի, արժեքաբանական հակասության խնդիր։ Մեր եկեղեցին պետք է մեր ժամանակի առաջադիմության ու նոր վերածննդի հետ համահունչ քայլի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հայ տեսակի մեջ Բողոքականության նման վերածնունդ է կատարում։ Խոսքը ոչ թէ ՀԱԵ-ից առանձին նոր եկեղեցու մաիսն է, այլ հենց ՀԱԵ-ի բարեփոխման։

Մեզ Իրական Հայաստանի համար, Հայաստանի Չորրորդ Հանրապետության համար, հարակվոր է բարեփոխված ու մաքրագործված, արդիական զարգացումների համար համապատասխան եկեղեցու սպասավորներ։ Մեզ պետք են եկեղեցականներ, ովքեր ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը, հայի շահին՝ կլինեն մաքուր ու անկեղծ։ Եթե անգամ կորոշվի, որ կուսակրոնությունը պարտադիր չի ենթադրում չամուսնանալ, ապա թող այդպես լինի, միայն թե անկեղծ ու ազնիվ։ Բարեփոխումների այս ընթացքը մեր դեպքում էլ այլընտրանք չունի, հայ ժողովուրդն արժանի է նոր որակի սահմանադրության, պետություն-քաղաքացի իրավահարաբերությունների, նոր որոկի կրթության, ապրելակերպի եւ եկեղեցականների։ Մեզ հարկավոր է իրավահարաբերությունների «Բացի թվոգրյալից, մնացածը արտոնված է» սկզբունքը, ոչ թէ «ամեն ինչ արգելաված է, բացի….» սկզբունքը, որը բնորոշ է համակենտրոնացման ճամբարներին։

Քանի որ հայ ժողովուրդը ընտրել է զարգացման լուսավոր այս քաղաքական ճանապարհը, ապա եկեղեցին էլ պետք է համապատասխանի այդ չափանիշներին, այլընտրանք չկա։ Եկեղեցին չի կարող լինել հակառակ ընթացքի մեջ, հատկապես երբ նրա ղեկավարները ՀՀ պետականության թշնամիներն են ու այլասերության մեջ կորած են՝ նրանք շանս չունեն։

Այո՛, հիմա Պապ թագավորը չպիտի սպանվի, այլեւս բյուզանդիաներից Հայաստանում մարզպաններ չպետք է նշանակեն եւ պետք է ծնվի նոր հայը, նոր եկեղեցին եւ նոր հանրապետությունը։

 

 Վան Սեբաստացի

02 Դեկտեմբեր, 2025 12:17
Վեր