Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության նիստում ներկայացրեց քաղաքացիական ավիացիայի ոլորտում արձանագրված աճը՝ խոսելով նոր ուղղությունների ավելացման, ուղևորահոսքի մեծացման և առաջիկա ծրագրերի մասին։
Կառավարության նիստում Դավիթ Խուդաթյանը նշեց, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտի մասնագետները շարունակաբար աշխատում են Հայաստանում ավիացիայի որակի բարձրացման ուղղությամբ։
«Քաղաքացիական ավիացիայի ոլորտի մասնագետները առավելագույնը անում են Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս առումով բավականին առաջընթաց ունենք, դրա մասին խոսում են նաև թվերը»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանից թռիչքներ են իրականացվել շուրջ 70 ուղղություններով՝ 48 ավիաընկերությունների միջոցով։
«Մենք նախորդ տարի 48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ ենք իրականացրել, և ուղևորահոսքն աճել է՝ կազմելով շուրջ 5.7 միլիոն»,- նշեց Խուդաթյանը։
Նա ընդգծեց նաև նոր ուղղությունների ավելացման միտումը։
«Նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղություններով թռիչքներ ենք սկսել իրականացնել, և այս տարի ևս պայմանավորվածություններ ունենք ինչպես եվրոպական, այնպես էլ այլ երկրների ուղղություններով»,- ասաց նախարարը։
Խուդաթյանի խոսքով՝ առաջիկայում կմեկնարկի Երևան–Լոնդոն–Երևան երկար սպասված չվերթը։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջընթաց կա դեպի Ղազախստան ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ։
«Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ։ Արդեն մեկից ավելի ավիաընկերություններ հայտարարել են այդ մասին, կան հստակ ամսաթվեր և տոմսերի վաճառք»,- ասաց Խուդաթյանը։
Բացի այդ, ըստ նախարարի, նախատեսվում է նոր թռիչքների մեկնարկ դեպի եվրոպական մի շարք ուղղություններ։
«Դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի, որը կլինի արդեն դեպի Բրյուսել իրականացվող երկրորդ կամ երրորդ ավիաընկերության թռիչքը։ Նոր թռիչքներ կմեկնարկեն նաև դեպի Նիդեռլանդներ»,- նշեց նա։
Նախարարը կարևորեց նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունների ընդլայնումը։
«Քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալը ավելի մեծ ծավալով օգտագործելու հարցը։ Հյուսիս-հարավ ճանապարհի բացումից հետո Գյումրիի օդանավակայան հասնելը որոշ դեպքերում ավելի արագ է, քան Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց Խուդաթյանը։


