Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Բերդ համայնքը, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինարարական աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ հիմնանորոգվել է Հ38,/Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության 40 կմ ավտոճանապարհը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ: Նշվել է, որ այն էապես կրճատել է Երևան-Բերդ ճանապարհի ժամանակահատվածը և համարվում է գործող ճանապարհին այլընտրանք, ունի նաև զբոսաշրջային մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա տեղանքը։
Տ-10-9, /Հ-36/ - Չինչին (Տ-10-38) ավտոճանապարհի 9,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: 2024 թ.-ին իրականացվել է 6,9 կմ, 2025թ.-ին՝ 2,9 կմ ճանապարհային պատվածք, տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։ Հիմնանորոգվել է նաև դեպի Չինչին գյուղի դպրոց տանող հատվածը։
Վարչապետին են ներկայացվել Հախում գետի վրա՝ Իջևան տանող և արդեն իսկ հիմնանորոգված Իծաքար-Գանձաքար ճանապարհին գտնվող 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջի վերականգնման աշխատանքները։ Դրանք նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։ Կամուրջը լինելու է հետիոտնային։ Վարչապետը կարևորել է պատմական կամրջի վերականգնումը, ինչը ևս կնպաստի այս տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։ Միաժամանակ, վարչապետին են ներկայացվել «Քարակարմունջ»-ի հարակից հատվածում կառուցված պողպատե ֆերմաներով կամուրջը՝ նախատեսված մեքենաների համար։
Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Հ-36, /Մ-4/ Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 928 մլն դրամ: Տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։
Իջևան համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Տ-10-26, /Մ-4/ - Խաշթառակ - Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում կամուրջների կառուցման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 396 մլն դրամ: Նշվել է, որ վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն կառուցվել են 2 միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջներ։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյան համայնք և Բագրատաշեն բնակավայրում ներկա գտնվել «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 919 մլն դրամ: Իրականացվել է նաև տարածքի բարեկարգում, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է ապաստարան, ոռոգման համակարգ, մոտ 1000 քմ խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկույթով։
Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Դիլիջան համայնքում, որտեղ ներկայացվել են Թեղուտ բնակավայրից Հաղարծին տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքները: Արդյունքում հիմնանորոգվել են շուրջ 2,5 կմ ավտոճանապարհ, հենապատեր, երկկողմանի մայթեր: Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 662 մլն 800 հազար դրամ:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 925 հազար դրամ, որի 67%-ը՝ 45 մլն 509 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է 1950-ականներին։ Շինության մակերեսը՝ 150,6 քմ է, նախատեսված է 25 սանի համար։
Վարչապետը Դիլիջան համայնքում այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ: Կառավարությունը թանգարանի 582 քմ տարածքի վերականգման աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 146 մլն դրամ: Նշվել է, որ մինչ վերանորոգումը թանգարանն ունեցել է տարեկան կտրվածքով միջինում 1000-1200 այցելու, իսկ վերանորոգումից հետո՝ 2026 թ. առաջին եռամսյակում այցելությունների թիվը արդեն 600 է:

