Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին Անկարայի վերջին հայտարարությունները կարող են առաջին հայացքից լավատեսական տպավորություն ստեղծել։ Խոսվում է սահմանային անցակետերի բացման տեխնիկական նախապատրաստական աշխատանքների ավարտի, երկաթուղային հաղորդակցության վերականգնման և տարածաշրջանային տնտեսական գործակցության հեռանկարների մասին։ Սակայն Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի վերջին հայտարարությունը կրկին ցույց է տալիս, որ Հայաստանի հետ հարաբերություններում Անկարան շարունակում է առաջնորդվել նաև Բաքվի քաղաքական օրակարգով։
Օրեր առաջ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ թուրքական կողմն ավարտել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Խոսքը Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության և Ալիջան–Մարգարա ավտոմոբիլային անցակետի մասին է։
Սակայն հայտարարության ամենակարևոր հատվածը տեխնիկական պատրաստակամության մասին տեղեկությունը չէ, այլ սահմանը բացելու ժամկետը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնության ձեռքբերման հետ կապելը։ Նախարարը հատուկ ընդգծել է նաև Ադրբեջանի զգայունությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը։
Այսինքն՝ Թուրքիան, ունենալով Հայաստանի հետ սահմանը բացելու տեխնիկական հնարավորությունը, քաղաքական որոշումը շարունակում է պայմանավորել Երևանի և Բաքվի հարաբերություններով։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը երկու ինքնիշխան պետությունների միջև գործընթաց է, ինչո՞ւ է երրորդ պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում մնալ այդ գործընթացի պարտադիր պայմաններից մեկը։
Սա նորություն չէ։ 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիան բազմիցս ցույց է տվել, որ Հարավային Կովկասում իր քաղաքականությունը կառուցում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործակցության հիման վրա։ Սակայն խնդիրն այն է, որ այդ գործակցության շրջանակում Հայաստանի հետ սահմանի բացման հարցը նույնպես պայմանավորվում է Բաքվի դիրքորոշմամբ։
Հատկանշական է, որ դեռևս 2022 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կողմերը պայմանավորվել էին երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ընթացակարգերը փոխադարձաբար պարզեցնելու շուրջ։ Սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս ամբողջությամբ կյանքի չեն կոչվել։
Այս փաստը ցույց է տալիս, որ Անկարայի հայտարարությունները դեռևս չեն վերածվում գործնական քայլերի։ Տեխնիկական պատրաստակամության մասին խոսելը մի բան է, իսկ քաղաքական որոշում կայացնելն ու սահմանը փաստացի բացելը՝ բոլորովին այլ։
Հայաստանի համար սահմանների բացումը պարզապես հարևան երկրի հետ հարաբերությունների բարելավման հարց չէ։ Դա տնտեսական հնարավորությունների ընդլայնում է, արտաքին հաղորդակցությունների բազմազանեցում, տրանսպորտային ծախսերի նվազեցում և տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդում։
Հայաստանը պետք է շարունակի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց միաժամանակ հստակ արձանագրի, որ Երևան–Անկարա հարաբերությունները պետք է կարգավորվեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, ոչ թե երրորդ պետության քաղաքական նախապայմաններով։
Խաղաղությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, իսկ տարածաշրջանային գործակցությունը՝ զարգացման կարևոր հնարավորություն։ Բայց դա չպետք է նշանակի, որ Հայաստանի ինքնիշխան որոշումների իրավունքը պայմանավորվում է հարևան երկրների քաղաքական շահերով։
Թուրքիան հայտարարում է, որ տեխնիկական աշխատանքներն ավարտված են, և սահմանը բացելու ենթակառուցվածքները պատրաստ են։ Բայց նույն հայտարարությամբ փաստացի ընդունում է, որ վերջնական որոշումը կախված է նաև Ադրբեջանի հետ համաձայնությունից։
Ստացվում է՝ Հայաստանի հետ սահմանը բացելու բանալին Թուրքիան պահում է իր ձեռքում, բայց այդ բանալին գործի դնելու համար սպասում է Բաքվի համաձայնությանը։ Եվ սա է Անկարայի ներկայիս քաղաքականության գլխավոր հակասությունը՝ խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, բայց այդ գործընթացի ճակատագիրը պայմանավորել Ադրբեջանի դիրքորոշմամբ։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


