Պետք չէ մասնավոր բիզնեսին խորթ զավակ դարձնել Zarkerak - Պետք չէ մասնավոր բիզնեսին խորթ զավակ դարձնել
Zarkerak Zarkerak - Պետք չէ մասնավոր բիզնեսին խորթ զավակ դարձնել
Պետք չէ մասնավոր բիզնեսին խորթ զավակ դարձնել

Պետք չէ մասնավոր բիզնեսին խորթ զավակ դարձնել

Հայաստանում կարելի է ասել վերջին տարիներին բիզնես միջավայրն էապես ազատականացվել է։ Եթե նախկինում բիզնեսը չէր շնչում, կամ շնչում էր այնքանով՝ որքանով թույլատրում էին պետական համակարգում թաքնված «ռեկետյորները», ապա այսօր բիզնեսի համար ստեղծված են և շարունակում են ստեղծվել անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններ, ընդ որում խոսքը ոչ միայն խոշոր, այլև փոքր ու միջին բիզնեսի մասին է։ 

Բնականաբար, բիզնես միջավայրին առնչվող խնդիրներն այսօր ամբողջապես դեռ չեն վերացել, սակայն փաստը մնում է այն, որ ձեռներեցությամբ զբաղվելն այսօր Հայաստանում դարձել է անհամեմատ ավելի հեշտ։ 

Պետությունն այսօր փորձում է հնարավորինս չխոչընդոտել ձեռներեցների գործունեությանը։ Սակայն, բիզնես միջավայրի ազատականացմանը զուգահեռ՝ այսօր առաջացել է մեկ այլ խնդիր, որը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ բիզնես ոլորտի համար։ 

Պետությունը պետք է ոչ միայն չխառնվի բիզնեսի գործերին, այլև չպետք է դառնա մասնավոր բիզնեսի մրցակիցը։ Իսկ մրցակից դառնալու օրինակներ՝ ցավոք այսօր քիչ չեն։ 

Վերջին տարիներին պետությունը, կամ պետության հովանու տակ գործող տարբեր կառույցներ ու հիմնադրամներ որոշակի մասնաբաժնով սկսել են բիզնես գործունեություն ծավալել։ Գաղափարը բնականաբար առաջին հայացքից վատը չէ։ Պետությունն ինչ-որ առումով դառնում է ներդրող, կամ ներդրումներ գրավող՝ այս կամ այն ոլորտը զարգացնելու համար։ Սակայն, այստեղ իրականում առաջանում է մեծ խնդիր։ 

Պետության մասնակցությամբ ցանկացած բիզնես գործունեություն՝ ուղղակի անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում արդեն այդ ոլորտում գործող մյուս ձեռներեցների համար։ Օրինակ, եթե տպագրության, կամ մեկ այլ ոլորտում գործում է 10 ընկերություն, որոնցից մեկը պետական տարբեր կառույցների կամ հիմնադրամների մասնաբաժնով է, ապա մնացած 9-ը՝ պետության համար հայտվում են խորթ զավակի դերում։ Այս պարագայում ցանկացած հարցում բնականաբար պետական համակարգը առաջնությունը տալու է իր «զավակին»։ 

Պաշտոնյաները, որոնք ուղղակի կամ ոչ ուղղակի կապ ունեն տվյալ բինզեսում պետական մասնաբաժնի կառավարման և համակարգման հետ, սկսում են այսպես ասած իրենց բիզնեսը զարգացնել, թեկուզ մյուսների հաշվին։

Օրինակ՝ ներդրողների մոտ առաջինն իրենց բիզնեսի հեռանկարներն ու ծրագրերը կներկայացնեն, նրանց կհամոզեն ներդումներ անել իրենց ծրագրերում և ոչ թե մյուսների բիզնեսում և այսպես շարունակ։

Այսինքն, բինզես մտածելակերպը կխժռի պետական մտածելակերպին։ Եվ այստեղ առաջանում է մյուս կարևոր խնդիրը։ Բիզնեսի հարկերով աշխատավարձ ստացող պաշտոնյան դառնում է պետական բիզնեսի մենեջերը, այն բիզնեսի, որը հնարավոր է խժռի մասնավոր, բարեխիղճ հարկատուին։ Ընդհուպ, եթե նույնիսկ տվյալ պաշտոնյան հակաօրինակ քայլեր անի հանուն պետական մասնաբաժնով բիզնեսի, ապա տվյալ պաշտոնյայի իրավական պատժի դեպքում պետությունն է պատասխան տալու՝ թե ֆինանսապես, թե բարոյապես։ Այսինքն, այդ ֆինանսական բեռը կրկին ընկնելու է բարեխիղճ հարկատուի ուսերին։ Իսկ պետության բիզնես մենեջեր պաշտոնյան ընդամենը կկորցնի հարկատուների շնորհիվ ստացած հարմար աշխատասենյակը։ 

Բիզնես- պետություն հարաբերություններն անչափ նուրբ են։ Սահմանը որտեղով պետք է անցնի այս երկու սուբյեկտների գործունեության գիծը՝ պետք է զգույշ գծվի։ Հակառակ պարագայում՝ պետությունը կխժռի իր «զավակին», որի աշխատանքով  ու հարկերով է համակարգը գործում։

Մկրտիչ Իսրայելյան 

23 Հունվար, 2023 12:42
Վեր