Թուլություն, հոգնածություն, քնի խանգարումներ․ ախտորոշումը՝ թերվիտամինություն․ ինչու՞ է գարնանը վիտամինների պակասը «գլուխ բարձրացնում»,  ինչպե՞ս գրագետ լրացնել այն և ինչու՞ «ինքնագլուխ» չվազել դեղատուն Zarkerak - Թուլություն, հոգնածություն, քնի խանգարումներ․ ախտորոշումը՝ թերվիտամինություն․ ինչու՞ է գարնանը վիտամինների պակասը «գլուխ բարձրացնում», ինչպե՞ս գրագետ լրացնել այն և ինչու՞ «ինքնագլուխ» չվազել դեղատուն
Zarkerak Zarkerak - Թուլություն, հոգնածություն, քնի խանգարումներ․ ախտորոշումը՝ թերվիտամինություն․ ինչու՞ է գարնանը վիտամինների պակասը «գլուխ բարձրացնում», ինչպե՞ս գրագետ լրացնել այն և ինչու՞ «ինքնագլուխ» չվազել դեղատուն
Թուլություն, հոգնածություն, քնի խանգարումներ․ ախտորոշումը՝ թերվիտամինություն․ ինչու՞ է գարնանը վիտամինների պակասը «գլուխ բարձրացնում»,  ինչպե՞ս գրագետ լրացնել այն և ինչու՞ «ինքնագլուխ» չվազել դեղատուն

Թուլություն, հոգնածություն, քնի խանգարումներ․ ախտորոշումը՝ թերվիտամինություն․ ինչու՞ է գարնանը վիտամինների պակասը «գլուխ բարձրացնում», ինչպե՞ս գրագետ լրացնել այն և ինչու՞ «ինքնագլուխ» չվազել դեղատուն

Թուլություն, հոգնածության զգացում, աշխատունակության նվազում, եղունգների կոտրատվածություն, շերտավորում, մազաթափություն, մաշկի չորություն, քնի խանգարումներ․․․ իսկ գարնան այս սեզոնին նման խնդիրներ ձեզ մոտ արտահայտվու՞մ են։ Եթե այո՛, ու այդ խնդիրների պատճառներն եք որոնում, ապա շտապենք ասել՝ պարզապես գարուն է՝ հետն էլ առողջական  մեծ ու փոքր  խնդիրների մի ողջ «փունջ» է բերել։ Ու ինչպես Zarkerak.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ «Հերացի» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ  Անահիտ Խոցանյանն է ասում՝ այս խնդիրները հուշում են օրգանիզմում վիտամինների պակասի մասին։

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ են նման խնդիրներ դրսևորվում հատկապես գարնանը․ «Երկարատև ձմեռվանից հետո գարնան այս շրջանում կարող են ի հայտ  գալ նման խնդիրներ,  քանի որ ձմռանը մենք առանձնապես  թարմ  միրգ-բանջարեղեն չենք օգտագործում, պակաս դինամիկ ենք, քիչ ենք շարժվում, քիչ ենք լինում բնության գրկում՝ մաքուր օդում, այս ամենի հետևանքով  օրգանիզմում տեղի է ունենում վիտամինային պաշարների սպառում։Դրա համար գարնանը վիտամինների առանձնահատուկ կարիք  ունենք։ Իսկ ինչպես գիտենք, վիտամինները ակտիվ նյութեր են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին լիարժեք կենսագործունեության համար։Դրանք սննդային ռեալ արժեք չունեն, սակայն կարգավորում են կարևոր ֆունկցիաներ, այդ թվում՝ նյութափոխանակության պրոցեսները»,- բացատրում է Անահիտ Խոցանյանը։

Անահիտ Խոցանյան

Բժշկուհի Խոցանյանի խոսքով՝ վիտամինային պաշարի լրացման ուղիները նախ պետք է սկսել սնուցումը ճիշտ կազմակերպելուց, որը գարնան այս շրջանում ավելի քան կարևոր է․ «Եթե մենք ճիշտ կազմակերպենք մեր սնուցումը,  այսինքն՝ հետևենք սննդային բուրգին, ապա մենք չենք ունենա վիտամինային պաշարի համալրման որևիցե խնդիր։ Սննդային բուրգն էլ ներկայացնում է սննդամթերքի այն ցանկը, որը մարդը պետք է օգտագործի՝ բաժանված ըստ կատեգորիաների»։

Սննդային բուրգ

«Բուրգի ստորին մասում հացահատիկներն են, ձավարեղենը, սրանք վիտամինների հզոր պաշարներ են, պարունակում են  C, Ca, B խմբի վիտամիններ։ Երկրորդ  հատվածում  բանջարեղենը, մրգերը, կանաչեղենն է, որոնք էլ պարունակում են վիտամին E, Ca, C նաև  B խմբի վիտամիններ։ Երրորդ հատվածում մսամթերքն է,կաթնամթերքը, ձուն, որոնք պարունակում են A, B, D, E վիտամիններ, չորրորդ մասում յուղերն են՝ կարագը, ձեթերը, նաև շաքարը, քաղցրավենիքը, որոնք պարունակում են վիտամին A, E, F և այլն»,- բացատրում է բժշկուհի Խոցանյանը։

«Ոնց որ հարբուխ եմ, վիտամին C առնեմ խմեմ» կամ  «ոսկորներիս վիճակը հեչ լավ չի, մի քանի կոճակ կալցիում խմեմ»,բժշկուհի  Խոցանյանն էլ նկատում է, որ հանրության մեջ կա տարածված կարծիք, թե վիտամինն անվնաս բան է, յուրաքանչյուրը կարող է  գնալ, դեղատնից գնել ու խմել, բայց իրականում օրգանիզմի համար առաջին հայացքից ոչ մի վտանգ չպարունակող վիտամինների հարցում պետք է զգույշ և զգոն լինել․ «Վերցնել ինչ-որ կամայական մի վիտամին և սկսել խմել, սխալ է մոտեցում է։ Վիտամինների նշանակումը պարտադիր պետք է կատարվի  բժշկի կողմից։ Քանի որ հիպերվիտամինոզը՝ գերմվիտամինությունը, ավելի մեծ վնաս է օրգանիզմի համար, քան հիպովիտամինոզը՝ թերվիտամինությունը։ Օրինակ՝ վիտամին C-ի գերքանակները կարող են առաջացնել միզաքարային հիվանդություն։ Ստացվում է՝ վիտամիններն առանց բժշկի խորհրդատվության օգտագործելու դեպքում կարող ենք առողջությանն ավելի մեծ վնասներ հասցնել։ Սա այն դեպքն է, որ ինքանգլուխ պետք չէ որոշել և ընդունել վիտամիններ»,- ասում է բժշկուհին ու ընդգծում՝ սա վերաբերում է թե մեծահասակներին, թե երեխաներին։

Բժշկի դիտարկմամբ՝  գարնան այս շրջանում հատկապես խրոնիկ հիվանդները, պետք է ուշադիր լինեն վիտամինային պաշարների համալրմանը և այս հարցում  խորհրդակցեն բժշկի հետ, և կրկին հիշեցնում է՝ ձմռանը սպառված վիտամինային պաշարների հետևանքները խրոնիկ հիվանդները կարող են էապես զգալ․ « Խրոնիկ հիվանդներն անպայման պետք է խորհրդակցեն բժշկի հետ և նրա ցուցումով տարեկան 1-2 անգամ վիտամինների ընդունման կուրս անցնեն։ Օրինակ՝ այն մարդիկ, ովքեր ունեն արյան մակարդելիության հետ խնդիրներ՝ այս սեզոնին պետք է ուշադիր լինեն, հաճախեն բժշկի, նրանց պետք է նշանակվի վիտամին Ca: Եթե վիտամինի պակասը շատ խիստ չէ, ապա կարելի է ընդունել այս վիտամինով հարուստ սնունդ՝ կաղամբ, սպանախ, բրոկոլի, կիվի, ավոկադո»,- բժիշկը ուրախությամբ  է նշում, գոնե իր այցելուների շրջանում շատ է շփվում  հատկապես մայրիկների հետ, որոնք առավել գրագետ են մոտենում վիտամինների ընդունման հարցին և շտապում են ոչ թե դեղատուն, այլ մթերային խանութներ՝ վիտամիններով հարուստ սննդամթերք ձեռք բերելու․ «Պետք է հիշել, որ սննդամթերքով շատ ավելի անվնաս է լրացնել վիտամինային պաշարը, քան քիմիական միացությունների միջոցով»։

Եվ մի կարևոր փաստ, բժիշկը հիշեցնում է, որ գարնան այս սեզոնին շատ խնդիրներ՝ ճնշման տատանումներ, հոգնածություն, թուլություն կարող են առաջին հայացքից թվալ հենց վիտամինային բալանսի խանգարմանը բնորոշ գանգատներ, բայց իրականում դրանք կարող են հուշել շատ ավելի լուրջ հիվանդությունների մասին․ «Սա այն դեպքն է, որ մարդն ինքնուրույն չի կարող իր բոլոր խնդիրներից գլուխ հանել։ Կան ախտանշաններ, որոնք շատ նման են վիտամինային պակասին բնորոշ դեպքերին, մինչդեռ, օրինակ՝ թուլությունը, հոգնածութունը կարող են խոսել վահանաձև գեղձի խնդիրների մասին։ Ուստի, ամեն դեպքում ճիշտ է բժշկի հետ զրուցելը և խնդիրները հասկանալը»։

Վիտամինը՝ վիտամին, բայց և Խոցանյանի խոսքով՝ չպետք է մոռանալ գարնան տված հնարավորություններն օգտագործելու մասին, այն է՝ քայլել, շատ քայլել․ «Իսկ ի՞նչ  է մաքուր օդում քայլքը։ Քայլելիս նյութափոխանակության պրոցեսներն արագանում են, ավելի լավ ու լիարժեք է կատարվում օրգանիզմում  վիտամինների ներծծման աշխատանքը․ դրա համար  այս եղանակին բոլոր պայմանները կան օրգանիզմն արթնացնելու համար՝ քայլում ես, շնչում ես մաքուր օդը, ստանում ես արևի ճառագայթները»։

Օրգանիզմը խնամքի կարիք ունի միշտ

Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նախ շտապում է տեղեկացնել․  «Իմունային համակարգի աշխատանքը կարևորվում է տարվա 12 ամիսներին։ Այն կոնցեպտը, որ սննդակարգին, վիտամինների ընդունմանն ուշադրություն պետք է  դարձնենք հատկապես գարնանը  կամ սուր վարակիչ հիվանդությունների շեմին՝  պայմանավորված է  զուտ նրանով, որ որոշակի սեզոններին, իհարկե, ակտիվանում են սուր վարակիչ հիվանդությունները և այդ շրջանում հատկապես կարևորվում է իմունային համակարգի դերը»։

Դավիթ Պիպոյան

Պիպոյանն ընդգծում է՝ վիտամինային անհրաժեշտ պաշարը, օրգանիզմին անհրաժեշտ նյութերը նախ պետք է ստանալ սննդի միջոցով, իսկ այս շրջանում դա արդեն իսկ հնարավոր է, անհրաժեշտ է միայն լավատեղյակ լինել, թե որ մթերքից վիտամինային ինչ պաշար կստանանք․ «Ընդհանրապես, օրգանիզմի և իմունային համակարգի համար գերկարևոր նշանակություն ունի սնուցումը և այստեղ կարևոր է նշել միկրոնուտրիտների՝ վիտամինների և միներլաների դերի մասին»։

Իսկ այս սեզոնին հատկապես որտեղի՞ց ստանալ անհրաժեշտ վիտամինները․ «Բոլոր միջազգային մարմինները նշում են, որ այս սեզոնին շատ կարևոր է մրգերի և բանջարեղենի սպառումը՝ և թարմ, և՛ ջերմային մշակված, և՛ պահածոյացված ձևով։ Հիմա, հատկապես կարևոր է դրանք բավարար քանակներով օգտագործել, քանի որ ձմռանը դրանց սպառումը ոչ բավարար քանակով է, այսինքն՝ ունենք նորմայից պակաս սպառում։ Այս ամիսներին միրգ-բանջարեղենի օրական սպառման նորման 400 գրամն է ու շատ ցանկալի է հետևել միջազգային այս ցուցանիշներին, ամռան ամիսներին նորման, բնականաբար, ավելի բարձր է։ Գարնան ամիսներին կարևոր է բալանսավորված սննդակարգը, ինչպես արդեն նշեցի սննդակարգում միրգ-բանջարեղենի ավելի մեծ չափաբաժիններով ներառումը, քանի որ ձմռան ամիսներին մեր սննդակարգը հենվում է հիմնականում հատիկային և ալրային հիմքով մթերքների վրա»։

 

Պիպոյանը սակայն նշում է, որ միայն միրգ-բանջարեղեն օգտագործելը բավարար չէ առողջ սննդակարգ կազմելու համար․ «Կարևոր նշանակություն ունի լիարժեք և բալանսավորված սննդակարգը, որովհետև սննդակարգը չպետք է լինի միակողմանի, պետք է պարունակի և՛ ածխաջրեր, և՛ սպիտակուցներ, և՛ ճարպեր, և այդ  բոլոր սննդանյութերի աղբյուրները պետք է լինեն բազմազան։ Մենք օրգանիզմին անհրաժեշտ նյութերը պետք է ստանանք  և՛ հատիկից, և՛ ալրային հենքով մթերքներից, և՛ մրգերից և բանջարեղենից,և՛ ընկուզեղենից, և՛ մսամթերքից․ այստեղ կարևոր է ճիշտ ու գրագետ համադրությունը»,-մասնագետն առաջարկում է գարնան ամիսներին  անտարբեր չանցնել նաև սպիտակ բանջարեղենի՝ սոխի, սխտորի, սնկի կողքով, որոնք հիմա անհրաժեշտ են օրգանիզմին և իրենց առողջարար ներուժով, վիտամինային պաշարով կարող են բարձացնել օրգանիզմի դիմադրողականությունը։

Դավիթ Պիոպյանը խորհուրդ է տալիս վիտամինային պաշարը համալրելու համար ակտիվ օգտագործել այս սեզոնին բնորոշ մրգերը՝ կիվի, ցիտրուսային մրգեր, նաև բանջարեղենից՝ պղպեղը, և սպասել արդեն ամռան միրգ-բանջարեղենային բազմազանությանը։

Սննդաբանի խոսքով, եթե հետևենք այս խորհուրդներին, ապա կօգնենք օրգանիզմին հեշտորեն թոթափել այն սթրեսը, որն ապրել է ձմռան ամիսներին։

 

Մարիամ Մկրտչյան

 

17 Ապրիլ, 2023 16:12
Վեր