Սա Իրանի կողմից փոփոխվող աշխարհակարգում իր դիրքերը պահպանելու հայտ էր. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Իսրայելի դեմ Իրանի կատարած գործողության մասին Zarkerak - Սա Իրանի կողմից փոփոխվող աշխարհակարգում իր դիրքերը պահպանելու հայտ էր. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Իսրայելի դեմ Իրանի կատարած գործողության մասին
Zarkerak Zarkerak - Սա Իրանի կողմից փոփոխվող աշխարհակարգում իր դիրքերը պահպանելու հայտ էր. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Իսրայելի դեմ Իրանի կատարած գործողության մասին
Սա Իրանի կողմից փոփոխվող աշխարհակարգում իր դիրքերը պահպանելու հայտ էր. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Իսրայելի դեմ Իրանի կատարած գործողության մասին

Սա Իրանի կողմից փոփոխվող աշխարհակարգում իր դիրքերը պահպանելու հայտ էր. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Իսրայելի դեմ Իրանի կատարած գործողության մասին

Ապրիլի 13-ի ուշ երեկոյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակեց հարյուրավոր ԱԹՍ-ներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Արձակումներն իրականացվեցին ոչ միայն Իրանի, այլև՝ Իրաքի և Եմենի տարածքներից։

Նշենք, որ Իրանի այս գործողությունն ապրիլի 1-ին Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման պատասխանն էր: Այս գործողության մասին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն օրեր շարունակ հայտարարում էին:

Իրանը հարձակումից ժամեր անց հայտարարեց, որ հաջողությամբ ավարտել է իր գործողությունն Իսրայելի դեմ և մտադիր չէ շարունակել, իսկ եթե Իսրայելը պատասխանի իրենց հարվածներին, ապա ավելի կոշտ պատասխան կստանա։

Իսրայելն էլ իր հերթին հայտարարեց, որ դաշնակիցների հետ համատեղ որսացել են արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը:

«Սա Իրանի կողմից փոփոխվող աշխարհակարգում իր դիրքերը պահպանելու հայտ էր»,- կատարված գործողությունը Zarkerak.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Ղևոնդյանի խոսքով՝ Իրանը ցույց տվեց, որ ատամներով կպաշտպանի իր շահերը և թույլ չի տա որևէ մեկին այդ շահերի հաշվին ինչ-որ բան մտածել և իրականացնել. «Իրանը ցույց տվեց, որ ինքը դեռ ուժեղ է, իր տեղում ու դիրքում է և որևէ մեկը թող չհամարձակվի սպառնալ այդ տեղին: Սա Իսրայելի և նրա դաշնակիցների համար էլ հնարավորություն էր՝ ցույց տալու իրենց պաշտպանունակությունը, ցույց տալու, որ իրենք էլ կարող են նման հարձակումներից պաշտպանվել: Կարելի է ասել՝ սա գործողություն էր հաղթանակ-հաղթանակ տրամաբանության մեջ, երբ բոլորը բավարարված են, կարող եմ ասել, որ սա գործողություն էր առանց պարտվողների»:

Մեր զրուցակիցը նշեց, որ նախքան գործողությունը եղել է չգրված համաձայնություն. «Այս ամենը եղել է համաձայնեցված, որպեսզի մեծ էսկալացիա չլինի և բոլոր կողմերը շահած դուրս գան այս իրավիճակից: Օրինակ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև որոշակի համաձայնություն եղավ, իհարկե, չգրված համաձայնություն, որի դեպքում ԱՄՆ-ն խորհուրդ տվեց Իրանին չհարվածել ամերիկյան թիրախներին, Իրանն ԱՄՆ-ին խորհուրդ տվեց մի կողմ քաշվել և թույլ տալ, որպեսզի գործողությունն իրականացվի, կարելի է ասել՝ երկու կողմն էլ պահեցին իրենց չգրված համաձայնությունը, դրանից հետո մենք տեսանք, որ ԱՄՆ-ն հայտարարեց, թե չի աջակցի Իսրայելին, եթե Իսրայելը նորից պատասխան գործողություն ձեռնարկի, Իսրայելը հրաժարվեց պատասխան գործողություն ձեռնարկելուց, այսինքն՝ սա մի քանի կողմից համաձայնեցված և բոլորին առավելություններ տվող գործողություն էր, ինչը միջազգային քաղաքականությունում ընդունված է:

Միանշանակ է, որ հստակ չգրված պայմանավորվածություն կար Իրանի, ԱՄՆ-ի  և տարածաշրջանային այլ պետությունների մեջ: Մենք տեսանք, որ օրինակ՝ Հորդանանը, որն ավանդաբար Իսրայելի թշնամին էր, այս անգամ հանդես եկավ Իսրայելի կողմից և հնարավորություն տվեց իր տարածքից չեզոքացնել Իրանի արձակած հրթիռները, ԱՄԷ-ն որոշակի դերակատարում ունեցավ, կարելի է ասել՝ սա ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ համաձայնությունների արդյունքում տեղի ունեցած գործողություն էր: Մինչ գործողությունը, բավական մեծ դիվանագիտական աշխատանք էր տարվել տարբեր մակարդակներում, որի մի մասն էլ հանրային էր տեղի ունեցել»:

Իրանն իր տարածքից առաջին անգամ էր հարձակվում Իրայելի վրա, այս փաստը՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյանի, աննախադեպ էր. «Իրավիճակն այնպիսինն էր, որ անհրաժեշտություն էր առաջացել աննախադեպ քայլ կատարելու համար, որովհետև ակնհայտորեն Դամասկոսում Իրանի դեսպանատանը հարվածելու Իսրայելի քայլը ստուգում էր՝ արդյոք Իրանը պատրաստ է իր շահերի համար կտրուկ գործողությունների գնալ, թե՝ ոչ, և Իրանի համար անհրաժեշտ էր իր շահերը պաշտպանելու համատեքստում կատարել աննախադեպ գործողություն և Իրանն այդ գործողությունը փայլուն մշակեց և իրականացրեց»:

Գործողության ընթացքում Իրանը հայտարարեց, որ կպատասխանի այն երկրներին, որոնք կբացեն իրենց տարածքը՝ այդ թվում օդային, Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար: Ղևոնդյանի կարծիքով՝ այդ հայտարարությունն ավելի շատ մարտավարական նշանակություն ուներ և ոչ ռազմավարական. «Այս պայմաններում դա կարող էր թե՛ Ադրբեջանին վերաբերել, թե՛ Հորդանանին, թե՛ ԱՄԷ-ին, թե՛ Սիրիային, որն անմիջականորեն գտնվում է Իսարյելի և Իրանի մեջտեղում: Այսպիսով, կարող ենք ասել, որ այդ դեպքում Իրանի հայտարարությունը հոգեբանական նշանակություն ուներ և ոչ առարկայական»:

Մեր այն հարցին, թե հնարավոր է Իսրայելը պատասխան հարված հասցնի և նոր էսկալացիա լինի՝ քաղաքագետն ասաց. «Իսրայելն արդեն պաշտոնապես հայտարարեց, որ զերծ կմնա պատասխան գործողություններ իրականացնելուց, ընդ որում հայտարարեց Բայդեն-Նեթանյահու զրույցից հետո, հավանաբար՝ խնդիրն այսքանով կհամարվի լուծված և կարծում եմ այն դեպքում, երբ բոլորը շահած են դուրս գալիս, նոր գործողություններ սպասելն այնքան էլ իրատեսական չէ»:

Գործողության ընթացքում Իսրայելը հարվածներ հասցրեց Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, թե ինչու այս պարագայում Իրանը չարձագանքեց՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Իսրայելի հարվածները Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իհարկե որոշակիորեն նշանակություն ունեն Իսրայել-Իրան ընդհանուր հակամարտության մեջ, բայց Իրանի հայտարարության դեպքում խոսքն ուղիղ Իրանի տարածքին հարվածելու պատասխանի մասին էր, ինչից շատ մեծ հավանականությամբ զերծ կմնար Իսրայելը, իսկ այլ ուղղություններով Իրանի կողմից աջակցություն ստացող դերակատարներին հարվածելը կշարունակվի, որովհետև դա եղել է մինչ այդ էլ»:

Ղևոնդյանն ընդգծեց, որ ամեն դեպքում Իրանը չէր գնա պատերազմի. «Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Գազայի հատվածում իրադարձությունները, եթե իր երկրի նկատմամբ ուղիղ սպառնալիք չլինի, ապա ինքը պատերազմի մեջ չի մտնի, այս գործողութունն էլ այդ տրամաբանությունից էր բխում»:

Իսկ, թե արդյոք հակառակորդները կփորձեն Իրանին ներքաշել պատերազմի մեջ՝ մեր զրուցակիցն ասաց. «Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարվածը նման կասկածներ պարունակում էր, գուցե Իսրայելը փորձում էր Իրանին ներքաշել պատերազմի մեջ, բայց առաջին հերթին ԱՄՆ-ի դիրքավորումը, հետո նաև Իսրայելի այլ գործընկերների դիրքավորումը ցույց տվեց, որ նրանց առանձնապես ձեռնտու չէ Իրանի պատերազմի մեջ ներքաշումը և Իսրայելն էլ՝ կարծես թե այս վիճակում, եթե նույնիսկ նման նպատակ ունեցել է, հետ կանգնեց այդ նպատակից, օրինակներից մեկը հենց Բայդենի հետ զրույցից հետո Իրանի նկատմամբ պատասխան գործողության չեղարկումն էր»:

Անդրադառնալով նաև այս գործողության ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա՝ Ղևոնդյանն ասաց. «Իրավիճակը մեր տարածաշրջանի վրա կարող է ազդեցություն ունենալ տարբեր կերպ, նախ հաշվի առնելով, որ Իրանը ցույց տվեց վճռականություն՝ իր շահերը պաշտպանելու հարցում․ մենք գիտենք, որ Սյունիքի հետ կապված Հայաստանն ու Իրանն ունեն ընդհանուր շահեր և այստեղ ՀՀ-ն լավ աշխատանքի դեպքում կարող է ինքն էլ որոշակի օգուտ ստանալ այս ընթացքում: Մյուս կողմից, եթե հանկարծ էսկալացիա լիներ և այլ կերպ ընթանային զարգացումները, իհարկե, տարածաշրջանում պատերազմը մեզ համար շատ լուրջ մարտահրավերներ կառաջացներ»:

 

Աննա Բզնունի

15 Ապրիլ, 2024 14:57
Վեր