Պանամայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները Zarkerak - Պանամայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Zarkerak Zarkerak - Պանամայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Պանամայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Պանամայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Պանամայի բնակիչները կիրակի գնում են ընտրատեղամասեր համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի ընտրեն երկրի հաջորդ նախագահի ութ թեկնածուներից մեկին և քվեարկեն հարյուրավոր տեղական օրենսդիրների և պաշտոնյաների օգտին, հայտնում է Reuters-ը։

Խոսե Ռաուլ Մուլինոն՝ նախկին նախարարը, որը քվեաթերթիկում փոխարինել է նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին այն բանից հետո, երբ նրա մասնակցությունը կասեցվել էր փողերի լվացման մեղադրանքով, առաջատարն է սոցիոլոգիական հարցումներում: Մուլինոն խոստացել է բարեկեցություն և Մարտինելիի համար ազատություն ապահովել։

Երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար Ռոմուլո Ռուն, որը երկրորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնի համար, և նախկին նախագահ Մարտին Տորիյոսը: Նրան անմիջապես հաջորդում են Ռիկարդո Լոմբանան, որը նույնպես առաջադրվել էր վերջին ընտրություններում, և ներկայիս փոխնախագահ Խոսե Գաբրիել Կարիզոն։

Պանամայի ընտրական կանոնները չեն պահանջում ընտրությունների երկրորդ փուլ, ուստի կիրակի օրվա արդյունքը վերջնական կլինի։ Ընտրական թիմերը հայտարարել են, որ կամավորներ կուղարկեն ընտրատեղամասեր՝ քվեարկությանը հետևելու և արդար ընտրություններ ապահովելու համար:

Կանխատեսվում է, որ ոչ մի կուսակցություն չի ստանա 885  տեղ ունեցող օրենսդիր մարմնի վերահսկողությունը:

Պանամայի հաջորդ կառավարությունը ստիպված կլինի պայքարել կենսաթոշակային ֆոնդերի համակարգային խնդրի, պետական ​​պարտքի բարձր մակարդակի և հանքահորի փակումից կորցրած եկամուտների հետ, որը կազմում էր համախառն ներքին արդյունքի մոտ 5%-ը:

Կոռուպցիան դարձել է ընտրողների համար հրատապ խնդիր։ Վերջերս տեղական լրատվամիջոցները հաղորդել էին շահավետ ուսանողական վարկերի և կրթաթոշակների մասին, որոնք տրամադրվել են քաղաքական գործիչների և հարուստ բարձրաստիճան ընտանիքների երեխաներին:

Այն բանից հետո, երբ անցյալ տարի ռեկորդային 520․000 ներգաղթյալներ հատեցին Պանաման և Կոլումբիան միացնող վտանգավոր ջունգլին, որը հայտնի է որպես Դարիենի անցում, միգրացիան նույնպես դարձավ ընտրողների գլխացավանքը: Որոշ թեկնածուներ խոստացել են բացել այդ ճանապարհը, որը կարող է մեծացնել միգրացիոն հոսքերը, իսկ մյուսները ցանկանում են խստացնել վերահսկողությունը՝ այն ամբողջությամբ փակելու համար:

Հաջորդ վարչակազմը կժառանգի նաև Պանամայի ջրանցքի առջև ծառացած խնդիրները, որի եկամուտները կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ հարկ եղավ կրճատել նավագնացությունը երկարատև երաշտի պատճառով:

05 Մայիս, 2024 12:15
Վեր