Եթե մարդու մտքին կա էսկալացիայի դիմել, դրա մասին չի հայտարարի, բայց այդ սցենարը պետք է մտքում ունենանք և պատրաստ լինենք ինքնապաշտպանության. Արեգ Քոչինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին Zarkerak - Եթե մարդու մտքին կա էսկալացիայի դիմել, դրա մասին չի հայտարարի, բայց այդ սցենարը պետք է մտքում ունենանք և պատրաստ լինենք ինքնապաշտպանության. Արեգ Քոչինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Zarkerak Zarkerak - Եթե մարդու մտքին կա էսկալացիայի դիմել, դրա մասին չի հայտարարի, բայց այդ սցենարը պետք է մտքում ունենանք և պատրաստ լինենք ինքնապաշտպանության. Արեգ Քոչինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Եթե մարդու մտքին կա էսկալացիայի դիմել, դրա մասին չի հայտարարի, բայց այդ սցենարը պետք է մտքում ունենանք և պատրաստ լինենք ինքնապաշտպանության. Արեգ Քոչինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Եթե մարդու մտքին կա էսկալացիայի դիմել, դրա մասին չի հայտարարի, բայց այդ սցենարը պետք է մտքում ունենանք և պատրաստ լինենք ինքնապաշտպանության. Արեգ Քոչինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Թրամփի գալստյանը և հույս ունի, որ Թրամփի գալուց հետո Հարավային Կովկասում կստեղծվի բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակ և ԱՄՆ-ն չի ունենա ներկայության այն մակարդակը, որն ունի ներկայումս»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ նշելով, որ այն պետք է բացվի և որ Հայաստանն աշխարհագրական պատնեշ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց. «Իրանը հատկապես Սիրիայում իր կրած ծանր պարտությունից հետո չի ունենա պոտենցիալ դիմադրելու Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի նման զարգացումներին, Ռուսաստանն էլ առանձնապես դեմ չէ այդ ծրագրի իրականացմանը՝ պայմանով, որ այդ դեպքում  կլինի ռուսական ներկայություն: Սա է Ալիևի քաղաքական հաշվարկը, մնացած ամեն ինչը հեքիաթ է, որովհետև ասել, թե Հայաստանը պատնեշ է՝ աբսուրդ է, որովհետև Հայաստանն ինքն է պատրաստ, ինքն է շահագրգիռ այդ ճանապարհը բացելուն և մի անգամ չէ, որ Հայաստանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ճանապարհը բացել կամ գոյություն ունեցող միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան անվտանգությունն ապահովել: Սա այն չէ, ինչ ուզում է Ադրբեջանը, Ադրբեջանն ուզում է հավելյալ էսկալացիա և ենթադրյալ էսկալացիայի արդյունքում Հայաստանի լիակատար վերահսկողությունից դուրս ճանապարհ»:

Մեր այն հարցին, թե արդյոք «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը կարող է խոչընդոտել խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Քոչինյանն ասաց. «Դա կերևա և կախված կլինի խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին Ադրբեջանի պատասխանից, այսինքն՝ հայտարարությունը մի բան է, բայց խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնք ինչպես հայտնի է տեղի են ունենում էլեկտրոնային ճանապարհով՝ բոլորովին այլ բան: Մի անգամ չի, որ մենք տեսել ենք, որ հայտարարություններն ու տեքստում տեղ գտնող հարցերը միմյանցից տարբերվում են: Ես վաղ կհամարեմ նման արձագանքը, որ սա այլևս փաստացի պահանջ է խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:

Իսկ թե արդյոք միջանքը ստանալու համար Ադրբեջանը կարող է դիմել ռազմական էսկալացիայի՝ Արեգ Քոչինյանն ընդգծեց. «Եթե մարդու մտքին կա էսկալացիայի դիմել, դրա մասին հայտարարություններ սովորաբար չի անի: Սակայն սա բացարձակապես չի նշանակում, որ նման բան նրանց մտքին չկա, այդ սցենարը ես երբևիցե չեմ բացառում, այդ սցենարը միշտ պետք է մտքում ունենանք և պատրաստ լինենք ինքնապաշտպանության: Միևնույն ժամանակ, չեմ ուզում պանիկայի ալիքին մասնակցել և ասել, որ այդ հայտարարությունը նշանակում է, թե իրենք պատրաստ են միջանցքն ուժով վերցնել, ոչ այս հայտարարությունը դա չի նշանակում, այս հայտարարությունը նշանակում է, որ իրենք պատրաստ են դիվանագիտական և այլ գործիքակազմերով շարունակել ճնշումը, օրինակ՝ փակ պահելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնի իրենց պատկերացմամբ ճանապարհի բացմանը»:

Ալիևը նաև ՀՀ-ին անվանել է ֆաշիստական պետություն և նշել, որ ֆաշիզմի վտանգը վերացած չէ: Քոչինյանը նշեց, որ ֆաշիստական պետություն ոչ թե ՀՀ-ն է, այլ Ադրբեջանը. «Սա հավելյալ գործիք է, որ իրենք փորձում են օգտագործել, սրա հակազդեցությունը հայտնի է: Ադրբեջանն ինքն է ֆաշիստական պետություն, Ադրբեջանն այնպիսի պետություն է, որտեղ երկրի ղեկավարը հայերին համեմատում է շների հետ, մի պետություն, որտեղ պատերազմից հետո մարկաներ են թողարկում, որտեղ համեմատում են Ղարաբաղում պատերազմը հակաինֆեկցիոն գործողության հետ: Ֆաշիզմը սա է, ֆաշիզմը պոզով պոչով չի լինում: Ես կարծում եմ, որ նման հայտարարություններին մենք պետք է պարտադիր արձագանքենք: Եթե որոշակի փուլում մեր միակ նպատակը խաղաղության պայմանագիր ստորագրելն էր և խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով նման հայտարարություններին մենք չէին արձագանքում, հիմա պարզ է դառնում, որ Ադրբեջանն անգամ եթե պատրաստ լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը, այս հայտարարություններից չի հրաժարվելու»:

Ալիևը նաև պահանջել է, որ  Հայաստանին զենք մատակարարող երկրները չեղարկեն պայմանագրերը: Արեգ Քոչինյանի խոսքով՝ այդ երկրներն Ալիևի հայտարարությանը չեն արձագանքելու. «Ես կարծում եմ, որ տեսականորեն կարող է խնդիր առաջանալ այն պետությունների հետ, որոնք ուզում են սկսել ռազմական համագործակցություն, բայց կարծում եմ՝ դա էլ մեծապես կախված է մեր հայտարարություններից: Հայաստանն ինքը պետք է նման հայտարարություններով հանդես գա, Ադրբեջանը պետություն է, որն ագրեսիայի է դիմել Հայաստանի դեմ, Ադրբեջանը պետություն է, որն օկուպացրել է մոտավորապես  200  քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածք, և մենք ունենք ոչ պակաս առիթներ նմանատիպ հայտարարություններով հանդես գալու և կոչ անելու՝ չզինել Ադրբեջանին ու չսկսել նոր սպառազինությունների մրցավազք Հարավային Կովկասում»:

Ադրբեջանի ղեկավարը նաև խոսել է «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին և նշել, որ ՀՀ վարչապետը պետք է հանդիպի «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին. «Հայաստանի վարչապետը երբևիցե չի կարող հանդիպել որևէ «Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նախ այդ կազմակերպության անունը վիրավորական է Հայաստանի համար և տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Հայաստանը լքած ադրբեջանցիները ստացել են իրենց կոմպենսացիաները և լքել են կամովի, իսկ արցախահայությունը ենթարկվել է բռնի տեղահանման»:

Ալիևը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխության և Մինսկի խմբի լուծարման հարցերին՝ նշելով, որ դրանք շարունակում են անհնար դարձնել պայմանագրի ստորագրումը. «Ոչ առաջինը, ոչ երկրորդը խաղաղության պայմանագրում չկան: Սահմանադրության հարցն անհնար է, որ լուծվի առնվազն միջնաժամկետ կտրվածքում: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, Հայաստանի ղեկավարությունն այդ թեմայով հայտարարություն արել է, իրենք ասել են, որ եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիրը, ապա տրամաբանական է, որ կլուծարվի Մինսկի խումբը, այսինքն՝ այն կետը, որն Ադրբեջանի նախագահը բարձրաձայնում է որպես խնդիր, ըստ էության, լուծված է»:

 

Աննա Բզնունի

08 Հունվար, 2025 12:38
Վեր