Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ ողջունելի է. Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է խնդիրներ կապի հուսալիության հետ կապված, երբ օրինակ Վրաստանում ինչ-որ կապուղի է վնասվել մեզ մոտ էլ խնդիրներ են ի հայտ եկել: Այս առումով սա կարևոր քայլ է երկրի ինտերնետային և ենթակառուցվածքային անկախությունը բարձրացնելու համար»,- անդրադառնալով ՀՀ-ում Starlink արբանյակային ինտերնետ կապի՝ Հայաստանում հասանելիությանն այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը:
«Starlink-ն արդեն Հայաստանում է», – այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իլոն Մասկը: Հայաստանը 130-րդ շուկան է, որտեղ հասանելի են դարձել Starlink արբանյակային կապի համաշխարհային համակարգի ծառայությունները:
Մեր զրուցակցի խոսքով, այս ուղղությամբ բավական երկար բանակցություններին էին ընթանում.«Բայց նաև չափից դուրս մեծ ենթադրություններ էլ պետք չէ անել՝ ուղղակի վստահելի, այլընտրանքային կապ է, բայց և ավելի թանկ է, քան սովորական կաբելային տարբերակները, հայաստանյան գների ֆոնին Սթարլինքը կարող թանկ թվալ, և նաև որակով էլ զիջում է օպտիկային, եթե օպտիկամալուխային կապ կա, բնական է Սթարլինքը պետք չէ» (խնդրեցինք՝ ChatGPT-ին ներկայացել սակագները ՀՀ տարածքում):
«Հատկապես այն դեպքերի ու օրերի համար է, երբ կապի հետ կապված խնդիրներ կան, Սթարլինքը կարող է շատ լավ այլընտրանք լինել, օրինակ բիզնեսների համար, որոնց համար խիստ կրիտիկական է հիմնական կապի բացակայության պայմաններում միշտ կապ ունենալ:Սթարլինքի կապն էլ այնպես չէ, որ միշտ հիասքանչ է՝ եղանակային պայմաններից, տարածքների հետ կապված խոչընդոտներից ելնելով՝ երբեմն վատանում է, առավել նպատակահարմար է դժվարամատչելի տեղանքներում ինտերնետ հասանելիության համար»:
Տեղեկատվության արտահոսք, հաքերային հարձակումների, տվյալների անվտանգություն, Պապյանի խոսքով՝ նմանատիպ խնդիրները ցանկացած կապի դեպքում կան, Սթարլինքը ևս բացառություն չէ.«Քանի որ Սթարլինքի ղեկավարն Իլոն Մասկն է, սա արդեն ինչ-որ դեր խաղում է: Օրինակ, երբ Ուկրաինայում Սթարլինքն օգտագործում էին ռազմի դաշտում և ինչ-որ պահի դա Մասկին դուր չէր եկել, հրամայել էր Ղրիմի դեմ հարձակման նախապատրաստության փուլերում կապը որոշ հատվածներում արգելափակել»:
«Որոշակի լուրջ ռիսկեր կան Սթարլինքի հետ կապված հենց միայն այն մասով, որ իր սեփականատերը խառնվում է ու դա կարքղ է քաղաքականացված միտումներ ունենալ: Չեմ կարծում ու խորհուրդ էլ չեմ տա, որ դա լինի ձեր հիմնական կապը, նաև չեմ համարում, որ արժի բիզնեսը, պետական հատվածը ամբողջությամբ հույսը դնեն սրա վրա, հենց նկատի ունենալով ռիսկերը, քաղաքականացված լինելը: Այս կապը կարող է օգտակար լինել բացառիկ դեպքերի համար»,- ընդգծեց նա:
Պապյանը նաև բացատրեց, որ անկախ հանգամանքից, թե ինչ կապ է օգտագործվում, սոցիալական հարթակներում առկա սահմանափակումները շարունակվում են պահպանվել՝ բռնության տեսարաններ, սպանություններ, 18+ տեսարաններ և այլն.«Պետք չէ շփոթել կապուղին և բովանդակությունը: Սթարլինքն ընդամենը խողովակն է, իսկ իր միջով անցնող ջրի «որակն» այլ թեմա է՝ կոնկրետ հարթակներ ունեն իրենց օրենքները և կապի օպերատորը այդ հարցում որոշիչ չէ»:
«Հիմա Հայաստանը օրակարգում ունի օնլայն խաղատների հետ կապված սահմանափակումներ մտցնել, դրա հետ կապված դեռ հասկանալի չէ՝ արդյոք Սթարլինքը, որպես օպերատոր, համաձայնվել է իշխանությունների պահանջները կատարել և սահմանափակումների գնալ»:
Նաև ընդգծեց, որ առանց պետության հետ որոշակի համագործակցության հաստատման Սթարլինքը չէր կարող հասանելիություն ունենալ հայաստանյան շուկային.«Սթարլինքը ՀՀ-ում լիցենզավորվել է: Ինչպես մյուս բոլոր օպերատորների հետ, կնքվել է պայմանագիր, որով պարտավորվում են որոշ չափով համագործակցել իշխանությունների, անվտանգության ծառայությունների հետ: Դա բնական է. ինտերնետ կապուղուց օգտվողը և՛ սովորական քաղաքացիներն են, և՛ նարկոթրաֆիքինգով զբաղվողներն ու հանցագործները»,- նշեց Արթուր Պապյանը:




